copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 12:25 31-01-2024

Ֆիզկուլտինստիտուտն ուղարկում են ֆիզարձակուրդի․ ԿԳՄՍ փոխնախարարը քաոս է «ծնել»

Ինչպես հայտնի է, Հայաստանի բուհական համակարգում իսկական քաոս է, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը շարունակում է ապօրինի պաշտոնավարել, առաջիկայում՝ գուցե հենց փետրվարին, Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին, Գյուղակադեմիան ղեկավարում է ժ․պ․-ն։

Oragir.News-ին հասած լուրերի համաձայն՝ այս օրերին կատարյալ քաոս է տիրում նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում:

Oragir.News-ը զրուցել է բուհի նախկին շրջանավարտներից մեկի հետ, որի խոսքով՝ տիրող իրավիճակի համար երկու վարկած կա՝ պաշտոնական և այն, ինչ իրականում է կատարվում:

«Համաձայն պաշտոնականի՝ բոլորն էլ հասկանում են, որ վերջնական միավորվում է Բրյուսովի անվան համալսարանին: Եվ այդ գործընթացն արվում է մի շարք խելոք որոշումներով: Օրինակ՝ կան ծրագրեր, որոնցով ուսանողները կրթություն են ստանում, իրենք էլ այդ ծրագրերը փորձում են այնպես փոփոխել, որ այլ բուհի միանալու դեպքում ուսանողը շարունակի իր կրթությունը՝ հեշտացնելով միավորման գործընթացը:

Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական վարկածին, այն, ինչ կատարվում է ներսում, մի քիչ ավելի խայտառակ է»:

Շրջանավարտի խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակված ռեկտորին, որ դեմ էր արտահայտվել միավորման գործընթացին, հոգաբարձուների խորհուրդը անվստահություն է հայտնել:

«Արդեն նախկին ռեկտորը, որ նշանակվել էր հեղափոխությունից հետո, որ շատ մեծ դրական փոփոխություններ է արել բուհի համար, երբ սկսեց խոսել միավորման գործընթացին դեմ, իր հանդեպ, կարելի է ասել, հետապնդում սկսվեց: Դրա շրջանակում իրեն մի գործի մեջ մեղադրեցին ու ռեկտորի լիազորությունները կասեցրին: Ինքն էլ այդ որոշումը վիճարկեց դատարանում, որն էլ իրեն անմեղ ճանաչեց ու վերականգնեց լիազորությունները: Պարզ է՝ փուչ գործ էր»:

Մինչ նախկին ռեկտորի լիազորությունները կասեցված էին, ռեկտորի պարտականությունները կատարում էր պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը: Շրջանավարտի գնահատմամբ՝ պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի կես տարվա պաշտոնավարման ընթացքում բարելավման ոչ մի ծրագիր չիրագործվեց:

«Նախկին գծած ծրագիրը այդպես էլ չստացվեց: Շատերն են վստահ, որ այդ կինը, որ այսպես ասած, «փորել էր ռեկտորի տակ» և սարքել ամբողջը, այդ ամենն անում էր քաղաքական բարձր հովանու ներքո»:

Շարունակելով բուհում տիրող իրավիճակի մասին խոսել՝ Oragir.News-ի զրուցակիցն ասաց.

«Նախկին ռեկտորի վերականգնվելուց հետո բուհը ղեկավարող ամենաբարձր օղակը՝ բուհի հոգաբարձուների խորհուրդը, դեկտեմբերի վերջին Կարեն Գիլոյանի ղեկավարությամբ նիստ հրավիրեց և դատարանով վերականգնված ռեկտորին անվստահություն հայտնեց՝ չլսելով անգամ իր հաշվետվությունը, բյուջեի կատարողականը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ ուսանողներն էլ լուռ են, որովհետև նրանց խոստացել են շատ հեշտ քննություններ, ինչպես նաև ասել են, որ ուսանողները կարող են դասի չգալ, որովհետև քննությունները բոլորը ստանալու են:

«Խոստացել են՝ ամեն ինչ բանավոր է լինելու, գրավոր չի լինելու, դրա համար էլ ծափերով դուրս հրավիրեցին ռեկտորին:

Այս պահին բուհի ռեկտոր է նշանակվել մեկը, որ եղել է դեկան ու չի կարողացել իր պարտականությունները կատարել, նկատողություններ է ստացել ու դեկանի պաշտոնից հեռացվել է»:

Oragir.News-ը փորձեց պարզել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանի՝ ինչպիսի ռեկտոր լինելը:

«Ռեկտորի ժ․պ․-ն անգամ տարրական գրագիտություն չունի: Իր դեկան լինելու մասին էլ, ասում են, որ նախկին ռեկտորը՝ Խիթարյանն է բերել՝ որպես ընկերոջ, և բոլոր աշխատակիցներին խնդրել է, որ իրեն աջակցեն, որ լավ դեկան դառնա: Իր տեքստերն էլ, ասում են, աշխատակիցներն են գրում. նա ո՛չ պատկերացում ունի կրթական չափորոշիչների մասին, ո՛չ կարողանում է հասկանալ, թե այդ չափորոշիչները ինչի մասին են, բուհի ներքին կանոնակարգերից բացարձակապես չի հասկանում: Նրան դեկանությունից զրկել են իրական խնդրի վրա, երբ ստել է:

Կարճ ասած՝ դեկանի պաշտոնից հանվել է անգրագիտության պատճառով ու ճակատագրի հեգնանքով նշանակվել ավելի բարձր՝ ռեկտորի պաշտոնում»:

Զրուցակցի գնահատմամբ՝ Սիմոնյանը, բազմաթիվ խախտումներ անելով, «հովանավորվում» է հոգաբարձուների խորհրդից:

«Խախտված է նաև գիտխորհրդի աշխատակարգը․ առանց հրամանի լուծարել են այն: Հիմա ռեկտորի ժ․պ․-ն հավաքել է միատարր գիտխորհուրդ, որը միաձայն որոշումներ է ընդունում, անում է հնարավոր ամեն ինչ, որ հին բարքերը վերադառնան: Մինչև Խիթարյանը ավարտած ուսանողները լավ էլ գիտեն, թե ինչքան գումար են տվել ավարտելու համար»:

Ըստ շրջանավարտի՝ ուսանողներին խոստացել են նաև փոխել քննական համակարգը.

«Բուհում քննական համակարգը հիմա գրավոր է, բայց ուսանողներին խոստացվել է, որ այդ գրավորն այս կիսամյակում չի լինելու, բանավոր է լինելու: Դաս էլ չի լինում ինստիտուտում, որովհետև շատ քիչ ուսանողներ են դասի գալիս: Դասախոսները, կոպիտ ասած, թոշակ են ստանում՝ ըստ հայտնի կատակի:

Շրջանավարտները շատ լավ գիտեն՝ «հին ու բարի» ժամանակներում ինչպես են գնահատվել. եղել են մարդիկ, որ երկու խաչապուրիով կամ մեկ սիգարետով են ստացել, կամ որ խմբով սպասել են ընդունելությանը, մեկն էլ դուրս է եկել, ասել՝ կապիկություն է, փողը տվել է, վերջին տեղը զբաղեցրել»:

Ամենից շատ դիտված