1927 թվականի այս օրն է ծնվել Գաբրիել Գարսիա Մարկեսը, ում ստեղծագործությունն անքակտելիորեն կապված է մոգական ռեալիզմի հետ։ «Հարյուր տարվա մենություն», «Նահապետի աշունը», «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Սերը ժանտախտի օրերին» վեպերը տվել են մարկեսյան ոճի հմայքն ու կյանքի գույների խռովությունը վայելելու հնարավորություն:
1967 թվականին Գաբրիել Գարսիա Մարկեսը հրատարակեց իր գլուխգործոցը՝ «Հարյուր տարվա մենություն» վեպը։ Ֆիդել Կաստրոն, որ շատ էր գնահատում գրականությունը և օգնում էր շատ գրողների, հիացած էր գրքով։ Նա Մարկեսին հրավիրեց Կուբա։ Հենց այս գրքով սկսվեց նրանց ամուր բարեկամությունը:

Ֆիդելը սիրում ու գնահատում էր գրականությունը, մորուքն ու բռնապետությունը նրան չէին խանգարում լավ հրապարակախոս լինելուն։ Մարկեսը գնահատում էր Ֆիդելի անմիջականությունը, նրա համարձակությունը, մինչև վերջ գնալու կամքը։
Նրանց ընկերության հիմքը երկար ինտելեկտուալ զրույցներն էին։
Մարկեսը սիրահարվել է իր ապագա կնոջը, երբ նա դեռևս երեխա էր։ Հենց առաջին հանդիպման ժամանակ նա հասկացավ, որ ամուսնանալու է նրա հետ։ Մարկեսն ու Բարչան միասին ապրել են ավելի քան 55 տարի։
«Հենց հիմա հասկացա, որ իմ բոլոր գործերը քեզ են նվիրված։ Եղիր իմ կինը»- ասել է երիտասարդ Գաբրիել Գարսիա Մարկեսը պարահրապարակում հանդիպած աղջկան՝ Մերսեդես Բարչա Պարդոյին:

«Համաձայն եմ։ Միայն թե, եթե թույլ տաք՝ նախ դպրոցն ավարտեմ»,- ամենայն լրջությամբ պատասխանեց աղջիկը։
Ամուսնությանը նրանք ստիպված էին սպասել տասներեք տարի։ Այդ ժամանակ Մարկեսը երեսունմեկ տարեկան էր։ Գաբրիելն ու Մերսեդեսն ամուսնացել են 1958 թվականի մարտին։

«Ընտանեկան կյանքի տարիների ընթացքում ոչ մի լուրջ տարաձայնություն չենք ունեցել։ Հավանաբար այն պատճառով, որ մենք իրերին նայում ենք այնպես, ինչպես մինչ ամուսնությունը: Ընտանեկան կյանքը սատանայական դժվար գործ է, որն ամեն օր սկսում ես նորից: Եվ այսպես, իմ ամբողջ կյանքը: Դուք ապրում եք մշտական լարվածության մեջ, և երբեմն դա այնքան հոգնեցուցիչ է... բայց, այնուամենայնիվ, արժե այն»,- մի քանի տասնամյակ անց խոստովանել է Մարկեսը։