Մինչև վերջերս կոռուպցիայի դեմ պայքարը սեփականության բռնագրավման ու վերաբաշխման շքերթ էր հիշեցնում։ Ի տարբերություն նախկին գործերի՝ Էկոնոմիկայի նախարարության և նրա հետ գործակցած «Սիներջի» ընկերության աղմկահարույց գործը, որի վերաբերյալ 3 վարկած է շրջանառվում հանրային խոսույթում, վերածվում է դրամատիկ ներկայացման։
Խորհրդային բռնազավթման տարիներին մարդուն մատնագրի հիման վրա կալանավորում էին, հետո, կալանավորին հոգեբանական կտտանքների ենթարկելով, «խոստովանական» ցուցմունք կորզում չկատարած հանցանքի մասին։ «ԷՆ+Սիներջի» գործում կալանավորումները տպավորություն են ստեղծում, թե ենթադրյալ հանցանքի բավարար ապացույցներ չկան։ Այդ պատճառով են կասկածյալներին կալանավորել, որ նրանցից «խոստովանական» ցուցմունք կորզեն։ Դրան հակառակ՝ Ալեն Սիմոնյանը, Վահան Քերոբյանն և Հակոբ Արշակյանը, կալանավորված անձանց ցուցադրական պաշտպանելով, կարծես՝ հուշում են կալանավորներին, որ «խոստովանական» ցուցմունք չտան։
Թեման փետրվարի 5-ին քննարկվել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում: Մտքեր են փոխանակվել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մեծացմանն ուղղված անելիքների, մեխանիզմների և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ: Դեռ անհայտ է, թե ինչ մեխանիզմներ կամ օրենսդրություն են կատարելագործելու։ Բայց կա կասկած, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է դառնալ քաղաքական գործիչներին ճնշելու մահակ, որով առաջին հերթին խփում են յուրայիններին, որ օտարները վախենան։ ՔՊ-ամերձ շրջանակներից արտահոսում է վարկած, իբր Նիկոլ Փաշինյանը փորձում է ազատվել Ալեն Սիմոնյանից, Հակոբ Արշակյանից ու Վահան Քերոբյանից։ Թիմակիցներին կամայականորեն պատժելու մասին ասեկոսեն արդեն սարսափ է տարածում։ Կոռուպցիայի դեմ պայքարի այսպիսի ավանդույթներ կան մի շարք երկրներում։ Օրինակ՝ Չինաստանում ամեն տարի մի քանի պաշտոնյա ու միլիոնատեր մեղադրվում են կոռուպցիայի մեջ ու գնդակահարվում։
Կա նաև մեկ այլ ենթադրություն, ըստ որի՝ ՔՊ-ն փորձում է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մեծ փողեր ստանալ միջազգային հիմնադրամներից, դրանցով լուծել օրակարգային հարցեր և բարձրացնել իր նվազող վարկանիշը, ինչի մասին վկայում են փետրվարի 6-ին հրապարակված Gallup International Association-ի վերջին հարցումների տվյալները։
ՀՀ կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ է ստանում եվրոպական, ամերիկյան և միջազգային հիմնադրամներից կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով։ Ասում են, իբր սահմանված են կոնկրետ դրամաշնորհների չափեր։ Օրինակ՝ կոռուպցիոն հանցագործության դեպքով վարույթ հարուցելու համար տրամադրվում է իքս գումար։ Դրա ապացուցման և մեղադրական դատավճռի առկայության համար՝ 10 իքս։ Եթե դատվում է բարձրաստիճան պաշտոնյա, ապա՝ 20 իքս։ Եթե կոռուպցիայի համար դատվում են և՛ բարձրաստիճան պաշտոնյան, և՛ նրա հետ գործակցող գործարարն, ապա 50 իքս, և այլն։ Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարը նաև շահավետ է, քանի որ բյուջե են մտնում դրամաշնորհային միլիոնավոր դոլարներ։
Դժվար է պատկերացնել, որ ՔՊ-ական իշխանությունը մարդկանց կալանավորում ու տանջում է միայն դրամաշնորհ ստանալու կամ արդարացնելու նպատակով։ Հավանական է, որ այստեղ միջազգային շահեր են բախվում։ Ասում են, թե խնդիրը ոչ թե Էկոնոմիկայի նախարարությանն է առնչվում, այլ ԱՆԻՖ-ին, որի տնօրեն և միաժամանակ փոխնախարար Անի Իսպիրյանը, ենթադրաբար՝ փորձել է ներդրումներ ներգրավել ՌԴ-ի ոչ բարեկամ երկրներից։ Եվ Մոսկվայի «խնդրանքով» ԱԱԾ-ն նախաձեռնել է այս հետապնդումն ու կալանավորումներն ի սարսափ պաշտոնյաների ու գործարարների, որ ՌԴ շահերի հետ բախվող ներդրումներ չներգրավեն ՀՀ տնտեսության մեջ։ Եթե այսպես է, ապա քննությունը կձգվի, ինչպես ձգվում են Մոսկվայի «խնդրանքով» հարուցված գործերը։ Իսկ ՀՀ տնտեսությունը դեռ երկար կմնա ջղաձումների և արդարության սպասման փուլում։
Թվարկված վարկածները կասկած է հարուցում, որ «ԷՆ+Սիներջի» գործը կասկածներով ու խորհրդավոր ակնարկներով լի դրամատիկ ներկայացում է, որի ամենացավալի դրվագը մարդկանց կալանավորումներն են։ Եվ ակնկալվում է, որ ԱԺ ՔՊ խմբակցությունն առաջիկա օրերին օրակարգ կբերի կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող առաջարկներ, որ կոռուպցիայի մեղադրանքով վարույթ հարուցվի միայն բավարար և համոզիչ ապացույցների առկայության պարագայում, իսկ կոռուպցիոն գործերով կասկածյալները անհրաժեշտության դեպքում կալանավորվեն մեկ շաբաթ ժամկնետով։
Թաթուլ Մկրտչյան