Արդեն մի քանի օր է
Oragir.News-ին դիմում են արտագնա աշխատանքի մեկնողներ, որոնք ՊԵԿ-ից նամակ են ստացել, որ հարկային պարտավորություններ ունեն կատարելու։ Բանն այն է, որ Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները հայրենիք վերադառնալուց հետո ծանուցումներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Չվճարելու դեպքում պարտավորություններին գումարվում են նաև տույժ-տուգանքները։
Չնայած, որ արտագնա աշխատանքի մեկնածները նաև տվյալ երկրում են հարկեր վճարում, իրենց եկամտի մոտ 10%-ը պետք է նաև Հայաստանում վճարեն։
«Ժողովրդի ջեբը մտնելու ձևը գտել են, միադմ ընդեղ տուր հարկ, միադմ ըստեղ։ Ես 58 տարեկան մարդ եմ, լավ օրից չեմ էրթա խոպան։ Իմ քյարս որն է, էլ ընչի կերթամ։ Դուք ընձի գործով չեք ապահովել, ուրիշ տեղ եմ գտել աշխատելու։Ես չիդեմ էլ էդ թիվը ինչղ են գումարել-հանել, ինչղ են հաշվել։ Մարդը էս երկրում տուգանքի մատերիալ է, հա՛, հենց ըդպես»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ալբերտ Գասպարյանը, ով արդեն 20 տարի է ՌԴ-ում է աշխատում։
Ալբերտ Գասպարյանն ասում է, որ երբեք նման խնդրի չի բախվել, երբեք չի եղել նման բան, որ պետությունը մտնի քաղաքացու գրպանը։
«Ոտքի վրա օրենքները կգրեն, իրանցից բաներ կհնարեն...մենակ թե ժողովրդի համար լավ չեղնի, մենակ թե ժողովրդին ճզմած պահեն»,-շարունակում է գյումրեցի տղամարդը։
Մեկ այլ արտագնա աշխատանքի մեկնող Ռաֆիկ Գևորգյանն էլ ասում է` էսպես որ գնաց, իմաստ չկա արտագնա աշխատանքի գնալու, որովհետև ռուբլու կուրսը ցածր է, հիմա էլ հարկային դաշտ են մտնում։
«Տուն պահենք, թե հարկ տանք...ես չեմ ու դուք եք, իրանք իրանց օրենքների ձեռքը կրակն են ընկել։ Ես փաստաբանի եմ դիմել, որ տեսնինք էս հարցը ինչղ պտի փակվի։ Աշխատանք որ ըստեղ էղներ, ընչի խոպան կերթայինք։ Հեչ մարդու համար էլ հաճելի չէ 6-7 ամիս ընտանիքից հեռու ապրելը, ռուսի ձեռքի տակ աշխատելը։ Ինչ էնենք, ստիպված ենք, բայց էդ մե կդորըմ հացն էլ կխլեն մարդկանց կոկորդից»,-ասում է Ռաֆիկ Գևորգյանը։
Արտագնա աշխատանքի մեկնողներին հուզող հարցերից մեկն էլ այն է, թե ինչ կլինի, եթե պարտավորությունները չկատարեն։ Նրանցից շատերը չվճարելու պատրաստակամություն են հայտնել, որովհետև այս նոր փոփոխության մասին պատշաճ չեն ծանուցվել, անգամ տարրական ինֆորմացիա չունեն, թե ինչի մասին է խոսքը, փոխարենը ՊԵԿ-ից ստացված գրության մեջ ընդամենը հղումներ են տրված, որոնք հարկային օրենսգրքին են վերաբերվում։