Խաղամոլության մասին պաշտոնական վիճակագրություն Հայաստանը չունի։ ՀՀ վիճակագրական կոմիտեն նման տվյալների հավաքագրում չի վարում և չունի տվյալներ այն մասին, թե երկրում խաղացողների քանի տոկոսն է համարվում կախվածություն ունեցող, որքան քաղաքացի է կատարում խաղադրույքներ։
Դրա համար անհրաժեշտ է առանձին հետազոտություն, որն առայժմ Հայաստանում չի իրականացվում։
Սա շատերի համար կարող է տարօրինակ թվալ, քանի որ վերջին տարիներին խաղամոլության «աճի» մասին շատ է խոսվում, և համապատասխան տվյալների հավաքագրումը և վերլուծությունը կարող էին համատարած այս չարիքը եթե ոչ արմատախիլ անել, ապա էապես կրճատել։
Մինչ այժմ որպես խաղամոլության վիճակագրության հիմք մեջբերվել են զուտ ոլորտում շրջանառվող թվերը, մինչդեռ մասնագետները փաստում են՝ այդ թվերը չեն կարող հիմք հանդիսանալ կախվածության մասին ցուցանիշների համար, քանի որ սա համարվում է ժամանցային բնագավառ։ Փաստացի իրավիճակն ուսումնասիրելու, ընդհանուր պատկեր ունենալու, տարիների ընթացքում թվային դինամիկան հասկանալու համար չկան համապատասխան տվյալներ։
Այս ուղղությամբ վերջին տարիների բացասական միտումներից է նաև համացանցի տեսահոսթինգների միջոցով ազարտային խաղերի հեռարձակումը։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ խաղացողները եթերում պարբերաբար հայտարարում են, որ ցուցադրումը միայն զվարճանքի նպատակ ունի, և հետևորդներին հորդորում են չխաղալ, սակայն փաստն ինքը, երբ իրականացվում են տասնյակ հազար դրամ կազմող խաղադրույքներ, որոնց շահումը հաճախ կազմում է մի քանի միլիոն դրամ, դիտողների մոտ առաջացնում է ազարտի անհաղթահարելի զգացողություն՝ փոքր դրույքով տանելու մեծ գումարներ։
Այլ բան է, որ դրված գումարները շատ քիչ դեպքերում են շահումի վերածվում։
Ազարտային խաղերով զբաղվող շատերի տխուր վախճանը հայտնի է․ խաղամոլության հետևանքով կուտակած պարտքերը վճարելու համար կատարվում են գողություններ, գրավադրում են բնակարաններ կամ թանկարժեք այլ գույք, արդյունքում զրկվում են դրանից։
Եղել են նաև ինքնասպանության դեպքեր․․․
ՀՀ օրենսդրական բազայում կա 2003 թվականից գործող «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքը, որով, մասնավորապես, սահմանվում է շահումով խաղերի, խաղատների գործունեությունը։ Ըստ այդմ՝ Հայաստանում նման գործունեություն իրականացնում են առևտրային կազմակերպությունները։ Նրանք, օրինակ, շահագործում են խաղային ավտոմատ, որի հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը, համաձայն վերը նշված օրենքի, պետք է կազմի 86 տոկոս:
Տվյալ օրենքը կրել է մի քանի տասնյակ փոփոխություններ․ վերջինն առաջարկվել է անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին՝ իշխող «ՔՊ» խմբակցության անդամներ Գևորգ Պապոյանի և Հասմիկ Հակոբյանի կողմից։
Ի դեպ, իշխանության ղեկին գտնվելու ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը յուրաքանչյուր տարի մի քանի անգամ փոփոխել է առկա օրենսդրությունը, սակայն խաղամոլության թիվը ոչ թե կրճատվել է, այլ առնվազն
41 անգամ ավելացել։
Սակայն վերադառնանք վերջին փոփոխությանը․ տվյալ պահին գործող կարգավորումներով օրենքը հնարավորություն էր տալիս խաղացողներին իրենց խաղային հաշվին կցել այլ բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվ և դրա միջոցով օգտագործել, խաղադրույքներ կատարել ոչ միայն իրենց պատկանող միջոցներից, այլև ցանկացած այլ անձի պատկանող հաշիվների միջոցով, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց միջոցով:
Ըստ «ՔՊ»-ական պատգամավորների առաջարկած օրենսդրական փոփոխությունների՝ այսուհետ յուրաքանչյուր խաղացող կարող է խաղադրույք կատարել միայն իր խաղային հաշվից և իրեն պատկանող հաշվի միջոցներից։
«Սա է՛լ ավելի վերահսկելի է դարձնում վերջինիս վարքագիծը»,- նշում էին փոփոխությունների հեղինակները՝ հաշվի չառնելով, որ մեծ տարածում ունի, օրինակ, նաև տերմինալներով այլ անձանց կողմից խաղային հաշիվների «լիցքավորման» տեխնիկական հնարավորությունը, որը մեծ մասով առ ոչինչ է դարձնում վերը նշված սահմանափակման գործնական նշանակությունը։
Սույն բազմաչարչար օրենքի հերթական փոփոխություններն առաջարկվեցին վերջին լրամշակումից ընդամենը 2 ամիս անց։
Այսպես, ՀՀ Ազգային ժողովի փետրվարի 6-ի նստաշրջանի օրակարգում ներառվեց նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ մասնավորապես նշելով հետևյալը․
«Մենք սահմանել ենք, որ խաղադրույքների 90%-ը տրամադրվի, որպես շահում, բայց մի շարք կայքերում հաճախ շահումի տոկոսը կազմում է 40 տոկոսից նույնիսկ քիչ, և մարդկանց, որպես սպառողի, իրավունքները պաշտպանված չեն»։
Որպես հարցի լուծում՝ փոխնախարարն առաջարկեց կազմել այդպիսի կայքերի ցանկ և դիմել ինտերնետ-մատակարարներին՝ սահմանափակելու այդ կայքերի հասանելիությունը։ Այս պարագայում էլ հաշվի չառնվեց մի կարևոր հանգամանք՝ որևէ կայքի, հատկապես խաղայինի հասանելիության սահմանափակման շրջանցման բազմաթիվ անվճար և հեշտ հնարավորությունները։
Բայց է՛լ ավելի կարևոր է, որ կառավարության ներկայացուցչի խոսքը գնաց միայն «սպառողական շահերի» արտաքուստ պաշտպանության մասին, իսկ ազարտ խաղերի կազմակերպման և իրականացման փաստն ինքնին ոչ մի քննարկման չարժանացավ։
Այլ կերպ ասած, օրենսդիր-գործադիր այս անվերջանալի թվացող խաղն ընդամենը կատարում է ծխածածկույթի դեր․ կատարվող խմբագրական, կոսմետիկ փոփոխությունները կամ լրացումները չեն լուծում գլխավոր խնդիրը՝ հայ երիտասարդության շրջանում լայնորեն տարածված խաղամոլության վերացումը, ինչ-ինչ պատճառների բերումով, իշխանությունների ծրագրերում տեղ չունի։
Տիգրան Աթանեսյան