Պատմական գիտությունների դոկտոր, պատմաբան Հայկ Դեմոյանը
Oragir.News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ երեկ տեղի ունեցած տարեվերջյան մամլո ասուլիսի ընթացքում հնչեցրած միտքը «Հայոց պատմություն 7» դասագրքի քննարկմանը մասնակցած մասնագիտական խմբի հետ ունեցած հանդիպումից՝ նշելով, որ գործ ունենք բացառիկ կոռուպցիոն օրինակի հետ.
«Ամենաարգահատելի դրսևորումն այն է, որ մենք գործ ունենք բացառիկ կոռուպցիոն օրինակի հետ․ բացառիկ է գոնե նրանով, որ այս պատմության մեջ ամեն ինչ ակնհայտ է։ Առնվազն երեք դրվագով բացատրեմ կոռուպցիան կոնկրետ նախարարի անձի կատարմամբ․ առաջինը՝ Ժաննա Անդրեասյանը հանդիպումից առաջ ասում է, որ պետք է «յոլլա» գնալ և հաշտվել դասագրքի իրողության հետ, հետո՝ որոշում է 19 հոգանոց խորհրդի հետ հանդիպել։ Ո՞րն էր հանդիպման նպատակը․ առնվազն գոնե քննարկել ու լսել մասնագետներին, որոնք մասնագիտական կարծիք են կազմել և հորդորել են որևէ ոչ մասնագիտական լեզվով համեմված հայտարարություններ հեղինակի մասին չհնչեցել։ Սակայն հանդիպման սկզբից նախարար Անդրեասյանը հայտարարում է, որ կա քաղաքական որոշում, պետական քաղաքականություն, և իրենք իրագործում են այդ պետական քաղաքականությունը։ Սա կոչվում է կոռուպցիա, որը բազմաթիվ շերտեր ունի։ Կոռուպցիան պարտադիր չէ, որ փող տան ու վերցնեն, սա կոռուպցիայի դասական դրսևորում է, երբ կա ակնհայտ խնդիր՝ պետական միջոցների վատնում, հովանավորչություն, շահերի բախում, ոչ մասնագետի կողմից գրված, կնոջ կողմից խմբագրված դասագիրք»:
Նշենք, որ ասուլիսի ժամանակ Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ հանդիպումից հետո սպասում են հեղինակների կողմից ամբողջական անդրադարձին․ «Մենք հանդիպում կազմակերպեցինք բոլոր մարդկանց հետ, որոնք հանրային և ոչ հանրային մասնագիտական ասելիք էին հայտնել, և ունենք հետևյալ պայմանավորվածությունը․ հիմա սպասում ենք հեղինակների կողմից ամբողջական անդրադարձին»:
Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն 7» դասագրքի շուրջ տևական ժամանակ հնչող քննադատությունների արդյունքում ձևավորվել էր մասնագիտական 19-հոգանոց խումբ, որն օրերս հրավիրվել էր նախարարություն՝ քննարկման՝ նշելով, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմաններին:
Ժաննա Անդրեասյանն իր խոսքում հատուկ ընդգծել է նաև, որ դասագրքի շուրջ ստեղծված հանրային որոշակի հնչեղությանն ի պատասխան՝ եղան մասնագետներ, որոնք ոչ հանրային ձևով սկզբից դիմեցին նախարարություն, եկան, ներկայացրին իրենց մասնագիտական դիտարկումները․ «Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց, որովհետև եթե մարդը ունի ասելիք, ապա մենք միշտ պատրաստ ենք լսել, և պարտադիր չէ, որ դրա ձևը լինի անպայման որոշակի ոճը, որն ընտրվել է շատերի կողմից»:
Oragir.News-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք նախարարի կողմից հնչեցված այս միտքն ինչ-որ կերպ հասցեագրված է հենց 19 հոգանոց մասնագիտական խմբին, ինչին ի պատասխան Դեմոյանն ասաց․
«Նախարարը իմ ու մնացած 18 պատմաբան-մասնագետների վերագրում է իր որոշումը՝ համարելով, որ ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել։ Իսկ դա պարզունակ ստախոսություն է։ Նախարարը նույն հանդիպման ժամանակ երկու հակադիր որոշում է կայացրել»։
Նախարարի խոսքով՝ բոլոր դիտարկումները ներառվելու են ամփոփաթերթիկում, ինչն էլ կուղարկվի երրորդ՝ անկախ կարծիքի.
«Սա է պրոցեսը, որը շատ բաց քննարկել ենք բոլորի հետ, ովքեր եկել էին, և նաև կարծում եմ՝ նախարարությունը բավական հստակ պարզաբանումը և հաղորդագրությունը այդ հանդիպման մասին տարածեց։ Հիմա սպասում ենք հեղինակների կողմից ամփոփված դիտարկումներին և իրենց արձագանքին, որպեսզի դա կարողանանք ներկայացնել լրացուցիչ փորձաքննության։ Էմոցիաներն այստեղ երբեմն խանգարում են, որպեսզի մենք տեսնենք իրական աշխատանքային պրոցեսը, որը մեկն է․ կան նոր դասագրքեր, որոնք, ըստ էության, անցնում են փորձարկում, ինչի ընթացքում էլ ի հայտ է գալիս փոփոխությունների կարիք, որը նորմալ աշխատանքային պրոցես է, ինչի արդյունքում մենք կունենանք ավելի լավ դասագրքեր»:
Ի պատասխան հնչած մտքի՝ Դեմոյանն ասաց. «Սա կույր ձևանալ չէ, սա կատարյալ ապուշ ձևանալու անհաջող փորձ է։ Ապուշ ձևանալն այսօր դարձել է քաղաքական կատեգորիա՝ ի դեմս ներկա իշխանությունների։ Ո՞րն է առաջին կողմը, ո՞րն է երկրորդ, ո՞րը՝ երրորդ կողմը, որի մասին չգիտեր նախարարությունը, մեկ էլ հանկարծ հիշեցին, որ երրորդ կողմ կարող է լինել, որը պիտի այլ կարծիք ներկայացնի, քան մասնագետներից բաղկացած 19 հոգանոց խումբը։ Եթե կար այդ խումբը, որին նախարարությունը պիտի դիմի, ինչո՞ւ այդ դասագիրքը փորձաքննություն չանցավ երկրորդ կողմով էլ չէ, այլ՝ երրորդ կողմով․ գոնե այն ժամանակ երրորդ կողմն իր անաչառ, անկախ կարծիքը ներկայացներ։ Որտեղի՞ց պեղեց ու գտավ նախարարությունը այդ կողմին, ընդ որում՝ չորս ամիս անց։ Ես կարող եմ անուններ հնչեցնել, սակայն հիմա տեղին չէ այնքանով, որ ես գիտեմ՝ ում է դիմելու նախարարությունը սփյուռքում և այստեղ՝ ինստիտուտ-անհատ մակարդակներով։
Դրանք կոչվում են համակիրների բանակ, որոնք իշխանություների ցանկացած սայթաքում, սխալ, այլանդակություն ու կաշառակեր գործարք պատրաստ են սոցիալական ցանցերով, հարցազրույցներով արդարացնել․ երևի կոճակը սեղմվում է վարչապետի մոտ կանգնած անձանցից մեկի կողմից, իրենք էլ ապուշ են ձևանում՝ իր բոլոր դրսևորումներով, այսինքն՝ տանես, աչքն էլ խոթես, իրենք կասեն՝ ոչինչ չկա, չենք տեսնում։ Սկզբում մասնագետներին էին ուզում քննադատել, սակայն իշխանակն համակիրների խումբը բախվեց պատին, որովհետև ուժերը չպատեցին, իսկ հենց եկեղեցին մամուլի ասուլիս արեց, ամբողջ հարայ-հրոցը սկսվեց եկեղեցու դեմ․ նույն խմբակն է, որտեղ որոշ մարդիկ չեն երևում, որոշ մարդիկ էլ հրահրում են ուղղակի։ Կարճ ասած՝ Կառավարության որոշման հիման վրա՝ պետական քաղաքականություն իրականացնելու անվան տակ՝ ներկա իշխանությունները իրականացրել են բազմաշերտ կոռուպցիոն գործարք՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի՝ կոպտորեն խախտելով երեխաների իրավունքը․ նախ՝ հրամցվել է խոտան՝ տեխնիկական և գիտական, հրատարակչական առումներով, երեխաների իրավունքները խախտվել են սեփական պատմության, մշակույթի մասին լիարժեք և ճշգրիտ տեղեկություն ստանալու տեսակետից, վերջապես՝ խայտառակ ձևով խախտվել է երեխաների իրավունքը նման սկանդալային միջադեպ սարքելու հետևանքով, որի հեղինակն ու գլխավոր մեղավորը ԿԳՄՍ նախարարությունն է։ Վատ դասագրքեր եղել են 2018-ից էլ առաջ, 2012-ի և 2019-ի վերահրատարակված դասագրքերն էլ եմ ես գրախոսել․ սահմաններ չկան ու չեն եղել՝ պայմանավորված ինչ որ քաղաքական հանգամանքներով։ Այսօր գործ ունենք այլանդակ երևույթի հետ։ Այսքանը։ Միայն մի հարցում է պետք շնորհակալ լինել ԿԳՄՍՆ-ին՝ ի դեմս նախարարի, որ հերթական անգամ ի ցույց է դրվում ներկա քաղաքական ուժի վտանգավորությունը պետական անվտանգության հարցերում։ Եթե իրենք որոշել են անգրագիտությունը «զոռբայությամբ» առաջ տանել, ես դա համարում եմ պետական անվտանգությանը հասցված ծանրագույն հարվածներից մեկը․ թող շարունակեն նույն ձևով։ Նրանք ի ցույց են դնում 2018-ին իշխանության բերված անձանց իրական էությունը և իրենց իրական բնութագիրը»։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հայրենական կյանքի կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկման ընթացքում արծարծելով նաև դասագրքի թեման՝ խոր մտահոգությամբ արձանագրվեց, որ դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական ու հոգևոր կյանքի պատմական կարևորագույն իրադարձությունները, կերպարներն ու խորհրդանիշերը։ Անհրաժեշտ համարվեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներում գործածվող վերոգրյալ դասագիրքը դուրս բերի գործածությունից և ձեռնամուխ լինի նոր դասագրքի ստեղծմանը՝ այդ գործընթացում ներգրավելով պատմաբանների, եկեղեցականների և գիտակրթական հաստատությունների ու մասնագիտական հանրույթի պատասխանատու ներկայացուցիչների։