Ներքին 2 տարի առաջ - 00:26 20-01-2024

Ադրբեջանին հպատակվելը չփրկեց ագուլիսցիների կյանքը. պատմաբան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Արամ Սիմոնյանի «Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ.» գրքից.

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

Ներքին և Վերին Ագուլիսների հայերն ընդունել էին Ադրբեջանի իշխանությունը և ապրում էին իբրև հպատակներ՝ կրելով Գողթանի մյուս գյուղերի հայ բնակչության նախատինքը՝ իբրև թուլամորթների և ստրուկների:

Բայց Ադրբեջանին հպատակվելը չփրկեց ագուլիսցիների կյանքը: Նրանք, 1919թ. վերջին լիովին շրջափակվելով, մատնվել էին սովի, և արդեն անխուսափելի էր նրանց կործանումը:

1919-ի դեկտեմբերի 19-ին Օրդուբադի և շրջակա գյուղերի թուրքերը մտան Ներքին Ագուլիս և սկսեցին կոտորածը: Վայրենի խրախճանքին զոհ գնաց 400 հայ:

Բնակչության մի փոքր մասը խուճապահար կարողացավ փախչել և ապաստանել Վերին Ագուլիսում: Ներքին Ագուլիսը մինչև վերջին թելը կողոպտվեց:

Այդ օրերին Վերին Ագուլիս եկած թուրք սպա Էդիֆ բեյը հայերին հավատացրեց, որ պատահածը մի թյուրիմացություն էր, ուստի ոչ ոք թող երկյուղ չունենա: Հայտարարելով, թե թուրքերը միայն իր դիակի վրայով կմտնեն գյուղ՝ նա մեկնեց Օրդուբադ:

Կուրորեն հավատալով Էդիֆ բեյի խոսքերին՝ ագուլիսցիները ո՛չ գաղթեցին հարևան Ցղնա գյուղ, ո՛չ էլ օգնություն խնդրեցին Նժդեհի Գողթանի զորամասից:

Ավելին, երբ զորամասի հրամանատար Ղազար Քոչարյանը Ներքին Ագուլիսի ջարդից հետո քանիցս դիմեց Վերին Ագուլիսի բնակիչներին, որ թույլ տան գիշերով 200 զինվոր մտցնել գյուղ՝ պաշտպանելու բնակիչներին և բազա ստեղծելու Օրդուբադի դեմ գործողություններ սկսելու համար, պատասխանը եղավ. «Դուք մեզ հետ գործ չունեք, մենք թուրքերի հետ ապրում ենք հաշտ ու խաղաղ: Մեր սիրելի Էդիֆը խոստացել է մեզ պաշտպանել՝ ինչ գնով էլ լինի»:

Դեկտեմբերի 23-ին ագուլիսցիները տեղեկացան, որ թուրքերը պատրաստվում են շարժվել իրենց գյուղի վրա, թեև այնտեղ կային Ադրբեջանի ոստիկաններ: Հայերը դիմեցին Օրդուբադում նստող գավառապետ Աբասկուլի բեկ Թաիրովի և այնտեղ գտնվող Էդիֆ բեյի օգնությանը: Վերջինս Օրդուբադից եկավ Վերին Ագուլիս, արժանացավ փառահեղ հյուրասիրության ու նորից հանգստացրեց ագուլիսցիներին:

Դեկտեմբերի 24-ին շրջակա գյուղերի թուրք հրոսակախմբերը շրջապատեցին Ագուլիսը՝ սպասելով հրամանի: Գյուղի մեծերը նորից դիմեցին Օրդուբադ, և այս անգամ գյուղ եկավ Աբասկուլի բեկը՝ մի քանի շեյխերով: Նրանք իջան Էդիֆ բեյի մոտ: Տեղի ունեցավ խորհրդակցություն:

Հաջորդ օրը Աբասկուլի բեկը վերադարձավ Օրդուբադ: Նա հեռացավ թե չէ, թուրք հրոսակախմբերը և նրանց միացած ասկյարները խուժեցին Ագուլիս և սկսվեց սոսկալի կոտորածը:

Երկու օր շարունակ սրախողխող էին արվում մարդիկ, բռնաբարվում էին կանայք ու աղջիկները, կողոպտվում ու ավերվում էր շեն գյուղը: Գեղեցիկ հարսներն ու աղջիկները առանձնացվում էին և ուղարկվում հարեմներ: Գեղեցիկ օրիորդները՝ որպես նվեր, բաժանվում էին սպաներին: Ունևոր Փանյանի 16-ամյա աղջկան նվիրաբերում են Էդիֆ բեյին:

Այսպիսով, երկու Ագուլիսներում տանջանքներով մեռավ 1400 հոգի, իսկ գյուղերը դադարեցին գոյություն ունենալուց:

Աղբյուրը՝ Արամ Սիմոնյան, Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ.»։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը