Արդարության մասին ժողովրդի և ոչ լեգիտիմի պատկերացումները չեն համընկնում
copy image url

Արդարության մասին ժողովրդի և ոչ լեգիտիմի պատկերացումները չեն համընկնում

Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:00 10-02-2024
Երկար դարեր Հայաստանում դատական իշխանությունն իրականացնում էր եկեղեցին։ Արդարությունը հանրային արժեք էր, որի վրա էր խարսխված ներքին խաղաղությունը։ Քահանան ոչ միայն կնունք, հարսանիք ու թաղում էր անցկացնում, այլև դատավարություն։ Երբ մարդիկ վիճում էին իրավունքի, պարտականության, ազատության և այլ հարցերի շուրջ, ապա դիմում էին եկեղեցուն։ Քահանան լսում էր կողմերին, վճիռ արձակում, սահմանում պատիժ, տուգանք, իրավունքի վերականգնում և այլն։

Արդարությունը հիմնարար արժեք է։ Մեր օրերում դրա պաշտպանությունը դատական իշխանության առաքելությունն է։ ՔՊ-ական իշխանության առաջնորդը, սակայն, շեշտը դնում է ոչ թե արժեքի պաշտպանության, այլ զգացում սերմանելու վրա։ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 9-ին, ելույթ ունենալով Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառման բացմանը, նշել է, որ արդարության մասին արդարադատության ինստիտուտների և հանրության պատկերացումները չեն համընկնում։

ՔՊ-ական առաջնորդի առաջադրած լուրջ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ նախ ՔՊ-ական մեծ ու փոքր պաշտոնյաները օրենքը համարեն ամեն ինչից վեր, քանի որ արդարությունը խարսխված է օրենքի նկատմամբ ընդհանուր հարգանքի վրա։ Օրինակ՝ խուլիգանը թքած ունի օրենքի վրա, արդարության վրա որպես արժեքի։ ՔՊ-ում կան բարձրաստիճան անդամներ, որոնք խուլիգանի նման արհամարհում են օրենքը, անհարգալից արտահայտվում դատարանի որոշման վերաբերյալ։ Հանրության մի մասն ընդօրինակում է խուլիգաններին և ներկայացնում արդարության մասին ուրույն պատկերացումներ։

ՔՊ-ի ու ժողովրդի արդարության մասին տարբեր պատկերացումները կարող են համընկնել, եթե քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, համաներում կիրառվի։ Արդարության զգացում սերմանելու համար հարկ կլինի արմատավորել նաև հավասարությունը որպես արժեք։ Մարդկանց նախկինի ու ներկայի, հեղափոխականի ու ժեխի, նիկոլականի և ընդդիմադիրի, նեոկաստայական տեսակների բաժանելով, կարծես՝ ամեն ինչ արվում է հավասարության դեմ։ Հավասարության դեմ ՔՊ-ի սանձազերծած գրոհները ևս նպաստել են, որ արդարության մասին պատկերացումներն աղավաղվեն։ Կոռուպցիոն վերջին սկանդալն ու ՔՊ-ականների արձագանքը ևս հիմք է տալիս կասկածելու, որ ՔՊ-ական պաշտոնյաներն արդարության վերաբերյալ աղավաղված պատկերացումներ ունեն։

Հին լեգենդը պատմում է, որ աշխարհում ապրում են 36 արդարներ։ Նրանք առաքինի կյանք են վարում և արդարացնում երկիրն Աստծո աչքում։ Այս լեգենդը ևս կարող է նպաստել, որպեսզի ՔՊ-ական ղեկավարները հասկանան, թե ինչ է արդարությունը և ինչ մեծ նշանակություն ունի։ Արդարության մասին ընդհանրական պատկերացումներ արմատավորելու համար անելիք ունի նաև եկեղեցին։ Դարեր շարունակ արդարադատություն իրականացնելու ավանդույթները, քրիստոնեական առակները, ինչպես նաև երկրային և երկնային արդարությունների ցանկալի ներդաշնակության մղումը կարող են պարզեցնել և ընդհանուր հայտարարի բերել քաղաքացիների և իշխանության պատկերացումներն արդարության վերաբերյալ։

Եվ ամենակարևորը։ Բոլորը գիտեն, որ քաղաքացիների և իշխանության պատկերացումներն արդարության մասին չեն համընկնում այն ժամանակ, երբ իշխանությունը լեգիտիմ չէ։ Օրինակ՝ 2018-2020-ին ժողովրդի մեծ մասի և իշխանության պատկերացումները շատ հարցերում համընկնում էին։ Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ ուզում է արդարության մասին ընդհանրական պատկերացումների միջոցով լեգիտիմություն ձեռք բերել։ Հոռետեսները ենթադրում են, որ այն պետք կլինի ռուս-թուրք-ադրբեջանական եղբայրության նոր պահանջները կատարելու համար։ Իսկ լավատեսները կարծում են, որ լեգիտիմությամբ օժտվելուց հետո կարող է խիզախ քայլեր անել, օրինակ՝ ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված