Փոխանցեք կնոջս, որ խոստումս ուժի մեջ է և անպայման գալու եմ տուն
copy image url

Փոխանցեք կնոջս, որ խոստումս ուժի մեջ է և անպայման գալու եմ տուն

Ներքին 1 տարի առաջ - 10:35 19-12-2023
«Երբ սկսվեցին սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունները, ամուսինս՝ Ռադիկ Խաչատրյանը, դիրքերում էր։ Շատերի պես նա հրաշքով փրկվեց պատերազմից ու միայն սեպտեմբերի 24-ին հասավ տուն։ Ի՞նչ իմանայինք, որ ընդամենը մի քանի ժամ էր մեզ տրված՝ մեր կարոտն առնելու համար․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է կինը՝ Մարիամը։



«Երբ արդեն սեպտեմբերի 24-ին իմացանք, որ պիտի լքենք մեր հայրենիքը, ամուսինս շատերի պես շտապեց՝ Իվանյանի բենզալցակայանից բենզին վերցնելու: Հետո լսեցինք այդ պայթյունի մասին, ու խելագարի պես վազեցի հիվանդանոցներով մեկ։ Նրան գտա Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ինձ չթույլատրեցին տեսակցել, բայց ինքը զանգեց և ասաց, որ իր հետ ամեն ինչ նորմալ է»,- պատմում է Մարիամը։

Ռադիկին հաջորդ օրը ուղղաթիռով տեղափոխում են Երևան, որտեղ նա չորս օր շարունակ պայքարում է կյանքի համար։



Մարիամին պատմել են, որ պայթյունից հետո Ռադիկը զարթնել է, կինը վստահ է՝ իր աղոթքների շնորհիվ։

«Ամուսինս պայթյունի հետևանքով երևի թե կլինիկական մահ էր տարել, որի ընթացքում լսել էր իմ աղոթքներն ու զարթնել, սակայն չորս օր հետո նա մահացավ, որովհետև ստացած այրվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։ Այրվել էր մարմնի 70 տոկոսը։ Միայն խնդրել էր ինձ փոխանցել, որ խոստումն ուժի մեջ է և անպայման գալու է տուն»,- ասում է Մարիամը։