ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված` հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի այս պահին միակ դասագիրքն ակտիվորեն շարունակում է քննարկվել մասնագետների շրջանում։ Պատմաբան Վանո Կարապետյանը
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ դասագրքում բացթողումներն ու թերությունները շատ են։
«Ուրարտական պետության ամենահզոր գահակալներից երկուսի՝ Մենուայի և Արգիշտի 1-ի քաղաքական, ռազմական և տնտեսական գործունեությանը հեղինակը անդրադառնում է շատ հակիրճ ու ոչ առարկայական։ Օրինակ` հստակ չի նշվում Մենուայի և Արգիշտի 1-ինի արշավանքների ուղղությունները գրաված տարածքները, հեղինակը չի նշում անգամ 72 կմ երկարություն ունեցող Մենուայի ջրանցքի երկարությունը, ինչպես նաև Մենուախինիլի քաղաքի կառուցումը։ Որևէ խոսքը չկա Արգիշտի 1-ինի կողմից Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքի կառուցման մասին։ Գրքում նշված չէ նաև Ռուսա 1-ինի կողմից Թեյշեբաինի (ներկայիս Կարմիր բլուրը Երևանի տարածքում) քաղաքի հիմնադրման և վերջինիս ջրանցքաշինությամբ զբաղվելու փաստերը։ Ուրարտական պետության սահմանների վերաբերյալ դասագրքի քարտեզը հստակ պատկերացում չի տալիս, անգամ քարտեզի վրա նշված չեն երկրի խոշորագույն քաղաքները և բերդերը։ Տիգրան 2-րդի և Արտավազդ 2-րդի կառավարման շրջանը ևս չի փայլում մանրամասն նկարագրով, Իսկ Արտաշես 2-րդից հետո մյուս արքաների գործունեության վերաբերյալ գրեթե որևէ լուրջ պատերացում չի տալիս դասագիրքը»,- նշեց պատմաբանը՝ հավելելով, որ Ծոփքի և Կոմմագենեի, ինչպես նաև Փոքր Հայքի թագավորությունների վերաբերյալ դասագրքում առկա նյութերը անչափ աղքատիկ են։
Դասագիրքը որևէ լուրջ գիտելիք և պատկերացում չի տալիս հայկական դրամագիտության պատմություն վերաբերյալ։
Հայաստանում Քրիստոնեության տարածման և ընդունման վերաբերյալ դասագրքում առկա նյութերը աղքատիկ են։ Եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաբերյալ դասագիրքը խորքային պատկերացում չի տալիս։ Պապ թագավորից հետո մյուս գահակալների գործողության վերաբերյալ դասագիրքը որևէ էական տեղեկություն չի հաղորդում։ Արշակունյաց թագավորության վերացման բուն պատճառները խորքային շարադրանքի չեն արժանացել հեղինակի կողմից։
450-451 թթ., 481-484 թթ., և 571-572 թթ. հակապարսկական ապստամբությունների համակողմանի ներկայացումը հեղինակի կողմից չի կարևորվել։
«Հեղինակը կարևոր չի համարել նկարագրել Թեոդորոս Ռշտունու ռազմական և դիվանագիտական գործունեությունը, վերջինիս ջանքերը Մեծ Հայքի վերամիավորման համար։ Հակաարաբական ապստամբությունները խորքային նկարագիր չեն ստացել դասագրքում։ Հայաստանում ձևավորված արաբական ամիրայություններին կամ էմիրություններին հեղինակը գրեթե անդրադարձ չի կատարել։ Այս դասագիրքը միջառարկայական կապ չի ստեղծում մյուս հումանիտար բլոկի առարկաների հետ` հատկապես գրականության, հասարակագիտության և համաշխարհային պատմության հետ»,- նշեց Վանո Կարապետյանը։
Պատմաբանը ընդգծեց՝ Ուրարտական պետությունը ներկայացնող քարտեզը ևս վատն է, դրա փոխարեն կարող էր լինել մեկ ուրիշը, որը համապատասխանում է քարտեզագրության բոլոր չափորոշիչներին։ Խոսքն այս 2-րդ քարտեզի մասին է։

«Դասագրքի քարտեզը լղոզված է, սահմանները ոչ հստակ են, պայմանական նշանները թերի են, խոշորագույն բերդերը կամ բնակավայրերը նշված չեն և այլն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։