«Ես՝ որպես ճարտարապետ, պատասխանատու եմ միայն եռաչափ մոդելավորման համար, որը իրականացվել է Տիրան Մարությանի ուսումնասիրության հիման վրա։ Գրքի տպագրությանը կամ բովանդակությանը առնչվող այլ հարցերին, ես չեմ ցանկանում առնչվել, քանի որ իմ գործը ճարտարապետությունն է»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց պատմական հագուստների հետազոտող և վերարտադրող Ռուբեն Սարգսյանը, ով Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի պատմության վիճահարույց դասագրքի շապիկի 3D մոդելավորման հեղինակն է։
Ճարտարապետ-3D վերակազմող Ռուբեն Սարգսյանն ասաց, որ գրքի շուրջ ստեղծված խոսակցությունների շրջանակներում խելամիտ քայլ չէ խոսել վիզուալ իրականությունից, քանի որ 2 կառույցների համադրությունը շապիկի վրա պատմական հիմքեր ունի․ եկեղեցին, որ պատկերված է Գառնու տաճարի կողքին, կառուցվել է 7-րդ դարում՝ Ներսես Տայեցի կաթողիկոս ժամանակաշրջանում․
«Եկեղեցին, որի ավերակները այսօր գտնվում են Գառնու հեթանոսական տաճարի աջ կողմում, կառուցվել է 7-րդ դարում՝ կաթողիկոս Ներսես Տայեցու ժամանակաշրջանում։ Բոլորաձև եկեղեցու պեղումները և դրա ուսումնասիրությունները թույլ են տվել հասկանալ վերջինիս ծավալատարածական հորինվածքը։
Ճարտարապետական գիտությունների դոկտոր Տիրան Մարությանի կողմից կատարված ուսումնասիրությունը թույլ է տվել հասկանալ վերջինիս ընդհանուր տեսքը՝ հիմք ընդունելով համաժամանակյա այլ եկեղեցիների հորինվածքներ։ Իր վերակազմության աշխատության շուրջ նա հրապարակել է հոդված, որտեղ ներկայացրել է ողջ ուսումնասիրությունը։ Եկեղեցին, թերևս կառուցված լինելով Մ․թ․ա․ I դարում կառուցված հեթանոսական տաճարի կողքին, որոշակիորեն հեգեմոն դիրք պետք է զբաղեցներ հեթանոսական կառույցի հանդեպ։
Եկեղեցին, ամենայն հավանականությամբ, կործանվել է հուժկու երկրաշարժից և այլևս երբեք չի վերակառուցվել։ Ի համեմատ հեթանոսական տաճարի, որը կառուցվել է բազալտ քարից, եկեղեցին կառուցվել է մի քանի երանգավորում ունեցող տուֆ քարից»։
Հարցին՝ ո՞ւմից է ստացել պատվեր՝ իրականացնելու գրքի շապիկի 3D մոդելավորումը, Սարգսյանը պատասխանեց․
«3D մոդելավորումը իրականացվել է իմ կողմից՝ կամավորական սկզբունքով։ Գրքի թե՛ խմբագրման, թե՛ մշակման հետ ես չեմ ունեցել որևէ առնչություն։ Ինձ համար միայն ողջունելի է եղել պատմությունը առավել տեսանելի դարձնելու համար կատարված աշխատանքի կիրառումը գրքի տպագրման շրջանակներում՝ այս դեպքում օգտագործելով Սրբ․ Սիոն եկեղեցու 3D-ն դասագրքում․ իմ աշխատանքները միտված են լուսաբանելու պատմությունը»։
Պատասխանելով այն հարցին՝ ովքե՞ր են գնահատել իր աշխատանքը, Սարգսյանն ասաց․
«Աշխատանքը` իր գիտական ճշգրտության առումով, թերևս գնահատելու կարիք չունի, քանի որ կրկին նշեմ, որ աշխատանքը Տիրան Մարությանինն է, ոչ թե իմը։ Ես պարզապես իրականացրել եմ նրա տեխնիկական` 3D` վիզուալացման խնդիրը»։
Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը քննադատության արժանացավ հանրության լայն շրջանակների, այդ թվում՝ կրթության փորձագետների կողմից, որից հետո էլ մի շարք պատմաբաններ, պատմության ուսուցիչներ և ծնողներ սկսեցին բոյկոտել դասագիրքը։ Քննարկման թեմա էր դարձել նաև դասագրքի շապիկին տեղ գտած 3D մոդելավորումը։