Արցախյան առաջին ազատամարտին հանուն հայրենիքի ազատագրման ոտքի ելան ինչպես երիտասարդները, այնպես էլ մեծերը, որոնք մարտի մղվեցին ոչ թե պոռթկուն պահի ազդեցությամբ, այլ գիտակցումով, որ թշնամին այլ ելք չի թողել։ Նրանցից էր Սիմոն Աչիկգյոզյանը։
Այսօր «Զորավար Անդրանիկ» համազգային միության անդամ, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Սիմոն Աչիկգյոզյանի ծննդյան օրն է։
Աչիկգյոզյանը՝ Դեդը, գիտությունների թեկնածու էր, հայտնի երկրաբան, 70-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ։ Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, նա 50 տարեկան էր։ Մի կողմ թողնելով դասախոսական ու գիտական գործունեությունը, հասարակական հեղինակությունը՝ նա կատարեց գիտակցված ընտրություն։

«Զոհվելուց չեմ վախենում, միայն թե թուրքի պիղծ ձեռքը մարմնիս չդիպչի»,- սա էր «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյանի միակ մտավախությունը պատերազմի օրերին:
1991 թ. խորհրդային բանակը ադրբեջանական ՕՄՈՆ-ի հետ միասին հարձակվել էր Մարտունաշենի և Գետաշենի վրա` նպատակադրված ոչնչացնելու ոչ միայն գյուղերը, այլև ժողովրդին: Արցախը հայաթափելու «Օղակ» գործողությունը կանխելիս Սիմոն Աչիկգյոզյանը զոհվեց: Վիրավոր հրամանատարը կփրկվեր, եթե համաձայներ, որ իրեն էլ մյուս վիրավորի հետ հանեին կրակի տակից:

«Ես թշնամուն կպահեմ, մինչև վիրավորին հանեք»,- ասել է Սիմոնը ու շարունակել կրակելն ու երգել «Վաղուց եմ ուխտել կռվել ու մեռնել» երգը:
Աչիկգյոզյանին հարգանքով էին «Դեդ» ասում, քանի որ նա միշտ ջոկատի երիտասարդներին հետ էր պահում առաջին գծից՝ ասելով․ «Ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել, ինչ լինում է, թող ինձ լինի»: