Մեծամորի ԱԷԿ-ը պետք է վերազինել. ՀՀ-ն չի կարող հրաժարվել դրանից
copy image url

Մեծամորի ԱԷԿ-ը պետք է վերազինել. ՀՀ-ն չի կարող հրաժարվել դրանից

Խոսք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:00 18-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Հանդիպման ժամանակ վերջինս ասել է՝ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել կազմակերպության աջակցությունը։

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:

Oragir.News-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ ատոմային էներգետիկան չի կարող կանաչ էներգիա համարվել, սակայն Հայաստանը վերջին տարիներին բավականին լուրջ խնդիրներ ունեցավ, զգալի մեծ էներգետիկ ռեսուրսներ կորցրեց, որոնք մնացին Արցախի տարածքում՝ ՀԷԿ-եր և այլն, ուստի այս պահին ատոմակայանը շատ մեծ նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ Մեծամորի ատոմակայանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, սակայն ԱԷԿ-ի տեխնիկական մասը հնացել ու իրեն սպառել է և անհրաժեշտ է այդտեղ փոփոխություններ իրականացնել։

«Ատոմակայանը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ մութ ու լույս տարիներին մենք տեսանք, թե ատոմակայանի կանգ առնելն ինչպես անդրադարձավ Հայաստանի վրա, ՀՀ քաղաքացիներն ինչ իրավիճակում հայտնվեցին, ողջ արդյունաբերությունը՝ քանդված, և մնացինք քանդված տաշտակի առաջ։ Ուստի կարծում եմ, այս պահին Հայաստանում ատոմակայան ունենալու անհրաժեշտությունը կա»,- ասաց նա։

Բնապահպանը միևնույն ժամանակ ընդունելի է համարում, որ ատոմակայանը վերազինվի, դառնա ավելի ժամանակակից ու տեխնիկապես հագեցած, մինչև ՀՀ-ն ոտքի կկանգնի ու աշխարհում իր տեղը կգտնի։ Նա ափսոսանքով նշում է՝ այսօր գտնվում ենք շատ փխրուն իրավիճակում և ատոմակայան ունենալն անհրաժեշտություն է։

Սիլվա Ադամյանը միևնույն ժամանակ կասկած հայտնեց, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենը նկատի ուներ Մեծամորի ԱԷԿ-ի վերազինման գործընթացը, քանի որ այն ամբողջովին են Ռուսաստանի Դաշնության կառավարությանը։

Հարցին, թե հնարավո՞ր է այնպիսի ատոմային էներգետիկա զարգացնել, որ շրջակա միջավայրի և մարդու առողջության համար անվնաս լինի, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ շատ երկրներում ատոմային էներգետիկան փորձում են կիրառել անգամ ավտոմեքենաների շարժիչների վրա, սակայն անվտանգության մասին խոսելը բարդ է։ Նա շեշտում է, որ ատոմային էներգետիկան չի կարող անվտանգ լինել.

«Մենք տեսանք, թե ինչ կատարվեց Չեռնոբիլում, տեսնում ենք, թե պարբերաբար ինչեր են տեղի ունենում Ճապոնիայում՝ ատոմակյանների հետ կապված, մենք բազմաթիվ նման օրինակներ ունենք։ Ուստի ճիշտ չի լինի ատոմային էներգետիկան դասել կանաչ էներգիայի շարքին, և բոլորը գիտեն, թե ինչ վտանգներ է ներկայացնում ատոմային էներգետիկան»։

Բնապահպանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, թե Մեծամորի ԱԷԿ-ի նկատմամբ ինչ դիրքորոշում են որդեգրել մեր թշնամի պետությունները, որոնք պարբերաբար բարձրաձայնում են, որ Հայաստանի ատոմակայանը վտանգավոր է, սպառնում է իրենց և այլն։ Նա այս համատեքստում նույնպես կարևորեց, որ ատոմակայանը վերազինվի և համապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին։

«Կրկնում եմ՝ մենք ատոմակայանից հրաժարվելու իրավունք չունենք։ Մեր ելքն այն է, որ ԱԷԿ-ը վերազինվի, տեխնիկապես նորը դառնա, որպեսզի մենք կարողանանք օգտվել»,- ասաց նա։

Սիլվա Ադամյանը վերահաստատեց, որ ատոմային էներգետիկան չի կարող կանաչ էներգիա համարվել, քանի որ այն վնասը, որը նա կարող է պատճառել վթարների ժամանակ, գործնականում անուղղելի է։ Նա հավելեց, որ սա վերաբերում է հատկապես զարգացող երկրներին, քանի որ, օրինակ, Ճապոնիայում ԱԷԿ-ները համապատասխանում են բոլոր չափանիշներին։ «Բայց, ընդհանուր առմամբ, ատոմակայանն ինքն իրենից, իհարկե՛, վտանգ է ներկայացնում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված