Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 10:24 26-09-2023

Մենք հավատացած ենք, որ ԼՂ-ում պետք է լինի միջազգային առաքելություն. պետքարտուղարություն․ «Ամերիկայի Ձայն»

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլերն այսօր ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ կապված Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց զանգվածային տեղահանման, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ու Մոսկվա-Երևան դիվանագիտական ընդհարման մասին, գրում է «Ամերիկայի Ձայնը»-ը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առկա իրադրությանը՝ Միլերն ընդգծել է, որ ԱՄՆ-ին մտահոգում է ստեղծված իրավիճակը: Նա մատնանշեց Վաշինգտոնի առաջնահերթությունները՝ նշելով՝ առաջինը, որ պահպանվի այն զինադադարը, որն այժմ գործում է, և որ հետագայում չլինեն ռազմական գործողություններ։ Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները պետք է բավարարված լինեն, և երրորդն այն է, որ Ադրբեջանը և Հայաստանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրին՝ կապված տեղում հումանիտար իրավիճակի հետ: Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչությունը պետք է կարողանա ապրել հանգիստ իր տներում խաղաղության և արժանապատվության մեջ, իրենց իրավունքները և անվտանգությունը պետք է հարգված լինեն, եթե նրանք որոշեն ապրել այնտեղ: Նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ կամ վերադառնալ, պետք է կարող լինեն անվտանգ անել դա չեզոք անկախ երրորդ կողմի վերահսկողության ներքո:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչների անվտանգության և բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի համար, այդ թվում՝ ռազմական գործողություններում մասնակցություն ունեցած կասկածվողների:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղում միջազգային մոնիտորինգի մասին հարցին՝ նա ընդգծեց.

«Մենք հավատացած ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ թափանցիկության և վստահության մեջ Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ու միջազգային հանրությանը հավաստիացնելու համար և, վստահ լինելու համար, որ իրենց իրավունքները և անվտանգությունը պաշտպանված են՝ Ադրբեջանի կողմից արված հրապարակային հայտարարություններին համապատասխան»,- ասել է խոսնակը:

Նա նշեց, որ այս ուղղությամբ ընթանում են ակտիվ քննարկումներ:

«Մենք որոշ ժամանակ կոչ ենք արել նման առաքելության ստեղծման մասին, և աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ այն ապահովելու համար»,- ասել է Միլերը:

Խոսելով Երևանի ու Մոսկվայի միջև լարված հարաբերությունների ու ՌԴ-ի կողմից Հայաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Պրահայում ճանաչելու հետ՝ Միլերը շեշտեց՝ Ռուսաստանը չի կարող դիտվել որպես վստահելի միջազգային գործընկեր: Նա ընդգծում է՝ քանի որ հարցը վերաբերում է այլ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքին, ապա Ռուսաստանն իր գործողություններով ապացուցել է, որ չի հարգում այդ սկզբունքը:

Իր խոսքում, Մեթյու Միլերը կարևորեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրին։ Դա մի բան է, որով մենք առաջնորդվում ենք, ասել է մամլո խոսնակը՝ նշելով, որ, ըստ Վաշինգտոնի, համաձայնությունը հնարավոր է իրականություն դառձնել, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն գնալ բարդ փոխզիջումների:

«Ակնհայտ է, որ մենք դրան ականատես չէինք վերջին մի քանի ամիսների ընթացքում: Նկատենք, որ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ հանդիպելու են։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և ի վերջո մոտեցնեն երկու երկրների միջև եղած տարաձայնությունները»,- ասել է Միլերը:

Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների ու անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շարունակական հանձնառությունը և ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին՝ նկատելով, որ պետքարտուղարը կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ: «Բացի այդ, USAID ղեկավար Փաուերը և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քիմն այսօր տարածաշրջանում եք: Կարծում եմ, որ դժվար է կասկածի տակ առնել մեր հանձնառության խորությունը, երբ տեսնում եք դիվանագիտական ներգրավվածության ամենաբարձր մակարդակը, որը մենք ապահովել ենք վերջին շաբաթվա ընթացքում»:

Մանրամասնելով Փաուերի ու Քիմի Հայաստան կատարած այցի մասին՝ Մեթյու Միլերը շեշտել է, որ «նրանք այնտեղ են, որպեսզի վերահաստատեն մեր [ԱՄՆ] աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը և, իհարկե, օգնեն լուծել հումանիտար կարիքները, որոնք առաջ են եկել Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած բռնությունների հետևանքով:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան