Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:48 15-12-2023

Երևանի պետական համալսարանը և Apricot Capital-ը համագործակցության հուշագիր են կնքել

Երևանի պետական համալսարանը և «Էփրիքոթ Կապիտալ» (Apricot Capital) ներդրումային ընկերությունը համագործակցության հուշագիր են կքնել։

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին Apricot Capital ընկերության հիմնադիր Վարդան Ամարյանը, ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, մարքեթինգի բաժնի վարիչ, ծառայությունների առևտրայնացման պատասխանատու Ազնիվ Գրիգորյանը։

ԵՊՀ-Apricot Capital համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով, փորձով և ռեսուրսներով նպաստել կրթական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացմանը, համագործակցել տարբեր ուղղություններով՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում, ԵՊՀ ուսանողների համար դասընթացների, ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպում, դրամաշնորհների տրամադրում (հատկապես Արցախից բռնի տեղահանված ուսանողներին) կրթական ու հետազոտական ծրագրերի համատեղ մշակում և իրականացում, գիտաժողովների, գիտական սեմինարների, կլոր սեղան-քննարկումների կազմակերպում, սոցիալական ծրագրերի իրագործում և այլն։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով այսօրվա դինամիկ զարգացող աշխարհում բուհ-մասնավոր ընկերություն համագործակցությունը, նշեց, որ այն պարզապես գործընկերություն չէ, այլ գերազանցությանը, նորարարությանը և որակյալ կադրերի պատրաստմանը նպաստելու համատեղ հանձնառություն․ «Այսպիսի համագործակցություններն օգնում են համադրելու ակադեմիական տեսությունները, գործնական հմտություններն ու աշխատաշուկայի պահանջները, հնարավորություն տալիս համատեղ հետազոտությունների միջոցով ապահովելու զարգացում և առաջընթաց, ինչպես նաև ստեղծելու սովորելու և աշխատելու համար ոգեշնչող միջավայր»։

Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանը մեծապես կարևորեց կրթության ոլորտում նման համագործակցությունների դերը.
«Մեր անցած ճանապարհն ու կուտակած փորձը փաստում են, որ կրթությունն է ամենակարևորն ու առանցքայինը՝ պահանջված մասնագետ դառնալու և անընդհատ հաջողություններ գրանցելու գործում։ Երբ Հայաստանում հիմնում էինք Apricot Capital ներդրումային ընկերությունը, զգում էինք ոլորտում մասնագիտացած և փորձառու կադրերի բացը։ Այդ պատճառով էլ նմանատիպ համագործակցությունները մեզ համար շատ կարևոր են. մենք կարողանում ենք հայ ուսանողներին և երիտասարդներին հասանելի դարձնել միջազգային ֆինանսական ոլորտի փորձը, որը մենք կուտակել ենք երկար տարիների աշխատանքի շնորհիվ և մեր ընկերության թիմը համալրել նոր, գիտակ կադրերով»,-նշեց Վարդան Ամարյանը և հավելեց, որ հուշագիրը հնարավոր երկարատև համագործակցության սկիզբն է միայն, բուհ-մասնավոր հատված փոխգործակցությամբ տարաբնույթ նախագծեր կիրականացվեն։

Կողմերը փաստեցին, որ համագործակցության արդյունքները կլինեն առարկայական և տեսանելի կարճ ժամկետներում։

Apricot Capital-ը Հայաստանում 2022 թվականին գրանցված եւ լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրում է համապարփակ ֆինանսական ծառայություններ՝ ներառելով բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման եւ խորհրդատվական ծառայություններ: Թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ եւ փորձ ունեցող լավագույն մասնագետներից։ Կենտրոնանալով նորարարության եւ հաճախորդամետ լուծումների վրա՝ Apricot Capital-ը շարունակում է սահմանել ոլորտի չափանիշները եւ ներկայանալ որպես՝ Հայաստանում ներդրումային գործիքներ եւ արդյունավետ հարթակ տրամադրող ընկերություն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ