Ռուսական ալիքները փակելու կողմնակիցների ողջամիտ փաստարկն այն է, որ ՌԴ-ն չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան իրավունքները, իսկ ռուսական պաշտոնական լրատվամիջոցները տեղեկատվական և հոգևոր անվտանգային ռիսկեր են առաջացնում, թշնամական քարոզչություն անում։ Այս ամենը տարիներ շարունակ չէր նկատում հեղափոխական իշխանությունը։ Բայց երբ վիրավորեցին Նիկոլ Փաշինյանի արժանապատվությունը, ծաղրեցին, դրանից հետո ՔՊ պաշտոնյաները ակնարկեցին ռուսական ալիքները փակելու մասին, և այնքան կոշտ, որ ուզում էիր հավատալ։
ՔՊ-ական քաղաքականությունը և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին քննադատող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ են հետապնդվել, ազատազրկվել, հալածվել։ Սա տեսած հանրությունը թյուրիմացաբար կարծեց, թե նույն կերպ կվարվեն Նիկոլ Փաշինյանին վիրավորած ռուսների նկատմամբ։ Պատկերավոր ասած՝ թթու խոսք ասող եղբորն ազատազրկողը ռուսին էլ կպատժի։ Մարդիկ լցվեցին հույսով, թե ՔՊ-ն կստիպի ռուսներին ներողություն խնդրել։ Իսկ եթե ոչ, ապա ռուսական ալիքները կփակեն։ Բայց ժողովուրդը հերթական անգամ հիասթափվեց, քանի որ ՔՊ-ն հետ քայլ արեց՝ ցույց տալով, որ անկախության ջատագով չեն, սկզբունքներ չունեն, ռուսներին ավելի ներողաբար են վերաբերվում, քան ՀՀ քաղաքացիներին, տեղեկատվական և հոգևոր անվտանգային խնդիրները չեն կարևորում, և ամենացավալին՝ չգիտեն՝ ինչ է քաղաքական ինքնասիրությունը։
Երևանում ՀՀ ԲՏԱ և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև խորհրդակցությունների արդյունքում ստորագրված 2-տողանոց հայտարարությամբ արձանագրվեց, որ ռուսական կողմն ընդունել է հայկական կողմից արձանագրված խախտումների փաստը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ:
Փորձենք այս խորհրդակցությունը վերապատմել խոսակցական լեզվով։ Ուրեմն՝ ՔՊ-ական փոխնախարարն ասել է՝ «ՌԴ-ն խախտել է համաձայնագրի 4-րդ ու 5-րդ կետերը»։ Ռուս պաշտոնյան պատասխանել է՝ «Խախտել ենք՝ լա՛վ ենք արել։ Հարց կա՞»։ ՔՊ-ականը՝ «Ոչ մի խնդիր»։ Ռուսն էլ, թե՝ «Բա ի՞նչ, խզե՞լ եք ուզում համաձայնագիրը»։ ՔՊ-ականն իրենից վախեցած՝ «Ոչ, ոչ, ոչ, առաջարկում ենք քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերը պահպանելու ուղղությամբ»։
Փաստորեն՝ ռուսները ներողություն չեն խնդրել ՀՀ իշխանության, ՀՀ ընտրյալ վարչապետի հասցեին նետած վիրավորանքների համար։ Ոչ էլ խոստացել են, որ առաջիկայում նույնը չեն կրկնի։ Գուցե այս արդյունքը բավարարում է ՔՊ-ական իշխանությանը։ Գուցե նրանք ոչ միայն քաղաքական, այլև մարդկային պարզ ինքնասիրություն չունեն։ Բայց դժվար թե ՔՊ-ին ընտրած քաղաքացիները մարսեն հայկական իշխանությանն ուղղված վիրավորանքները ռուսական ալիքներով։
Ռուսական ալիքները փակելու ջատագովներին ձայնակցում էր նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ընդգծելով, որ հանրային մուլտիպլեքսը միայն տեղական ալիքների համարկիրառելը ճիշտ է։ Այսպես ակնարկվում էր, որ եթե ՔՊ-ն որոշի փակել դրանք, ապա ՀՌՀ-ն պատրաստ է իրագործել որոշումը։ Այսինքն՝ ռուսական ալիքները փակելու խոչընդոտ չկար։
Սակայն Նիկոլ Փաշինյանը, որն Արևմուտքին ներկայանում է որպես անկախության և ժողովրդավարության ջատագով, չհետևեց անկախության և ժողովրդավարության հարցում ՀՀ-ից շատ առաջ անցած Էստոնիայի, Լատվիայի Լիտվայի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Արևելյան Եվրոպայի երբեմնի բախտակից երկրների օրինակին և չփակեց թշնամական քարոզչություն իրականացնող ռուսական ալիքները, այլ փակեց ռուսական ալիքները փակելու թեման։
Այսպիսի ստորացուցիչ հետընթացից հետո ռուսական քարոզչամիջոցները, ենթադրաբար, ավելի եռանդով կշարունակեն վիրավորել ՀՀ վարչապետի արժանապատվությունը, ոտնահարել ՔՊ-ական իշխանության հեղինակությունը, թշնամական քարոզչություն անել, իսկ ժողովուրդը կսեղմի ատամներն ու կհուսա, որ հաջորդ, իրապես ժողովրդավար իշխանությունը քաղաքական ինքնասիրություն կունենա ու կփակի հակահայ քարոզչության աղբյուրները։
Թաթուլ Մկրտչյան