Հայ-ռուսական հարաբերություններում, որոնք ավանդաբար համրավել են որպես դաշնակցային, վերջին տարիներին լարվածության միտումներ են նկատվում, որոնք ներկայումս առավել ցայտուն դրսևորվում են։ Թեմայի վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել միջազգային հեղինակավոր BBC-ի ռուսական ծառայությունը, որը
Oragir.News-ը թարգմանաբար ներկայացնում է.
1991 թվականին Ռուսաստանն առաջին պետություններից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, հաստատեց դիվանագիտական հարաբերություններ,և տարիներ շարունակ ամրապնդեց իր հարաբերությունները: Համագործակցության առաջին կարևոր փուլը 1992 թվականին էր, երբ Հայաստանում ռուս սահմանապահները վերահսկողություն հաստատեցին Թուրքիայի և Իրանի սահմանների երկայնքով, իսկ մի քանի տարի անց՝ Ռուսաստանին հաջողվում է ռազմաբազա է հիմնել Գյումրիում։
Այդ ժամանակաշրջանում Ռուսաստանն ուժեղացնում էր իր ռազմական ներկայությունն իր համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջաններում, իսկ Հայաստանը՝ անընդմեջ բախվելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական մարտահրավերներին և հակամարտություններին, ռուսական բազայում տեսնում էր իր անվտանգության երաշխիքը։
Անվտանգության երաշխիքները ապահովելու համար՝ Հայաստանը միացել է ՀԱՊԿ-ին, որը խոստանում էր պաշտպանություն՝ ռազմական ագրեսիայի դեպքում։
Լարվածությունը հիմնականում աճում էր Լեռնային Ղարաբաղում, որը նույնիսկ Հայաստանի կողմից չէր ճանաչվել, սակայն Երևանի եւ Բաքվի միջև պատերազմների և հակամարտությունների պատճառ էր դարձել։ Այդ լարվածությունն ի վերջո վերաճեց 2020 թվականի պատերազմի, որում հաղթեց Ադրբեջանը, իսկ Ռուսաստանը՝ պատերազմում զբաղեցրեց իր պատվավոր տեղը։
Ադրբեջանին հաջողվեց վերադարձնել կորցրած գրեթե բոլոր տարածքները՝ բացառությամբ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական մասի և Հայաստան տանող Լաչինի միջանցքի։ Արդյունքում տարածաշրջանում հայտնվեց ռուսական խաղաղապահ զորախումբը, իսկ Ռուսաստանը՝ կարծես թե ստացավ այն, ինչ ուզում էր. հակամարտությունը կրկին սառեցվեց, իսկ Ադրբեջանի կողմից՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում տեղակայվեցին ռուս զինվորականներ:
Նրանց դիրքերն այնտեղ կարգավորվում էին մեկ փաստաթղթով ՝ հրադադարի մասին երեք կողմերի հայտարարությամբ։ Նման պարագայում Ադրբեջանն ու Հայաստանը պաշտոնական կերպով համաձայնել են տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը, բայց թե ինչ են անելու զինվորականներն այնտեղ, հայտարարության մեջ չի նշվում։ Դասական իմաստով խաղաղապահները չեն կարող խաղաղություն պարտադրել, այսինքն՝ ուժ կիրառել։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը հարձակվի նրանց, կամ քաղաքացիական անձանց վրա: Լեռնային Ղարաբաղի դեպքում կողմերն ակնհայտորեն ունեին իրենց պատկերացումներն այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա հակամարտության նոր փուլի դեպքում։
APRI Armenia վերլուծական կենտրոնի հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը անդրադառնալով պատերազմին նշել է, որ Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի առաջին հարձակումները սկսել են տեղի ունենալ դեռևս 2021 թվականի մայիսին՝ առանց Ռուսաստանի ակնհայտ արձագանքի։
«Ոչ բարեկամական» քայլեր
2022 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի դեմ, և բոլոր ուժերը կենտրոնացրեց այնտեղ։ Ադրբեջանը հետևելով իրավիճակին՝ հաջողության հասնելու իր շանսերը բարձր է գնահատել և կազմակերպել է հայերի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում։
«Ուկրաինայի հետ պատերազմն էլ ավելի արագացրեց գործընթացը, և Ադրբեջանը հեշտությամբ օգտվեց այն իրողությունից, որ Ռուսաստանը չի կարող ոչ մի կողմ ընտրել այս հակամարտությունում, քանի որ այդ ժամանակ նա վայրկենապես կկորցնի մյուս երկրին»,- ասում է Լեոնիդ Ներսիսյանը:
Երբ Ադրբեջանը սկսեց գնդակոծել Հայաստանի տարածքը, այդ ժամանակ երկիրը դիմեց ՀԱՊԿ-ի իր դաշնակիցների օգնությանը, սակայն ուժային դաշինքը դեմ արտահայտվեց հակամարտության լուծման ուժային մեթոդներին։ Այդ դեպքերից հետո Երևանում բնակիչները դուրս են եկել հանրահավաքի՝ պահանջելով դուրս գալ ՀԱՊԿ-ից և բանակցություններ սկսել այլ երկրների հետ ՝ անվտանգության նոր համակարգ ստեղծելու համար:
Իսկ 2023 թվականի սեպտեմբերին բռնկված պատերազմի ընթացքում Ռուսաստանը վերջնականապես ցույց տվեց, որ պատրաստ չէ հակամարտության մեջ մտնել Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով նույնիսկ սեփական խաղաղապահների կորուստը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլևս գոյություն չունի որևէ ձևով, իսկ հայերը Ռուսաստանի անգործությունը դավաճանություն են անվանում, մինչդեռ պաշտոնյաները սկսում են հասկանալ, որ Մոսկվային չպետք է վստահելի գործընկեր համարել:
Մինչ հայերը ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ Մոսկվան կարծես ինքն է հեռանում տարածաշրջանից՝ ասելով, «մի օր մենք պարզապես կարթնանանք և կտեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ»:
Այս տարվա ընթացքում Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ-ի հետ համատեղ երկու զորավարժություններին և միացել է Հաագայի դատարանին, այն դատարանին, որը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում էր կայացրել։ Նիկոլ Փաշինյանը ասում է,որ դա արվել է հենց Հայաստանի անվտանգության համակարգը բարելավելու համար այն պարագայում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում իր պարտավորությունները։ Բայց վարչապետն ընդգծում էր, որ այդ գործընթացը բոլորովին կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ։
Այդ ժամանակահատվածում վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, մեկնել էր Կիև՝ մասնակցելու առաջին տիկնանց և ջենթլմենների գագաթնաժողովին։ Իսկ Հայաստանում ԱՄՆ-ի հետ սկսվել են ոչ մեծ մասշտաբներով, բայց քաղաքականության տեսանկյունից ցուցադրական զորավարժություններ անցկացնել։
Այսինքն՝ քանի դեռ Ռուսաստանը, նրա ղեկավարության խոսքով, Ուկրաինայում կռվում է ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ, Կովկասում նրա դաշնակիցը զորավարժություններ էր անցկացնում ամերիկացի զինվորականների հետ։
Ռուսաստանն այս կապակցությամբ, իհարկե, իր դժգոհությունն էր հայտնում, բայց Հայաստանում արդեն իսկ գիտակցեցին՝ Մոսկվան էապես չի օգնում Հայաստանին անվտանգության հարցերում։
«Գլխավոր խնդիրը, որը շատ ավելի կարևոր է, քան քաղաքական եւ դիվանագիտական տարաձայնություններն են, այն է, որ հայ հասարակությունը հիասթափված է Ռուսաստանի վերաբերմունքից Ղարաբաղի շրջափակման նկատմամբ և կորցնում է հավատը, որ դաշնակիցը պատրաստ էր ինչ-որ բան ձեռնարկել՝ ղարաբաղցիներին սովից փրկելու համար»,- BBC-ի հետ զրույցում նկատել է հայ լրագրող Մարկ Գրիգորյանը ։
Նվազեցնել թշնամանքի մակարդակը
Երեքշաբթի օրը Հայաստանում տեղի ունեցավ «տարածաշրջանային նոր իրողություններ» խորագրով կոնֆերանսը: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կոնֆերանսի ժամանակ հայտարարել է. «մեր օրերում խաթարվում են միջազգային հարաբերությունների մեզ բոլորիս հայտնի սկզբունքներն ու կանոնները, իսկ համատեղ անվտանգության ոլորտում վստահությունն ու լավատեսությունը շարունակում են նվազել»:
Համաժողովի մասնակիցներից մեկը Հայաստանում Հնդկաստանի դեսպանն էր։ Հնդկաստանը հնարավորինս բաց է Հայաստանի հետ երկխոսության համար։ Դեռևս 2020 թվականին Հնդկաստանը Հայաստանին մատակարարել է ավելի քան 40 մլն դոլար արժողությամբ մի քանի ռադիոլոկացիոն կայան։ Նախորդ տարի Հայաստանը Հնդկաստանից գնել է 250 մլն դոլարի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռային համալիրներ և զինամթերք:
Նոյեմբերին հնդկական լրատվամիջոցները հայտնում էին, որ Հայաստանը Հնդկաստանից գնում է ևս չորս տասնյակ միլիոնանոց անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր։
«Հնդկաստանի հետ հարաբերությունները վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի համար թերևս ամենամեծ ձեռքբերումն են։ Այսօր Հնդկաստանը ռազմատեխնիկական համագործակցության առումով Հայաստանի խոշորագույն գործընկերն է»,- կարծում է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։
Գիտաժողովին Հնդկաստանի դեսպանից բացի մասնակցում էին նաև փորձագետներ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայից:
«Հայաստանը նպատակ ունի բացել տարածաշրջանի սահմանը,բոլոր կոմունիկացիաները։ Դա ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական նախագիծ է։ Հայաստանի գործող իշխանությունները կարծում են, որ Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանքի ներկայիս մակարդակը պահպանելու դեպքում Երևանն ռեսուրսներ չունի միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում այդ երկրներին դիմակայելու համար: Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանն այլ նպատակներ ունի՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա»,- կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Չորեքշաբթի օրը հերթական անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսեց Զանգեզուրի միջանցքից, որը կարող էր Ադրբեջանի հիմնական մասը կապել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և անցնել Հայաստանի տարածքով։
Ներկայիս Հայաստանի կարևոր գործընկեր էր հանդիսանում Ֆրանսիան։ Հոկտեմբերին Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ երկիրը Հայաստանին սպառազինություն կմատակարարի, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր ։
«Անհրաժեշտ է թույլ տալ Հայաստանին պաշտպանել իր բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը»,- պարզաբանել է նախարար Սեբաստիան Լեկորնյուն:
Ֆրանսիայի հետ մերձեցման գործընթացը շարունակվում է։ Նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը մեկնում էր Փարիզ՝ հանդիպելու Էմանուել Մակրոնի հետ և վստահեցնում, որ Երևանը կցանկանար ավելի սերտ համագործակցություն ունենալ տնտեսության և այլ ոլորտներում:
Անտեսելով ԱՊՀ շրջանակներում կայացած հանդիպումը՝ Փաշինյանը ժամանակ գտավ մեկնել Եվրոպա՝ Իսպանիայում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այնտեղ նա հանդիպում էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։
Այս ամենով Հայաստանը կարծես թե երես է թեքում Ռուսաստանից և փոխում է իր արտաքին քաղաքական վեկտոր։ Բայց փորձագետները, որոնց հետ BBC-ն խոսել է, նախընտրում են դա չանվանել «հակադարձում» ՝ փոխարենը գործածելով մեկ այլ բառ՝ դիվերսիֆիկացում: Այս եզրույթով Հայաստանի վերջին քայլերը բնութագրեց նաև անձամ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը փորձում է լրացնել ձևավորված աշխարհաքաղաքական վակուումը ՝ դիվերսիֆիկացնելով արտաքին քաղաքական հարաբերությունները և գտնելով նոր գործընկերներ ինչպես Արևմուտքում, այնպես էլ այլ ուղղություններով»-, եզրափակեց Տիգրան Գրիգորյանը։
Աննա Ուդումյան