Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 17:50 04-10-2023

ՌԴ-ի անգործությունը նույնպես պատասխան է. Մոսկվան անպատասխան չի թողնի Հռոմի ստատուտի վավերացումը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի խորհրդարանը նախօրեին ձայների 60 կողմ 22 դեմ հարաբերակցությամբ վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, չնայած Ռուսաստանի Դաշնությունից հնչող բազմաթիվ նախազգուշացումներին, որ Մոսկվան դա կհամարի թշնամական քայլ։

Հայաստանի իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ ստատուտի վավերացումը որևէ կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ, և այն թույլ կտա երաշխավորել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, ապահովել նրա շահերի դատական պաշտպանության հնարավորությունը:

Միևնույն ժամանակ մի շարք փորձագետներ չեն բացառում, որ ի պատասխան այս գործողության Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի դեմ կոշտ քայլեր կիրականացնի, որոնք կարող են ամենատարբեր դրսևորումներ ունենալ։ Այս պահի դրությամբ ռուսական կողմը դեռևս միայն կոշտ հայտարարություններով է հանդես գալիս, սակայն խուսափում է կոնկրետ քայլեր ձեռնարկելուց՝ ի պատասխան Հռոմի ստատուտի վավերացման։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել: Սա ենթադրում է, որ ցանկացած երկիր, ուր կայցելի Ռուսաստանի նախագահը պարտավոր է ձերբակալել վերջինիս, եթե տվյալ երկիրը վավերացրել է Հռոմի ստատուտը։ Հայաստանի իշխանություններն այս կապակցությամբ պնդում են, որ եթե Ռուսաստանի նախագահն այցելի Հայաստան չի ձերբակալվի, քանի որ պետության գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով, իսկ այս հարցում Մոսկվայի ունեցած մտահոգություններն անհիմն են։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտնեց, որ կոշտ քայլերը միանգամից չեն ձեռնարկվում, կարող են նաև ասիմետրիկ քայլեր տեղի լինել, որոնք միանգամից տեսանելի չեն լինի։ Նա չի կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատասխանի ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը, սակայն պատասխանելու տարբեր ձևեր կան.

«Օրինակ այն, ինչ տեղի է ունենում հիմա Լեռնային Ղարաբաղի շուրջ. ռուսական անգործությունը նույնպես ասիմետրիկ պատասխտան է։ Այնպես չի, որ պարտադիր պետք է որևէ տեսանելի քայլ անեն և ասեն, որ դա Հռոմի ստատուտի վավերացման պատասխանն էր, բայց, անշուշտ, երբ կոնյակի արտահանման բարդություններ են առաջացել ու Լարսում կոնյակով բեռնված մեքենաները կանգնած են, դա էլ է պատասխան։ Ռուսաստանի քայլերն աստիճանաբար կլինեն»։

Սուրենյանցի խոսքով՝ ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններն այս պահին ոչ միայն ճգնաժամի մեջ են, այլ նաև գտնվում են թշնամական ռեժիմում։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ՌԴ-ն այն երկիրը չէ, որը նման բաները կանտեսի, և տարբեր հարթություններում՝ անվտանգային, տնտեսական հարաբերություններում և այլն, անպայման առաջիկա ամիսներին կտեսնենք շատ լուրջ ռիսկեր ու մարտահրավերներ։

Հարցին, թե իրատեսակա՞ն են այն մտահոգությունները, որ ի պատասխան այս գործողության, Ռուսաստանի դրդմամբ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ՝ մեր զրուցակիցը չբացառեց նման հնարավորությունը։ Նա այս համատեքստում հիշեցրեց Արցախում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները, վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալությունները և նշեց, որ ռուսական անգործության պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածությունն է։

Սուրեն Սուրենյանցը միևնույն ժամանակ շեշտեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին ոչինչ չի կարող տալ։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ներկայումս միջազգային իրավունքը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, և ակնկալել, որ այս համաշխարհային քաոսի պայմաններում կկարողանաս միջազգային իրավունքը ծառայեցնել քեզ, պարզապես միամտություն է։ Քաղաքագետը նաև նշեց, որ միջազգային իրավունքը միշտ էլ եղել է աշխարհաքաղաքական շահերի գործիք, և այս առումով նույնպես լավատեսական սպասումներ չկան։ Նրա խոսքով՝եթե անգամ իդեալական իրավիճակ լիներ և միջազգային իրավունքը գործեր, Ադրբեջանը Հռոմի ստատուտի անդամ չէ, ինչը նշանակում է, որ ստատուտն իր մասով կիրառելի է շատ սահմանափակ ծավալով։

«Բացի այդ Հռոմի ստատուտը անտեսված է, կամ առնվազն կարևորված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3 կողմից։ Հետևաբար միջազգային իրավունքից, Հռոմի ստատուտից որևէ ռացիոնալ սպասելիք հնարավոր չէ ունենալ։ Ընդհակառակը՝ դա ընդամենը Հայաստանի խնդիրներն է ավելացնում Ռուսաստանի հետ, ավելորդ լարվածություն է ստեղծում, որն անպայման ՀՀ ավտանգության և տնտեսության համար նոր մարտահրավերներ է առաջացնելու»,- կարծում է նա։

Սուրենյանցը նաև հավելեց, որ Հռոմի ստատուտը վավերացնելու հարցում Հայաստանի իշխանությունների դրսևորած համառությունն անհրաժեշտ է դիտարկել վերջիններիս հակառուսակա քաղաքականության համատեքստում, որևէ այլ բացատրություն չկա։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ