Ադրբեջանի կողմից Արցախի վրա վերջին հարձակման հեևանքով հարյուր հազարից ավելի արցախցիներ են բռնի տեղահանվել։ Վերջին տվյալով նարնց թիվը կազմում է 100․632։
Ուշագրավ է, սակայն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բռնի տեղահանվածների կարգավիճակ է տվել միայն սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած պատերազմից հետո Արցախից Հայաստան տեղափոխված անձանց, իսկ մինչ այդ, օրինակ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ըթացքում, երբ թշնամին օկուպացրեց Հադրութը, Շուշին և հայկական այլ բնակավայրեր, այդ մարդիկ չեն համարվում բռնի տեղահանվածներ։
«Այն ժամանակ, երբ հրադադար չկար,մենք մի կերպ ենք փախել ու եկել Հայաստան, հետո հետ գնալու տեղ չուենցանք,քանի որ մեր Հադրութի տունը մնաց թուրքերին։ Ճիշտ է մեզ այստեղ միանվագ 300․000 դրամ օգնություն տվեցին, նրանից հետո էլ 68․000-ական դրամներ, բայց հարցը գումարը չէ, այլ այն, որ մեզ կարգավիճակ չեն տալիս, այդքան պայքարեցինք, որ փախստականի կարգավիճակ տան, բայց ոչ մի բան չարեցին, հիմա էլ ասում են՝ դուք բռնի տեղահանված չեք»,- մեզ հետ զրույցում ասաց 2020 թվականի 44-օրյա պատերազի ընթացքում Հադրութից Հայաստան տեղափոխված արցախցիներից մեկը։
Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքի ղեկավար Արմեն Բուդաղյանը
Oragir.News-ի հետ զրույցում ևս հայտնեց, որ այդ խնդիրը կա։
«Ես իմ ընտանիքով 2020 թվականի պատերազմից հետո եմ դուրս եկել, մենք նույնպես 300․000-ական դրամ միանվագ աջակցություն, ապա 68․000-ական դրամներ ստացել ենք, իհարկե 68․000 դրամները հասնում է միայն կանանց, երեխաներին և 58 տարեկանից բարձր տղամարդկանց, այսինքն 18-ից մինչև 58 տարեկան տղամարդիկ այդ օգնությունից չենք ստացել։ Բայց այստեղ հարցը փողը չէ, այլ այն, որ Արցախում ապրել է շուրջ 150․000 հայ, բայց հիմա ներկայացվում է, որ բռնի տեղահանվածների թիվը 100․000 է»։
Արմեն Բուդազյանը պատմեց, որ 2020 թվականից հետո բնակություն էր հաստատել Կոտայիք մարզի Բյուրեղավան համայնքում, ընտանիքը հաշվառվել էր այնտեղ, բայց վերջերս տեղափոխվել են այլ հասցե և խնդրի բախվել։
«Վերջին պատերազմից հետո 3 եղբայրներս նույնպես տեղափոխվել են Հայաստան, ժամանակավոր իմ վարձակալած տանը պետք է ապրեն, մի քանի օր առաջ գնացինք, որ բոլորս հաշվառվենք նշված հասցեում, բայց Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցն ասաց՝ կոնկրետ դուք բռնի տեղահանված չեք։ Եղբայրներիս գրանցեցին, ինձ՝ ոչ։ Երևի մտածում են՝ գումար ստանալու համար ենք դիմել, բայց ինձ գումարը հարկավոր չէ, պարզապես կարգն է այդպես, որ որտեղ բնակվում ես, պետք է հաշվառվեց նշված հասցեում, հիմա ես որևէ տեղ հաշվառված չեմ։
Ինձ համար ցավալին այն է, որ ուզում ենք աշխարհին ներկայացնենք 145-150 հազար մարդու մասին է խոսքը, բայց չգիտես՝ ինչու, այսօր 100․500 են նշում։ Կրկնում եմ՝ խոսքը փողի մասին չէ, հայրենիքը փողով չեն սիրում, բայց նաև չառանձնացնենք՝ բռնի տեղահանվածներ և ոչ բռնի տեղահանվածներ, շահումյանցիների ու գետաշենցիների օյինը չխաղան մեր գլխին, որ հիասթափվենք, թողնենք գնանք այս երկրից»։
Oragir.News-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ կառավարությունից, սակայն մեզ փոխանցեցին, որ պետք է գրավոր հարցում ուղարկել։