Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 20:00 16-10-2023

Ինչու է Արևմուտքը նվազեցրել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, աննախադեպ մեծ ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերեցին Ուկրաինային, որի շնորհիվ երկիրը կարողացավ դիմագրավել ռուսական հարձակումներին, զգալի կորուստներ պատճառել ՌԴ-ին, իսկ ավելի ուշ վերականգնել վերահսկողությունը պատերազմի սկզբում կորցրած տարածքների մի մասի նկատմամբ։

Եթե ռազմական գործողությունների սկզբնական շրջանում ուկրաինական կողմը հայտարարում էր, որ պատրաստ է զիջումներով պատերազմը դադարեցնելուն, բանակցություններ էր վարում հրադադար հաստատելու շուրջ, ապա ավելի ուշ արդեն հրաժարվեց բանակցություններից և սկսեց պնդել, որ պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, երբ Կիևը վերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի սահմաններում։

Ուկրաինայի 1991 թվականի սահմաններն ընդգրկում են ոչ միայն ինքնահռչակ Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի տարածքը, որոնց հիմնական մասը ներկայումս գտնվում է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ, այլ նաև Ղրիմը, որը 2014 թվականից վերահսկվում է ՌԴ-ի կողմից։ Եթե ռուսական կողմը առաջին չորս բնակավայրերի դեպքում չի բացառում որոշակի սցենարների դեպքում դրանք Ուկրաինային վերադարձնելու հնարավորությունը, ապա Ղրիմի պարագայում դա բացառում է, քանի որ թերակղզին համարում է իր տարածքի անբաժանելի մասը, որը խորհրդային իշխանություններն անարդարացիորեն հանձնել են Ուկրաինային։

Նշենք նաև, որ ռուսական վերահսկողության տակ անցած մյուս տարածքներում նույնպես հանրաքվեներ են անցկացվել, որոնց արդյունքները միջազգային հանրությունը չի ճանաչում, և բնակչության մեծամասնությունը քվեակել է ՌԴ-ի կազմ մտնելու օգտին։ Այս հանրաքվեներից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր ստորագրեց, որով արգելում է ռուսական կողմի հետ ցանկացած բանակցություն, քանի դեռ այդ երկրի նախագահը Վլադիմիր Պուտինն է։ Այսպիսով, ռուս-ուկրաինական բանակցությունները հայտնվեցին փակուղում, և շուրջ 1 տարի է, ինչ որևէ բանակցություն տեղի չի ունենում։

Նկատենք, որ ԱՄՆ-ն և Ուկրաինայի մյուս դաշնակիցները վերջին շրջանում զգալիորեն նվազեցրել են այդ երկրին տրամադրվող ռազմական աջակցության ծավալները։ Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 200 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանային զինամթերք և հրթիռներ։ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության համատեքստում սա շատ փոքր թիվ է․ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը Կիևին տրամադրել է ընդհանուր առմամբ 43․9 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն։

Նախօրեին էլ Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ Կիևի համար ավելի դժվար է դառնում ֆինանսական աջակցություն ստանալը, քանի որ առանցքային դոնոր երկրների պաշտոնյաների ուշադրությունը ուղղված է ապագա ընտրություններին, իսկ աշխարհաքաղաքական լարվածությումը մեծանում է: «Ես տեսնում եմ մեծ հոգնածություն, տեսնում եմ մեր գործընկերների մեծ թուլությունը, նրանք կուզեին մոռանալ պատերազմի մասին, բայց պատերազմը դեռ շարունակվում է։ Ուկրաինան այժմ կրկնակի ջանքեր է գործադրում՝ համոզելու մեր գործընկերներին աջակցել մեզ, քան նախորդ, ապրիլի վերջի տարեկան հանդիպման ժամանակ»,- ասել էր պաշտոնյան։

Կարծում ենք՝ Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալների նվազումը պայմանավորված է մի քանի հանգամանքով․ նախևառաջ շուրջ 20 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում Արևմուտքն աննախադես աջակցություն է ցուցաբերել Կիևին, ինչի հետևանքով ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները սպառման եզրին են։ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը հայտարարել էր, որ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումներն իրականացվում էին Եվրոպայի՝ կիսով չափ լցված, կամ ավելի վատ վիճակում գտնվող պահեստներից, իսկ տակառի հատակն այլևս երևում է։ Ներկայումս այս իրողությունը հաշվի առնելով եվրոպացի բազմաթիվ պաշտոնյաներ հորդորում են մեծացնել զինամթերքի արտադրության ծավալները, որպեսզի Արևմուտքը կարողանա բավարարել Կիևի ռազմական կարիքները։

Բացի այդ, վերջին շրջանում Գազայի հատվածում մեկնարկած ռազմական գործողությունները միջազգային հանրության ուշադրությունը շեղել են Ուկրաինայում ընթացող զարգացումներից, իսկ երկրի արևմտյան դաշնակիցներն իրենց միջոցները ու հնարավորթյունները կենտրոնացնում են նաև Իսրայելին աջակցություն ցուցաբերելու համար։ Իսրայելին տրամադրվող աջակցությունը բնականաբար նվազեցնում է այն միջոցները, որոնք կարող էին ուղղվել Ուկրաինայի ռազմական կարիքների բավարարմանը, ինչը բարդացոնւմ է ուկրաինական ռազմաճակատում տիրող իրավիճակը և հաջողության հասնելու հնարավորությունները։

Միևնույն ժամանակ չի բացառվում, որ ստեղծված իրավիճակում Արևմուտքին և Ռուսաստանին հաջողվել է Ուկրաինայի հարցում համաձայնության գալ, ինչի արդյունքում Արևմուտքը նվազեցրել է Կիևին տրամադրվող աջակցության ծավալները, ավելի ուշ առհասարակ կդադարեցնի այն, իսկ Կիևը ստիպված կլինի բանակցություններ վարել Մոսկվայի հետ՝ պատերազմը դադարցնելու շուրջ։ Նշենք, որ Արևմուտքի և ՌԴ-ի միջև նման բանակցությունների մի քանի փորձ արդեն եղել է, որոնցից վերջինն էլ տեղի է ունեցել Ստամբուլում՝ նախքան Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված վերջին ագրեսիան, ուստի Ուկրաինայի հարցով բանակցությունների անցկացումն անիրատեսական չէ։

Հատկանշական է նաև, թե Արևմուտք-ՌԴ հնարավոր բանակցություններն ու համաձայնությունը ինչպիսի ազդեցություն կունենան Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի վրա։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանն ավանդաբար համարվել է Ռուսաստանի ազդեցության գոտի, սակայն ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Արևմուտքը փորձում էր ամեն կերպ նվազեցնել վերջինիս ազդեցությունը, իսկ հնարավորության դեպքում նրան դուրս մղել այստեղից։

Ներկայիս իրավիճակում եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, ապա այն կպրոյեկտվի նաև Հարավային Կովկասում, և շատ հավանական է, որ Արևմուտքը կհրաժարվի տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցությունը հակակշռելու փորձերից։ Այս պարագայում ամենայն հավանականությամբ հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության պայմանագիրը կստորագրվի ռուսական միջնորդությամբ, իսկ տարածաշրջանում ապաշրջափակվող ենթակառուցվածքները կվերահսկվեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից: