Ուղիղ եթեր
Ինչպե՞ս կործանել բուհը․ ձեռնարկ՝ Ֆիզկուլտինստիտուտից
copy image url

Ինչպե՞ս կործանել բուհը․ ձեռնարկ՝ Ֆիզկուլտինստիտուտից

Ներքին 1 տարի առաջ - 14:00 19-02-2024
Oragir.News-ը 2 շաբաթ առաջ նյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով այն մասին, որ հայաստանյան բուհական համակարգում տիրող խառնաշփոթին զուգահեռ կատարյալ քաոս է տիրում նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Մեր նյութն ընթերցելուց հետո Ֆիզկուլտինստիտուտի դասախոսներից մեկը հոդված է գրել, որը ներկայացնում ենք ստորև։ Նշենք, որ դասախոսի խնդրանքով հոդվածը հրապարակում ենք անանուն, քանի որ վերջինս մտավախություն ունի, որ կարող են ազատել աշխատանքից։

«Ինչպե՞ս կործանել բուհը․ ձեռնարկ՝ Ֆիզկուլտինստիտուտից

Մեր օրերում, երբ Հայաստանի Հանրապետությունն ամեն օր ինչ-որ բան է կորցնում՝ երբեմն տարածքներ, երբեմն կյանքեր, երբեմն էլ խիղճ, թվում է ավելի վատ լինել չի կարող։ Սակայն մեզ միայն թվում է։ Անվտանգային լուրջ խնդիրներ ունեցող երկրում, որն իրավունք չունի աչք փակել երկրի զարգացման ու առաջին հերթին կրթության վրա, քանդվում են կրթական հաստատությունները։

Իսկ ինչպե՞ս քանդել կրթական հաստատությունը, որպեսզի դա մնա անհետևանք։ Սրա համար Հայաստանում կարծես թե հայտնվել է մի ձեռնարկ, որով էլ այս անգամ շարժվում է Ֆիզկուլտինստիտուտը։ Այսպիսով, ներկայացնում ենք բուհ քանդելու քայլեր հերթականությունը․

Քայլ առաջին․ ասպարեզից հեռացնել մարդկանց, որոնք դեմ են անօրինություններին։ Այսինքն, բոլոր նրանք, ովքեր ուզում են բուհը ոտքի կանգնեցնել, փոխել կարծրատիպերը, պիտի հեռացվեն բուհից։ Ֆիզկուլտինստիտուտում այս կարևորագույն քայլի առաջին «զոհը» դարձավ նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը։

Քայլ երկրորդ․ կառավարման օղակները դարձնել միատար։ Առանց որևէ հիմքի ցրելով Գիտխորհուրդը՝ պետք է այն համալրել մարդկանցով, որոնք առանց տարակարծությունների կողմ կքվեարկեն բոլոր «ուսանողակենտրոն» որոշումներին՝ օրինակ քննությունները դարձնել բանավոր, որպեսզի ուսանողները նույնիսկ առանց գալու, ասենք՝ զանգի միջոցով ստանան դրանք։

Քայլ երրորդ․ ստեղծել բարենպաստ պայմաններ ուսանողներից կողմնակի ակնկալիքներ ունենալու համար վերջիններիս կրթությունը հեշտացնելու խոստումով։ Թեևս բուհը քանդելու լավագույն տարբերակը այնտեղ սովորողներին խոստանալն է, որ կրթությամբ, առաջադրանքներով, դասի գալու պարտադրանքով ու նման «մանր–մունր» բաներով վերջիններիս այլևս ոչ-ոք չի ծանրաբեռնի։

Քայլ չորրորդ․ ամեն հնարավոր տեղ՝ գրագրությունից սկսած մինչև կանոնադրություն, խախտել ամեն ինչ՝ իհարկե վստահ լինելով բարձր հովանու վրա։ Թերևս սա կրթական հաստատությունը միավորման կամ լուծարման շեմին հասցնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Ինչո՞ւ ունենալ բուհ, որտեղ ոչ-ոք իր տեղում չէ։

Քայլ հինգերորդ․ սպառնալ։ Խառնելով ներկա ու նախկին պետք է ենթատեքստերով, բաց տեքստերով կամ անգամ վերաբերմունքով մարդկանց «համոզել» թողնել աշխատանքն ու հեռանալ։

Քայլ վեցերորդ․ լավ սերտած ավանդությունը, որ ձուկը գլխից է փտած լինում, ղեկավարություն նշանակել փտախտի գործընթացն արագացնողների։ Իսկ ինչպե՞ս գտնել նրանց․ շատ հեշտ՝ հարցուփորձ անելով նախկին ուսանողներին․ չէ՞ որ հենց նրանք գիտեն, թե ինչ միջոցներով են ընդունվել ու ինչ հնարներով «սովորել»։

Թերևս սրանք ձեռնարկի կարևորագույն քայլերն էին, որոնք կիրառվել են ոչ միայն Ֆիզկուլտինստիտուտում, այլ Հայաստանի մյուս բուհերում ևս։ Տեսնես ո՞վ է քանդման ձեռնարկի հեղինակը»։

Ձեզ գուցե հետաքրքրի