Հունվարի 20-ին Եղեգնաձորում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։ Վերջինս նշեց, որ Հայաստանն Ադրբեջանից ակնկալում է երաշխիքներ, և ինքը նույնպես պատրաստ է նման երաշխիքներ տրամադրել։
Հատկանշական էր, որ Հայաստանի վարչպետը տևական ժամանակ հայտարարում էր, որ Ադրբեջանի հետ ստորագրվելիք խաղաղության պայամանագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորներ, ինչից ադրբեջանական կողմը ձգտում էր ամեն գնով հրաժարվել։ Փաշինյանի հայտարարությունից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը նույնպես հրաժարվում է միջազգային միջնորդ երաշխավորներից։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը չհամաձայնեց այս դիտարկման հետ՝ ընդգծելով, որ իրականում Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանի պահանջներին ի պատասխան հայելային պահանջներ է դնում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն իրականում Հայաստանին երաշխիքներ տալու խնդիր չունի։
«Ադրբեջանը միայն պետք է հայտարարի, որ պատրաստ է ճանաչել Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանները, իսկ դրանից հետո արդեն Հայաստանի անվտանգության երաշխիքը կլինեն միջազգային իրավունքի նորմերը։ Բաքուն միայն դա պետք է ասի, այստեղ հավելյալ երաշխիքներ տրամադրելու խնդիր չկա»,- կարծում է նա։
Քաղաքագետի համոզմամբ՝ այս գործընթացը խոչընդոտվում է, քանի որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել սահմանադրությունը, որպեսզի անգամ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո նման խնդիր չառաջանա։
Հարցին, թե Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքների ֆոնին տեսանելի ապագայում որքանո՞վ է իրատեսական խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Բաղդասարյանը պատասխանեց, որ այս իրավիճակում այդ հավանականությունը գրեթե զրոյական է։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ եթե անգամ խաղաղության պայմանագրի անվան տակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ապա գործնականում դա կլինի Ադրբեջանի հաջորդ ագրեսիան լեգիտիմացնելու հիմք։
Մեր զրուցակիցը կարծում է, որ Ադրբեջանը չի հրաժարվում այդ փաստաթղթի ստորագրումից, սակայն պահանջում է, որ դրանում ընդգրկվեն այնպիսի կետեր, որոնք իրեն հնարավորություն կտան հետագայում հասնել իր նպատակներին։
Քաղաքագետը հավելեց նաև, որ Ադրբեջանի նպատակները հասկանելի են՝ Հայաստանից պոկել Սյունիքը, Սևանի ավազանի մի մասը, ՀՀ-ում վերաբնակեցնել ադրբեջանցիների և արդյունքում Հայաստանը դարձնել ոչ կենսունակ պետություն։
«Ադրբեջանը դա հռչակում է որպես նպատակ, իսկ իր համար պատերազմը, կամ խաղաղ բանակցությունները պարզապես միջոց են՝ այդ նպատակներին հասնելու համար։ Եթե իրենք համարեն, որ դա ավելի հարմար է ձեռք բերել պատերազմի միջոցով, կամ համաձայնագրի միջոցով, ապա այդ ուղղությամբ էլ կգնան, իրենք մի քանի տարբերակ են մշակում»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան