Երևանում գործող օնլայն առաքումներ կազմակերպող կազմակերպությունների աշխատանքից բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն են հայտնում։ Նրանք նշում են, որ առաքիչները ներկայանում են փնթի, թափթփված և հակահիգիենիկ վիճակով, ինչն էլ մատուցվող սննդի ապահովության մասին վստահություն չի ներշնչում։
Քաղաքացիների պնդմամբ՝ դեպքեր են եղել, երբ հրաժարվել են առաքված սննդից և ներկայացրել դժգոհություն առաքումը իրականացրած կազմակերպություններին կամ տվյալ սննդի կետին, որտեղից պատվեր են գրանցել։
«Վերջերս մեր պատվերը մատուցում էր օտարազգի մի առաքիչ, որն այնքան էլ հաճելի և մաքուր արտաքին չուներ։ Բացի այդ՝ կեղտոտ էր նաև պայուսակը, որով սնունդն էր տեղափոխվել․ ստիպված եղանք հրաժարվել մեր պատվերից։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէր, բայց այլևս չկարողացանք հանդուրժել նման վերաբերմունքը։ Իհարկե, կան առաքիչներ, որոնք պատշաճ տեսքով են ներկայանում, բայց հիմանականում փնթիություն է տիրում այս ոլորտում։ Առաքումն իրականացնում են տարբեր փոխադրամիջոցներով՝ սկուտեր, ավտոբուս,մետրո, ու այդ սննդի պայուսակը գետնին դրած, հազար ու մի բակտերիաներ կան․․․ Մի խոսքով՝ օնլայն տարբերակով սնունդ պատվիրելը այլևս անվտանգ չէ»,-
Oragir.News-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։
Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով՝ կապ հաստատեցինք Երևանում առաքման ծառայություններ իրականացնող մի քանի հայտնի կազմակերպությունների հետ։ Նրանք հայտնեցին, որ իրենց կազմակերպություններում հատուկ վերահսկողություն է գործում առաքիչներին աշխատանքի ընդունելու հարցով՝ կապված նրանց տեսքի, հիգիենայի, վարվեցողության և հաղորդակցության հետ, նրանք պարբերաբար անցնում են պարտադիր հարցազրույց-հանդիպում։
«Մեզ մոտ աշխատում են միայն հայեր։ Այլազգի աշխատողների հետ գործ չունենք։ Մեզ մոտ ամեն ինչ շատ խիստ է։ Մինչև գործի անցնելը՝ ձևաչափի, պահվածքի, խոսելաձևի կետեր են տրվում։ «Ախպերս», «քուրս» չկա, ցիվիլություն կա։ Շատ-շատ են եղել դեպքեր, երբ ոչ պատշաճ տեսքի համար աշխատողներ են հեռացվել։ Մենք ավելի շատ որակի վրա ենք աշխատում, քան քանակի․ եթե մենք էլ անցնենք լայնամասշտաբ քանակների, ինձ թվում է, մենք էլ կկոտրվենք։ Ինչ վերաբերում է դեպքերին, երբ առաքվող սնունդը կարող է վնասված, կիսաթափված լինել, ապա պարտադիր նորն է ուղարկվում»,-
Oragir.News-ի հետ զրույցում նշեց «buy.am» կազմակերպության փոխտնօրեն Աբել Հարությունյանը։
«Menu.am» առաքման ծառայությունից մեզ հայտնեցին, որ իրենց առաքիչները ևս որևէ կերպ շփում չեն ունենում սննդի հետ․ «Կազմակերպությունը չի զբաղվում սննդի պատրաստմամբ, փաթեթավորմամբ և սնունդը հաճախորդին հասնում է բացառապես փաթեթավորված, այդ թվում՝ պարտադիր կերպով ռեստորանի կողմից փակված տարաներով, ուստի մեր ընկերությունը ներկայացնող առաքիչները որևէ կերպ չեն կարող շփում ունենալ այն սննդի հետ, որը մատուցվում է հաճախորդին։ Մեր պահանջով՝ առաքիչը մուտք չունի սննդի տոպրակ, որովհետև դրանք հերմետիկ փակված են մեր գործընկերների կողմից։ Կարծում եմ՝ տեղյակ եք նաև, որ մեր աշխատակազմում կան նաև օտարերկրացիներ»։
Քացաքացիներից բողոքներ կային նաև «Glovo» առաքման ծառայությունից։ Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև այս կազմակերպությունից, սակայն կապ հաստատել չհաջողվեց։ Բողոքները կրկին վերաբերում էին մաքրությանը, հատկապես՝ նշում էին, որ բոլորը օտարերկրացիներ են և ներկայանում են ոչ պատշաճ արտաքինով։