Ներքին 2 տարի առաջ - 18:52 07-01-2024

Իմանում են, որ արցախցի ես, վերջ, աշխատանքի տեղ էլ չկա քեզ համար. բռնի տեղահանված

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պարբերաբար դիմում են Oragir.News-ին այն պատճառով, որ շատ գործատուներ իրենց հրաժարվում են աշխատանքի վերցնել զուտ այն պատճառով, որ արցախցի են։

49-ամյա Անյուտա Գրիգորյանը Արցախի Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղից է բռնի տեղահանվել, դստեր հետ բնակվում է Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ Արցախցի կինը մասնագիտությամբ մանկավարժ է, երկար տարիներ հայոց լեզու և գրականություն է դասավանդել։ Ինչպես տիկին Անյուտան է ասում` հիմա նույնիսկ հավաքարարի աշխատանք է իր համար անհասանելի։

«Այսօր հայտարարությամբ մի տեղ աշխատանքի գնացի, սկզբից ասացին` մնա, ամբողջ օրը աշխատիր, մինչև տնօրենը գա, կորոշի՝ ընդունի աշխատանքի թե ոչ։ Այնուհետև ինչ աշխատանք հանձնարարեցին, կատարեցի ու դեռ պիտի կատարեի, հանկարծակի աշխատողներից մեկը, ասաց՝ գնա տուն, երբ որ պետք լինի, կզանգենք։ Նույնիսկ տրանսպորտի գումար չունեի, որ տուն հասնեի։ Ես այդպես էլ չիմացա, թե ինչն էր պատճառը, որ կտրուկ ասացին՝ գնա տուն, այն դեպքում, երբ այդ աշխատավայրի տնօրենը դեռ չէր եկել։ Գոնե ասեին՝ տիկին ջան, ամանը կամ բաժակը լավ չես լվացել, կամ լեքսիկոնդ դուր չի գալիս մեզ, որ ես ինքս ինձ ներսից չկրծեի ու մտածեի՝ ինչու։ Լավ գիտեք, որ Մայիսյանից Գյումրի հասնելը, հետ գալը ծախսերի հետ է կապված, բացի այդ, հինգ ամիս է՝ ոչ մի աջակցությունից չենք օգտվում, վերջիվերջո, ես էլ փորձում եմ նորմալ աշխատանք գտնել, ընտանիքիս կարիքները հոգալ, բայց շատ բայցեր կան»,-ասում է արցախցի կինը։

Անյուտա Գրիգորյանն ասում է, որ մեկ անգամ չէ, որ նման խտրական վերաբերմունքի է արժանացել։ Դիմել է զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոն, որպեսզի մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնի, տվյալները ուսումնասիրել են, բայց չեն արձագանքել։ Դիմել է զարգացման կենտրոններ, բայց արցախցի կնոջը չեն պատասխանել։

«Ամառն էլ նման մի դեպք եղավ։ Զանգեցին, կանչեցին, հետո էլ, թե բա` տնօրենը տեղում չէ, հետո կզանգենք, մինչև օրս սպասում եմ իրենց զանգին։ Իմանում են, որ արցախցի ես, վերջ աշխատանքի տեղ էլ չկա քեզ համար»,-եզրափակում է Արցախից բռնի տեղահանված Անյուտա Գրիգորյանը։

Արցախցի կինը այս պահին հիմնական զբաղմունք չունի․ գարնանն ու ամռանը հող է մշակում, հավ ու նապաստակ էլ է պահում։ Բայց նպատակը՝ հիմնական աշխատանք ունենալն է։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման