Ուղիղ եթեր
Արտաքին Միտք 2 տարի առաջ - 23:30 16-11-2023

Ալիևը և Էրդողանը դեմ չեն 2 պետության սկզբունքին, եթե այն իրենց չի վերաբերում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով այդ երկրում իշխում է ավելի քան 20 տարի, վերջին տարիներին պրոակտիվ արտաքին քաղաքականություն է վարում, որը ծառայում է ոչ միայն երկրի, այլ նաև իր անձնական շահերի սպասարկմանը։ Ալիևն այս տարիներին իր գործողություններով բազմիցս ապացուցել է, որ ըստ անհրաժեշտության՝ կարող է միանման հարցերի պարագայում իրար տրամագծորեն հակասող դիրքորոշում ցուցաբերել, եթե դա անհրաժեշտ է սեփական խնդիրները լուծելու համար։

Գաղտնիք չէ, որ Արցախյան հակամարտության պարագայում Բաքուն մշտապես պնդել է, որ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, իսկ Հայաստանին մեղադրել՝ իր տարածքները օկուպացնելու մեջ։ Ավելին՝ 2020 թվականի 44-օրյա և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված մեկօրյա ագրեսիաները միջազգային հանրության առաջ փորձել է հիմնավորել սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտությամբ։

Արցախի դեմ բոլոր ագրեսիաների ժամանակ Ադրբեջանին մեծ աջակցություն է ցուցաբերել Իսրայելը, իսկ Արցախի ենթակառուցվածքները թիրախավորվել են հիմնականում իսրայելական արտադրության զինտեսակներից։ Ադրբեջանական զինուժը Իսրայելից զենքի մեծ խմբաքանակ է ստացել սեպտեմբերի 19-ի հարձակումից անմիջապես առաջ, իսկ ռազմական գործողություններից մի քանի շաբաթ առաջ էլ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները բազմաթիվ թռիչքներ են իրականացրել իսրայելական «Օվդա» ավիաբազա, որը Իսրայելի միակ բազան է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկ ռազմամթերք է արտահանվում։ Associated Press լրատվական գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 1-17-ը ադրբեջանական ինքնաթիռներն առնվազն 6 անգամ թռիչք են իրականացրել դեպի իսրայելական «Օվդա»։

Իսրայելի ցուցաբերած աջակցության փաստն Ադրբեջանում չեն էլ թաքցնում։ Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը այդ առնչությամբ նշել է․ «Մենք գոհ ենք այդ համագործակցությունից, այն հօգուտ մեր պաշտպանունակության բարձրացման է եղել»։ Փորձագիտական որոշ գնահատականների համաձայն էլ՝ 2016-ից 2020 թվականներին Իսրայելի կողմից ռազմական մատակարարումներն Ադրբեջան կազմել են այդ երկիր զենքի ներմուծման ողջ ծավալի գրեթե 70 տոկոսը։

Հոկտեմբերի 7-ից առ այսօր, երբ մեկնարկեց Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը, Ադրբեջանն իր հերթին աննախադեպ ռազմական աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որպեսզի այդ երկիրը հաջողության հասնի ՀԱՄԱՍ-ի մարտիկների դեմ պայքարում։ Սա բնականաբար առաջացնում է իսլամական աշխարհի առանցքային դերակատարների, այդ թվում՝ նաև Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի դժգոհությունը, որոնք այս հակամարտությունում աջակցում են պաղեստինյան կողմին, իսկ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին համարում ազատարարներ։

Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ նախօրեին Ալիևը շնորհավորական նամակ է հղել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին։ Ադրբեջանի առաջնորդը շեշտում էր, որ նախորդ տարի Պաղեստինում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը դրական քայլ էր՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Նրա խոսքով՝ երկու պետությունների օրակարգում է Պաղեստինում դպրոց կառուցելու հարցը։

Իսրայելին ցուցաբերվող ռազմական աջակցության ֆոնին Ադրբեջանի նախագահը հույս էր հայտնում, որ Գազայում առկա լարվածությունը շուտով կվերացվի։ Առավել զավեշտալի էր, որ Ալիևը նշում էր, որ իր միշտ համերաշխություն է դրսևորել պաղեստինյան հարցի առնչությամբ և աջակցում է դրա լուծմանը՝ հիմնված երկու պետությունների սկզբունքի և ՄԱԿ-ի բանաձևերի ու որոշումներին վրա:

Կարող ենք փաստել, որ Ադրբեջանի նախագահը, ինչպես նաև վերջինիս դաշնակից Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրականում դեմ չեն խնդիրները երկու պետության սկզբունքով լուծելու տարբերակին, սակայն այն դեպքում, եթե այն իրենց չի վերաբերում։ Գաղտնիք չէ, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում նույնպես առաջարկվել է խնդիրը լուծել երկու առանձին պետությունների մոդելով, սակայն Ադրբեջանը, այդ թվում՝ Թուրքիայի ուղղորդմամբ, միշտ հրաժարվել է այդ տարբերակներից՝ պնդելով սեփական տարածքային ամբողջականության խախտման անթույլտրելիությունը։

Սակայն կարծում ենք, որ իրականում Ադրբեջանի նախագահն ամբողջովին աջակցում է Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողություններին, իսկ Պաղեստինի առաջնորդին ուղղված շնորհավորանքը պայմանավորված է իսլամական աշխարհի երկու առանցքային դերակատարներին՝ Թուրքիային և Իրանին հաճոյանալու ցանկությամբ, որոնցից վերջինի հետ ունեցած լարվածությունը ձգտում է վերացնել։ Պատահական չէր, որ 3+3 ձևաչափի հանդիպման շրջանակներում Թեհրան մեկնած Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել էր, որ Իսրայելը չի կարող որևէ իսլամադավան երկրի բարեկամը լինել, որով յուրօրինակ ուղերձ էր հղում Բաքվին առ այն, որ իր համար անընդունելի է վերջինիս աջակցությունը Իսրայելին։

Այսպիսով՝ Ադրբեջանի նախագահը հմտորեն կարողանում է երկու լարի վրա խաղալու քաղաքականություն վարել և օգտվելով տարբեր դերակատարների ունեցած տարաձայնություններից սեփական խնդիրները լուծել։ Հենց այս իրողության արդյունքում Ալիևին հաջողվեց հասնել այնպիսի հաջողությունների, որոնց անգամ ամենահաջող բանակցություններում չէր կարող հավակնել, իսկ Արցախի Հանրապետության ավելի քան 120 հազար բնակիչները ստիպված եղան լքել իրենց հայրենիքը և տեղափոխվել Հայաստան։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
12:30 Հաջիևը մեղավոր չէ, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են ու պատասխան չեն տալիս. քաղաքագետ