Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 22:00 28-12-2023

Խաղաղության պայմանագիրը դժվար թե ստորագրվի 2024-ին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճատև հանդիպումից հետո այսօր ռուսական մամուլը գրել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Ամանորից անմիջապես հետո։ Մասնավորապես Коммерсантъ պարբերականի հոդվածում անդրադարձ է կատարվել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Հիշեցնենք, որ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո սա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջին շփումն էր։ Տևական ժամանակ Ալիևը հրաժարվում էր արևմտյան հարթակներում բանակցելուց, ինչի հետևանքով բանակցային գործընթացը մտել էր փակուղի։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ ինքն այդքան լավատես չէ և անգամ վստահ չէ, որ այդ պայմանագիրը կստորագրվի 2024 թվականին։ Նա վստահություն հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև առարկայական բանակցություններ չեն եղել, պարզապես, ինչպես նշվել է, նրանք խոսել են խաղաղության օրակարգի մասին։

«Հենց այս բառը մեզ հուշում է, որ խոսել են խաղաղության օրակարգի մասին, այլ ոչ թե քննարկել են խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այնպես որ Коммерсантъ-ում առկա արտահոսքերի մասով ոչ մի լավատեսություն չեմ կարող ունենալ»,- նկատեց նա։

Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներում նման տեղեկատվական արտահոսքերին՝ մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ դրանց նպատակը շատ պարզ է. «ՌԴ-ն հերթական անգամ հղում է կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ չարաբաստիկ հայտարարությանը և ցույց է տալիս, որ բանակցություններն իբր թե շարունակվում են իր մոդերացիայի տակ։ Իրականում դա այդպես չէ և շատ վաղուց այդպես չէ։ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ ինքը դեռևս շարունակում է այդ խաղի մասնակիցը լինել, և խաղաղության պայմանագիրը քննարկվում է իր մոդերացիայի ներքո։ Մենք գիտենք, որ դա այդպես չէ, և հենց դրա համար էլ ես չեմ սպասում, որ մոտ ապագայում այն կկնքվի»։

Հարցին, թե Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից կարո՞ղ ենք ենթադրել, որ հայկական կողմը հրաժարվել է Արևմուտքի միջնորդությունից և համաձայնել է խաղաղության պայմանագիրը ստորագրել ՌԴ-ում, ինչպես պահանջում էր Ալիևը, Դավիթ Ստեփանյանը պատասխանեց, որ Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Ալիև հանդիպում չի եղել, պարզապես տեղի է ունեցել ԱՊՀ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կայացել են տարբեր շփումներ՝ այդ թվում նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։

«Ես վստահ եմ, որ Փաշինյանը շփումներ է ունեցել և՛ Տոկաևի հետ (Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև-խմբ․), և՛ Լուկաշենկոյի հետ (Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո-խմբ․)։ Այսինքն՝ մարդիկ մոտեցել են և մի քանի բառ փոխանակել են։ Արդյոք սա նշանակո՞ւմ է որ նրանք բանակցություններ են վարել՝ ո՛չ»,- կարծում է նա։

Քաղաքագետը շեշտում է՝ այս շփումները չեն վկայում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը բանակցությունների արևմտյան հարթակը լքել են։ Նա կարծում է, որ բանակցությունները շարունակվելու են ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Բրյուսելում, սակայն վստահ չէ, որ դրանք կունենան վերջնարդյունք՝ խաղաղության պայմանագրի տեսքով։

Ստեփանյանը հավելեց, որ Ալիևը դեռևս դիմադրում է Արևմուտքի ճնշմանը, իսկ այն պայմանագիրը, որն առաջարկում է Ադրբեջանը, որում բացակայում են սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, հայերի իրավունքների հարցերը, որտեղ ընդգրկված է Հայաստան ադրբեջանցիների այսպես կոչված «վերադարձը», չի կարող խաղաղության պայմանգիր լինել և խաղաղություն ապահովել։ Նա նաև ասաց՝ դրա համար էլ շատ լուրջ կասկածներ ունի, որ այդ պայմանագիրն առհասարակ կստորագրվի։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան