Իմ  մահվան օրը կիջնի լռություն․ այսօր Եղիշե Չարենցի հիշատակի օրն է
copy image url

Իմ  մահվան օրը կիջնի լռություն․ այսօր Եղիշե Չարենցի հիշատակի օրն է

Մշակույթ 1 տարի առաջ - 13:21 27-11-2023
«Ես գնում եմ այս աշխարհից որպես Չարենց ու կդառնամ նորեն որպես Չարենց»,- ականատեսները վկայում են, որ սրանք բոլոր ժամանակների հանճարեղ բանաստեղծի՝ Չարենցի վերջին խոսքերն են մահից առաջ։

Հյուծված, հոգեկան ու ֆիզիկական ծանր վիճակում գտնվող բանաստեղծը մահացել է բանտի հիվանդանոցում 1937 թ․ նոյեմբերի 27-ի առավոտյան։

1937- թվականի հուլիսի 27-ին Չարենցին ձերբակալեցին: Երբ արդեն եկել էին Չարենցի հետևից, նա դիմել է կնոջը՝ ասելով․

-Իզաբելա՛, որտե՞ղ են երեխեքը, ես ուզում եմ երեխեքին համբուրել։

-Չէ՛, մի՛ համբուրիր, դու պիտի վերադառնաս… պետք չէ հրաժեշտ տալ,- ընդդիմացել է կինը։

-Լա՛վ, որ դու կարծում ես, թե հրաժեշտ տալը վատ նշան է, որ ես չեմ վերադառնա, ապա ես երեխեքին հրաժեշտ չեմ տա։ Բայցևայնպես իմ ժամացույցը վերցրու, կարող է քեզ պետք գալ։



Կյանքի վերջին օրերին բանտի հիվանդանոցում բանաստեղծի կողքին եղած ականատեսները պատմում են, թե անընդհատ կրկնում էր. «Ինչո՞ւմն է իմ մեղքը, ինչո՞ւմ եք ինձ մեղադրում, էլ չեմ դիմանում, հոգիս տակնուվրա է լինում, շունչս կտրվում է, էլ չեմ ուզում դիմադրել հանուն ապրելու… Ինչպիսի՜ ծաղր՝ մահն ավելի գերադասելի է, քան կյանքն այս իրականությունում»:

1937թ․ նոյեմբերի 17- ի թվագրումով պահպանվել է բանտի բժիշկ Օկոևի այս տեղեկանքը․
«Չարենցը հիվանդ է սուր էնտերոկոլիտով։ Հիվանդը գտնվում է բանտի հիվանդանոցում։ Նոյեմբերի 16-ին նայել եմ նրան։ Զարկերակը՝ 120․․․ Նշանակված է դեղորայքային բուժում․․․ Չարենցին անհրաժեշտ է դիետիկ սնունդ․․․ սպիտակ հաց կամ բուլկի, մածուն, կիսել, շաքար և կոնյակ՝ թեյի գդալով»:

Չարենցի մահից անմիջապես հետո կատարվել է դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է․ «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ կրծքավանդակին եղել է դաջված․ «1927 թվականի հունվար, Ա․Չ»»․ անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։



Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը ։ Այդ ամենը հասցրել են թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ իսկ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է՝ չհասնելով դատավճիռի կայացման։

Եղիշե Չարենցը մնաց անգերեզման, սակայն նրա առասպելական մահից հետո հայտնվեցին բազմաթիվ մարդիկ, որոնք վկայեցին, որ տեղյակ են, թե որտեղ է ամփոփվել բանաստեղծի մարմինը։

Չարենցի ծննդյան հարյուրամյակի առիթով «Մոլորակ» հանդեսում լույս է տեսնում մի հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» խորագրով: Հոդվածում նկարագրվում է, որ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդ, ով գնդապետ էր և արժանացել էր Լենինի շքանշանի, եղել է Չարենցի դահիճներից մեկը: 1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան կոմիսար Մուղդուսի գլխավորությամբ, ով նաև կազմակերպել էր Վահան Թոթովենցի սպանությունը, Չարենցը հանվում է Երևանի իր բանտախցից և տեղավորվում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին Մուղդուսին, Չարենցը, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ:

Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել՝ իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ Մուղդուսին արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»:

Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել: Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը:

Այս պատմությունը հետագայում՝ 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին: Վերջինս էլ այս վկայությունը հրատարակել է «Մոլորակ» հանդեսի 1997թ.-ի մարտի 18-ի համարում:

Սակայն այս և նմանատիպ բազմաթիվ պատմություններ հաճախ քննություն չեն բռնում այս կամ այն պատճառով։ Հայտնի է, որ Մուղդուսին սպանվել է 1937 թ․ սեպտեմբերին, ուստի նա Չարենցի եղերական սպանությանը մասնակցել չէր կարող։



Ի վերջո, որտե՞ղ են Չարենցի սրբազան մասունքները․ դժվար է պատասխանել, բայց ակնհայտ է, որ նա գտել է իր հանգրվանը համաշխարհային մշակույթի գանձարանում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC