Ուղիղ եթեր 3 տարի առաջ - 15:25 21-08-2023

Մուրադ Փափազյանն՝ ընդդեմ ԱԱԾ-ի գործով դատական նիստը. ՈւՂԻՂ

Երևանի Վարչական դատարանում քննվում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության։

Մինչ նիստի մեկնարկը Փափազյանը հույս էր հայտնել, որ Վարչական դատարանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հստակ պատասխան կպահանջի, թե ինչու են իրեն արգելել մուտք գործել Հայաստան։

Նրա պաշտոնական հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․

«Տարբեր պաշտոնական վարկածները մեկ տարուց ավելի հակասում են միմյանց։ Ի վերջո, պատճառաբանվեց «պետական գաղտնիքը»։ Այժմ ժամանակն է բացահայտելու իրական դրդապատճառները, որոնք դրդել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գնալ այս քայլին։ Ես միակը չեմ, քանի որ Հայաստան վերադառնալու իմ արգելքից մի քանի օր անց նույն ճակատագրին արժանացան Սյունե և Մասիս Աբրահամյանները, մի քանի ամիս անց՝ Նժդեհ Գարակավորյանը, Ասլան Ասլանյանը և Արենի Մարկոսյանը։ Բոլորն էլ Դաշնակցության անդամներ են։ Հասկանալի է՝ խախտվել են իրավունքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Ազատությունների և ժողովրդավարության դրոշները ծածանելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ամեն քայլափոխի ոտնահարում է դրանք։ Հայաստանի, Արցախի և Հայ դատի պաշտպանությանը ծառայելու իմ 40 տարվա հանձնառությունը հիմնված է խոր համոզմունքների վրա։ Եւ անկախ ամեն ինչից ես շարունակելու իմ պայքարը Հայաստանի և Արցախի համար՝ բոլոր հնարավոր հարթակներում։ Հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության եւ անկախության է, որ մենք պետք է շարունակենք պայքարը։ Կառավարություններն անցնում են, ժողովուրդը մնում է։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի մասնավոր սեփականությունը չէ։ Օրենքի գերակայությունն ունի իր կանոնները, և Նիկոլ Փաշինյանը խախտել է դրանք։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատությունը կպարտադրի իշխանություններին՝ հրապարակել իմ մուտքի արգելքի պատճառները։ Դատական նիստը, որը տեղի կունենա երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ին, էական նշանակություն կունենա Հայաստանի ժողովրդավարական մակարդակը որոշելու համար։ Իմ վճռականությունն անսասան է։ Եթե Հայաստանի արդարադատությունը ցույց տա այս խնդիրը լուծելու իր անկարողությունը, ես Հայաստանի կառավարության դեմ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Փարիզ, 21 օգոստոսի 2023թ․»։

Հիշեցնենք, որ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր 2022 թ-ի հունիսի 13-ին։

ՀՀ վարչապետի աշխատակազմից պարզաբանել էին, որ Փափազյանի մուտքն արգելվել էր, քանի որ Փափազյանը 2021 թ-ի հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է եղել։ Այդ օրը Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի աշխատակազմից նշել էին՝ արգելվել է ոչ միայն Փափազյանի, այլև հարձակման մյուս ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն։

Հավելենք՝ քանի որ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվում է, նա ներկա չէ նիստին։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
11:59 Մեր ճանապարհները ռեզինից չեն. նույնիսկ հարուստի համար ամենահարմարը պիտի հանրային տրանսպորտը լինի. Ավինյան