Մշակույթ 2 տարի առաջ - 19:28 15-10-2023

Զորավոր է նա, ով մայր հողի կրծքից մի փուշ հանի․ Մուշեղ Գալշոյանի հիշատակի օրն է

«Եվ Սասնա տան այդ «ծուռ» ու շիտակ, այդ միամիտ ու խիզախ, արտաքուստ հակասական, բայց ներքուստ ներդաշնակ այդ մարդկանց տան հարազատ զավակն ու տաղանդավոր տարեգիրն էր «Զարթիր լաո» երկի պես նուրբ ու քնքուշ Մուշեղ Գալշոյանը»,- այսպես է բնութագրել նրան Վահագն Դավթյանը։

Այսօր արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Մուշեղ Գալշոյանի հիշատակի օրն է։

«Հողը մայր է: Զորավոր է հողի համբույրը: Զորավոր է նա, ով մայր հողի կրծքից մի փուշ հանի, այս քարեղեն աշխարհի քարից հաց քամի»,- վստահ էր իր կորցրած հայրենիքի ամեն քարն ու թուփը անգիր իմացող գրողը։



Թեև Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Մուշեղ Գալշոյանը լավագույնս կենդանացրեց կորուսյալ հայրենիքը՝ դառնալով դրա վերադարձի պահանջատերը։

«Օսման, թալանչի Օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞։ Քու թալանչի ձեռքն, որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞։ Քու գիշատիչ աչքն, որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞։ Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբարն քոնն է, հա՞...» Աթաբունար... Մամփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե կմնա՝ Մեհրեաղբյուր։ Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեղ, հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ու, կամոք արարչի, տեղն ու տեղն աղբուր է բխել։ Եվ արարիչն ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել ու արարիչն է կնքել: Օսման, թալանչի Օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա»,- Մամփրե պապիկի բերանով արդարության ձայն է բարձրացնում Գալշոյանը, որի խոսքերն այնքա՜ն արդիական են նաև մեր օրերում։



Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել