Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհով հրատարակվել է «Ժամանակակից երիտասարդների ֆիլմերի դրամատուրգիական հիմքը» գիրքը։ Գրքի հեղինակը սցենարիստ Վովա Արզումանյանն է, խմբագիրը՝ կինոգետ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը։ Գրքի բովանդակության, արծարծվող խնդիրների, ժամանակակից հայ կինոյում առկա թերությունների և խնդիրների մասին
Oragir.News-ը զրուցել է գրքի հեղինակ Վովա Արզումանյանի հետ։
-Ինչի՞ մասին է գիրքը։ -Գիրքը լույս է տեսել սեպտեմբերին, սակայն, հասկանալի պատճառներով, շնորհանդես տեղի չի ունեցել։ Գիրքը գրել եմ վերջին 4-5 ամսում։ Այն ընդհանուր առմամբ գրականագիտական և կինոգիտական քննություն է կինոդրամատուրգիայում․ հիմնականում անդրադարձել եմ վերջին 5-6 տարիներին նկարահանված որոշ ֆիլմերի, քննել եմ դրանց դրամատուրգիական կառույցը, վեր հանել խնդիրները, ընդգծել ժանրային առանձնահատկությունները՝ խմբավորելով այս ամենը։ Գրքում խոսում եմ և՛ վավերագրությունից, և՛ անիմացիայից, և՛ պոեզիայի էկրանավորումից։ Կա միտում՝ ներկայացնելու այն, ինչ ունենք, խոսել այն մասին, ինչ չունենք և պետք է մտածենք այդ ուղղությամբ։
-Ի՞նչ նպատակ ունի այս գիրքը։ -Գրքում ներկայացված ֆիլմերը քննելով մի քանի նպատակ ենք ունեցել․ համապարփակ ձեռնարկ-ուսումնասիրություն ունենալ դաշտում գործող ռեժիսորների, նաև ապագա ռեժիսորների, պրոդյուսերների, սցենարիստների համար, որ կարողանան նորը բերել՝ տեսնելով նկահարանվածը, դրա ընդգրկումը, հայեցակետերը։ Շատերը չեն ուսումնասիրում դաշտում գործող ռեժիսորների աշխատանքները, չեն դիտում ֆիլմերը։ Կարող են լինել սցենարներ, որոնք իրենց համար շատ հետաքրքիր թվան, բայց դրանք դաշտում վաղուց ծեծված լինեն և չկարողնան դրանով հաջողության հասնել, այդպիսով՝ մնան հում վիճակում. օրինակ՝ Հրաչ Սիմոնյանի «Գիշերային զբոսանքը» և Օվսաննա Շեկոյանի «Գլխիվարը»։ Ժամանակակից հայ կինոյում ռեժիսորները ուզում են փնտրել ինչ-որ բան, բայց երբեմն չեն գտնում հենց իրենց սխալների պատճառով․ միշտ մի քանի թույլ կողմ է լինում՝ կա՛մ սցենարն են իրենք գրում, ու իրենք էլ նկարահանում, կա՛մ դրամատուրգիական կառույցի վրա ուշադրություն չեն դարձնում և չեն ընդունում քննադատություն։ Այս ամենը վնասում է ֆիլմի կառուցիկ և դրամատուրգիապես ուժեղ լինելուն։ Հաճախ կինոյի մասին խոսելիս ասում եմ, որ չպետք է նայելու ժամանակ վերլուծել, որովհետև նայելու ժամանակ շատ դեպքերում էկրանը մեզ կարող է խաբել, մենք կարող ենք ինքներս մեզ խաբել, բայց երբեմն այդ խաբկանքը շատ ավելի խոր տեղեր է տանում։ Եթե մենք կինոդիտող ենք, և ռեժիսորը հավասարապես քայլում է մեզ հետ, հետո՝ ռեժիսորը կանգնում է, չի շարունակում, մեզնից առաջ չի անցնում, ապա այդ կինոն չի կարող հետաքրքիր լինել։ Իսկ երբ կինոն հետաքրքիր չէ, դիտողը չի բավարարում իր գեղագիտական ճաշակը, չի հաղորդակցվում արվեստի հետ։ Հենց այս տեսակի ֆիլմերն էլ գերիշխող են, թեպետ մենք ունենք հրաշալի ֆիլմեր և՛ վավերագրության մեջ, և՛ խաղարկային` հիմնականում կարճամետրաժների մեջ, և՛ անիմացիոն ֆիլմեր, որոնք մինչ օրս էլ հաջողություններ են գրանցում տարբեր հարթակներում և հազարավոր կինոդիտումների սեր վայելում։
- Ո՞ւմ համար է նախատեսված գիրքը։ Ովքե՞ր պիտի կարդան։ -Կարծում եմ` բացի կինոոլորտի սկսնակներից և ինչ-որ ծրագրեր իրագործած մարդկանցից, այս գիրքը պետք է հետաքրքրի արվեստի բուհերում սովորող ուսանողներին։ Այդ իսկ պատճառով էլ գրքերը՝ որպես նվեր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ուղարկել է արվեստի բուհերին, քոլեջներին, կենտրոնական, մարզային գրադարաններին։ Կինոյով հետաքրքվող յուրաքանչյուր մարդ պետք է կարդա գիրքը ոչ թե նրա համար, որ տեսնի՝ ինչ կա դաշտում, այլ տեսնի, թե ինչպես և ինչ տեսանկյունից կարելի է դիտել կինոն՝ կինոն օգտագործելով ոչ միայն որպես ժամանցի միջոց, այլ նաև որպես ճաշակ փոխող կամ ձևավորող, կյանքին թեթևություն հաղորդող կամ կյանքին նոր տեսանկյունից նայելու միջոց, որովհետև կինոն արվեստ է, ու շատ դեպքերում այն տանում է մի ճանապարհով, որի մասին դու չես մտածել։ Վերջիվերջո, այն մարդկային բնավորության ձևավորման մեջ մեծ դեր ունի։ Կարծում եմ` ժամանակն այնքան արագահոս է, որ երբեմն սխալների վրա ուշադրություն չդարձնելով ՝ առաջ ենք գնում, բայց վնասում ենք մեր արվեստը։ Ժամանակակից ասելով պետք չէ ամեն ինչ փչացնել, տուրք տալ այն ամենին, ինչ մտքով անցնում է։ Պետք է նախ քննել, հասկանալ, նոր քայլ անել։ Քանի որ սա մենագրություն է, այստեղ միայն իմ կարծիքն է արտահայտված, հնարավոր է մարդիկ լինեն` չընդունեն, ընդդիմանան և այլն։ Բայց այստեղ փորձել եմ չճանաչել ռեժիսորներին ու ճանաչել միայն իրենց ֆիլմերը։ Այսինքն՝ կարևորն անձը չէ, այլ գործը։ Ի դեպ, նշեմ, որ մի քանի տարվա փորձառություն ունեցող ռեժիսորներ ունենք, որոնք նոր գեղագիտությամբ են առաջնորդվում, ստեղծում են նորը` չտրորելով հինը։ Սա ևս կարևոր է։ Մենագրությունս բոլորի համար է։ Թող յուրաքանչյուրն ինքը որոշի` ինչու պետք է կարդա, և ինչու պետք չէ իրեն այս գիրքը։