Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը, ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուն և ԱՄՆ դեսպանության այլ ներկայացուցիչներ միացել են Սասնաշենի բնակիչներին՝ հարգանքի տուրք մատուցելու 1958 թվականի սեպտեմբերի 2-ին Ներքին Սասնաշենի մերձակայքում խորհրդային ուժերի կողմից խոցված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անձնակազմի զոհված 17 անդամների հիշատակին։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
«1993 թ․ Ներքին Սասնաշենի բնակիչների աջակցությամբ քանդակագործ Մարտին Կակոսյանը հուշակոթող տեղադրեց և այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի համայնքի բնակիչները հիշատակի տուրք են մատուցում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամներին։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կակոսյանին, նրա ընտանիքին և Սասնաշենի բնակիչներին՝ զոհված ամերիկացի զինծառայողների հիշատակը վառ պահելու և նրանց պատմությունը սերունդներին փոխանցելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։