Ներքին 3 տարի առաջ - 18:45 28-09-2023

Մեզ լրջագույնս անհանգստացնում է հայ-ռուսական հարաբերությունների խզման փաստը․ հայտարարություն

Հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են․ այս մասին հայտարարել է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Տևական ժամանակ է Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունների միջև փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ են հնչեցվում: Սա աննախադեպ իրավիճակ է, որը չի եղել մեր համատեղ պատմության ընթացքում:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու, զարգացնելու օգտին: Դրանով է նաև պայմանավորված, որ մեր գործընկեր կազմակերպությունների` «Հայրենիքի վահան» պահեստազորի միություն ՀԿ-ի և Պահեստազորի սպաների շարժման հետ մեկտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երկու անգամ պահանջել ենք անհապաղ ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակելու փաթեթը, Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի տեղակայումը:

Այսօր էլ մենք մնում ենք նույն համոզմունքին, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է, որ մենք համախոհներ ենք, դաշնակիցներ ու կարող ենք դիմակայել առկա խնդիրներին բացառապես միասին գործելով, ընդհուպ կողմ ենք Եվրոմիության օրինակով միութենական երկիր կազմելուն, քանի որ բացի Թուրքիայի ազդեցության տակ ընկնելուց որևէ այլ ռեալ համագործակցության առաջարկ չկա, հնարավորություն չենք տեսնում:

Բայց այնուամենանիվ Արցախում այս վերջին օրերի ծավալված ողբերգական իրադարձությունները, երբ մարդիկ հարկադրված գաղթում են իրենց պատմական հայրենիքից, վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները լրջորեն խաթարված են, խիստ մշուշոտ է ապագան, ինչը մեզ մտահոգում, ցավ է պատճառում:

Մենք չենք ուզում խոսել, թե ստեղծված իրավիճակում ով է սխալ, ով է ճիշտ, սակայն փաստն այն է, որ ռուսական խաղաղապահների ներկայությամբ հայրենազրկվեց, տեղահան եղավ, գաղթական դարձավ շուրջ 120 հազար մարդ:

Ըստ մեզ` օբյեկտիվորեն մենք մշտապես քննադատել ենք Հայաստանի օրվա իշխանությունների ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, սակայն Ռուսաստանի նկատմամբ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն այնուամենայնիվ օբյեկտիվ է, քանի որ շուրջ 4 հազար տարի իր հողի վրա ապրած ժողովուրդը խաղաղապահ ուժերի ներկայությամբ փաստացի հայրենազրկվեց, գաղթի հարկադրվեց, ինչն աննախադեպ է խաղաղապահ առաքելության միջազգային պրակտիկայում:

Մեզ լրջագույնս անհանգստացնում է հայ-ռուսական հարաբերությունների խզման փաստը: Եթե Ռուսաստանը մնալու է այս տարածաշրջանում, այստեղ ունի ազգային, պետական շահեր, ապա պետք է հաշվի առնի հայկական միջավայրում տեղի ունեցող տրամադրությունների օբյեկտիվ փոփոխությունները, հետևություններ անի, Հայաստանի հետ վարի փոխշահավետ հարաբերություններ, այլապես Հայաստանը շատ կարճ ժամանակում համալրելու է արևմտյան կողմնորոշում ունեցող երկրների շարքը, և Ռուսաստանի մեսիջները արդյունք չեն ունենալու` չի կարելի երկակի ստանդարտներով առաջնորդվել` ինչպես, օրինակ, Ղրիմի ու Արցախի հարցերում:

Մենք զենքի եղբայրներ ենք, բնական դաշնակիցներ, հաղթել ենք, երբ միասին ենք եղել: Սերունդները մեր հարաբերությունների խզումը չեն ների»:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց