Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան։ 2019 թվականից ի վեր, երբ Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը, սա կլինի նրա առաջին տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս։
Զելենսկու այցը անակնկալի է բերել անգամ ներիշխանական շրջանակներին, որոնցից շատերն այցի նախապատրաստման մասին իմացել են մամուլից։ Նրանցից շատերի պնդմամբ՝ Զելենսկու այցը Հայաստան սխալ ու հերթական հակառուսական որոշումն է, քանի որ դա կրկին առաջացնելու է ռուսական կողմի զայրույթն ու հակազդեցությունը։
Իրականում, մեր տեղեկություններով, Զելենսկու այցը բոլորովին այլ նպատակ է հետապնդում․
Ուկրաինայի նախագահը բավականին ջերմ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տարբեր հարցերում աջակցում է վերջինիս, ինչպես նաև հենց Զելենսկու շնորհիվ է Ալիևին հաջողվում իր դեմքը փրկել՝ Ադրբեջանում տեղի ունեցող բռնաճնշումների, կոռուցիոն սկանդալների և բազմաթիվ այլ ապօրինությունների համատեքստում։ Ավելին՝ արևմուտքի հետ փոխհարաբերություններում Զելենսկին Ալիևին ավելի մեծ աջակցություն է ցուցաբերում, քան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի որ նրա ու արևմուտքի հարաբերությունները վերջին տարիներին բավականին լարված են։
Ըստ երևույթին՝ Զելենսկին տարածաշրջան է ժամանելու արևմտյան հիմնական խաղացողների պահանջով՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու նպատակով։ Վերջինս Բաքվում Ալիևին պետք է փոխանցի արևմուտքի ուղերձն առ այն, որ Հայաստանի նկատմամբ հերթական ագրեսիան անթույլատրելի է, իսկ եթե վերջինս արկածախնդրության գնա, ապա ինքը` Զելենսկին, այլևս չի կարողանա իրեն աջակցել։