«Հուլիսի 25-ին այցելել էի ծնողներիս շիրիմին, տեսա տապանաքարերը չկան, բացակայում են, դրանից առաջ հուլիսի 8-ին եմ այնտեղ եղել, ամեն ինչ նորմալ էր։ Դիմեցի գերեզմանոցի տնօրինությանը, Ոստիկանության Էրեբունու բաժին, հետո էլ քննչական։ Տեղեկացա, որ գործ են հարուցվել»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ Աշոտ Պետրոսյանը։
«Գերեզմանոցը գտնվում է Նուբարաշենի խճուղում՝ Արին Բերդում։ Այդ տարածքում մի տեսախցիկ կա, զինվորի գերեզմանի մոտ, ուղղակի այն մեր ընտանեկան գերեզմանոցից ահագին հեռու է, բայց ամեն դեպքում ես ոստիկանության տեսուչին այդ տեսախցիկի մասին էլ եմ հայտնել»,- նշեց նա։
Քաղաքացու խոսքով՝ գողությունից շուրջ 20 օր է անցել, սակայն դեպքը չի բացահայտվել․
«Կապ եմ հաստատել քննիչի հետ, ասաց, որ դեռևս ոչ մի նորություն չկա։ Ասացի՝ ես հիմա ի՞նչ անեմ, նոր տապանաքար տեղադրե՞մ, ասաց՝ դեռ ոչ մի նորություն չկա, Դուք Ձերը պատրաստեք։ Անկեղծ ասած՝ արդեն կասկածում եմ, որ գողությունը կբացահայտվի»։
Անի Ներկարարյան