Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:06 07-03-2024

Վարչապետը Պետական պահպանության ծառայության ծառայողներին է ներկայացրել նորանշանակ պետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայության ծառայողներին է ներկայացրել ՊՊԾ նորանշանակ պետ Արթուր Գասպարյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Սարգիս Հովհաննիսյանին Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում կատարած և ընդհանրապես ծառայությունում երկարամյա աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանն Արթուր Գասպարյանին մաղթել է հաջողություններ՝ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում:

«Կարծում եմ՝ նախորդ տարին ծառայության համար շրջադարձային էր այն առումով, որ ծառայությունն իր զարգացման նոր փուլ է մտել՝ Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնից ստանալով Վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ: Սա, ըստ էության, ընդհանուր պրոցեսից դուրս գտնվող մի քայլ չէ, այլ առաջին օրից, քայլ-քայլ տարբեր կարգավիճակների ձեռքբերումով Պետական պահպանության ծառայությունը զարգացել է այս ուղղությամբ: Բայց դա առաջին քայլն է կամ ավելի ճիշտ՝ երկար ճանապարհի սկիզբն է, որովհետև հույս ունենք, որ Պետական պահպանության ծառայությունը կկարողանա զարգանալ և դառնալ պետական անվտանգություն ապահովող գործունակ հատուկ ծառայություն:

Բայց ակնհայտ է նաև, որ դա մի օրում անել հնարավոր չէ, ոչ էլ երկու օրում, և մեզ պետք է ունենալ հստակ պատկերացում, հստակ պլան, թե ինչպես ենք դա իրականացնելու: Ըստ էության, այդ ծրագիրն առնվազն ձևավորման փուլում է, և պատկերացումները հիմնականում ձևավորված են: Ահա, եկել է դա իրագործելու ժամանակը: Նաև հընթացս պետք է ճշգրտումներ անել՝ հասկանալով, թե ինչն է պատեհ տվյալ իրավիճակի համար, ինչը՝ անպատեհ: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ շատ կարևոր որոշում է կայացվել, և համոզված եմ այդ որոշման ճիշտ լինելու մեջ: Չնայած գործնական իրագործման ընթացքում կտեսնենք, որ ինչ-որ մոտեցումներ պետք է շտկել, ճշգրտել, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է:

Պարոն Հովհաննիսյան, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ երկարամյա ծառայության համար, ընդհանրապես Պետական պահպանության ծառայությունում, և մասնավորապես, Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում աշխատելու համար: Դուք հասցրել եք և՛ հին, և՛ նոր կարգավիճակում աշխատել և դա արժանի է գնահատանքի»:

Սարգիս Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և շնորհավորել Արթուր Գասպարյանին Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Սարգիս Հովհաննիսյանը ՊՊԾ ծառայողներին մաղթել է խաղաղ ծառայություն:

Իր հերթին Արթուր Գասպարյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար.
«Ինձ համար մեծ պատիվ է գլխավորելու Պետական պահպանության ծառայությունը: Վստահեցնում եմ Ձեզ, որ ծառայությունը մեծ պատվով կատարելու է իր առջև դրված բոլոր խնդիրները»:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում