Վերջին անգամ երկար նայեցի տանս պատերին, համբուրեցի տանս դուռը ու դուրս եկա․ արցախցի որդեկորույս մայր
copy image url

Վերջին անգամ երկար նայեցի տանս պատերին, համբուրեցի տանս դուռը ու դուրս եկա․ արցախցի որդեկորույս մայր

Ներքին 1 տարի առաջ - 21:45 25-11-2023
«Հիմա միայն նախանձում եմ այն հողին, որն այդպես ամուր գրկել է որդուս»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված, զոհվածի մայր Լորետա Բաղշիյանը, ում որդին՝ Արամը, 44-օրյա պատերազմի առաջին զոհերից է։



Լորետան Արցախում է թողել իր սիրտը, որովհետև որդուց զատ՝ կորցրել է նաև 2 եղբայրներին։

«Արամս զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ պայթյունից, երբ փորձել է փրկել մեկ այլ զինվորի կյանք։ Պայթյունի ժամանակ նա իր մարմնով ծածկել է զինակից ընկերոջը, ով այսօր դարձել է իմ երկրորդ Արամը։ Մինչև հիմա այդ տղայի հետ կապը պահում եմ և երբ տեսնում եմ նրան, Արամիս եմ զգում»,- ասում է Լորետան։

Արամը 2002 թվականին մայիսի 9-ին էր ծնվել։ Լորետան ասում է՝ մայր լինելու բերկրանքն առաջին անգամ զգացել է Արամի հետ:

«Նրանով է սկսել իմ կյանքն ու նրանով շարունակվում է, քանի որ իմ Արամը միշտ ինձ հետ է։ Նա միշտ իր խոստմանը հավատարիմ է եղել, բացառությամբ մեկի, երբ ինձ խոստացավ, որ անպայման հետ է գալու»,- ասում է որդեկորույս մայրը, ում համար երկրորդ հարվածը՝ անհայրենիք մնալը, ոչնչով սփոփել հնարավոր չէ։

«Երբ պիտի անվերադարձ լքեի տունս, վերջին անգամ երկար նայեցի տանս պատերին, ամեն մի անկյունին, համբուրեցի տանս դուռը ու դուրս եկա»,- ասում է մեր զրուցակիցը, ով իր հետ իր տնից բերել է միայն որդու լուսանկարները։

«Ինձ հետ միայն Արամիս լուսանկարներն ու մի քանի իրերն եմ վերցրել։ Վախենում էի, որ որդուս նկարները կվերցնեն, որովհետև շատերը զինվորական նկարներ էին: Հակարիի կամուրջի մոտ ադրբեջանցիները մոտեցան, բացեցին կապոցը և ի զարմանս ինձ՝ ոչինչ չարեցին»,- ասում է Լորետան, ում խոսքով՝ չնայած 30 ժամ ճանապարհ է կտրել, մինչև հատել է դժոխքի ճանապարհը, բայց ապրում է այն հույսով, որ մի փոփոխություն կլինի ու ետ կգնա Արցախ։

«Հիմա ապրում եմ Երևանում՝ այն հույսով, որ պիտի ետ գնամ իմ տուն: Աշխատում եմ թշնամու սոցհարթակներում տեղադրված տեսանյութերը չդիտել, որովհետև մեծ ցավ եմ ապրում և դժվարանում եմ տեսնել մեր երկիրն օտարների ձեռքին: Շատ ծանր եմ տանում, երբ գիտակցում եմ, որ թշնամին կարող է պղծել իմ եղբայրների ու այնտեղ թաղված տղաների գերեզմանները։ Ծանր է, երբ գիտակցում եմ, որ կան ծնողներ, մարդիկ, որոնց որդիների, հարազատի մարմինները Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանն են մնացել։ Միակ սփոփանքս այն է, որ որդիս թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,- ասում է որդեկորույս մայրը։



Նրա խոսքով՝ սեպտեմբերի 19-ի կռիվն անսպասելի էր․

«Մեկ օրում այդքան զոհ տալուց հետո հայտարարեցին, որ պետք է լքենք Արցախը ես անակնկալի եկա: Երբևէ չեմ կարծել, որ մի դավաճան այնքան ընկած կարող է լինել, որ այդքան կյանքեր խլած հողը նման անտարբերությամբ սկուտեղի վրա կհանձնի թշնամուն: Անհայրենիք լինելը թևեր ու ոտքեր կտրած լինելու նման է: Ուզում եմ ապրել իմ հայրենիքում, թեկուզ շրջափակման, պակասության մեջ, հերթերում, անմարդկային պայմաններում, բայց Արցախում, իմ հայրենիքում լինեմ»։

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»