Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 21:17 14-08-2023

Մինչև հիմա Սուրմալուն շահագործող ընկերության գույքի վրա կալանք չկա

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Սուրմալու»-ի գործով այս պահին 2 քրեական գործ կա, որոնցից մեկը վերաբերում է 2021 թ-ին տեղի ունեցած հրդեհին, մյուսը՝ դրան հաջորդող տարում տեղի ունեցած պայթյունին։ 2021 թ-ի հրդեհի գործով 2 կալանավորված անձանցից մեկը «Սուրմալու» առևտրային կենտրոնի տնօրենն է, մյուսը՝ տնօրեին տեղակալը, մինչդեռ պայթյունի դեպքով որևէ կալանավորված անձ մինչ այս պահը չկա։

2021 թ-ին «Սուրմալու» տոնովաճառում տեղի ունեցած հրդեհի գործով տուժողներից մեկի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրականացվող քննության արդյունքները բավարար չեն։

«Իրականացվում է ոչ պատշաճ քննություն, մասնավորապես մինչ այս պահը «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող ընկերության գույքի վրա կալանք դրված չէ։ Ես ներկայացնում եմ տուժողների, որպեսզի այդ տուժողների քաղաքացիական հայցը բավրարվի, պետք է առևտրային կենտրոնը շահագործողի վրա կալանք դրվի, որպեսզի նրանք այդ առևտրային կենտրոնը չկարողանան վաճառել, գրավի առարկա դարձնել։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի ապագայում քաղաքացիական հայց ներկայացնել և վնասի հատուցում ստանալ։ Մեր բոլոր միջնորդությունները՝ կալանք դնելու մասով, հետաձգվել է։ Դա խոսում է այն մասին, որ քննությունը ոչ պատշաճ է իրականացվում։ Եթե պետության շահի հետ կապված լիներ, 5 րոպեում կալանքը դրել էին, հիմա Հակակոռուպցիոն դատարանը, Հակակոռոպցիոն կոմիտեն նման բազմաթիվ գործերով շուտ կալանքներ են դնում քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով, բայց եթե մասնավորի շահ է, ու տասնյակ մարդիկ տուժել են, ու մինչև այսօր կալանք դրված չի, դա խոսում է այն մասին, որ քննությունը թերի է ու ցուցումով է տեղի ունենում։ Եթե հիմա պետությանը գույքային վնաս պատճառված լիներ, րոպեների ընթացքում այդ կալանքը կդրվեր, իսկ մասնավորի դեպքում՝ քթած մասնավորի վրա»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից անցել է մեկ տարի։ Պայթյունի հետևանքով առաջացել էր հրդեհ, խոշոր ավերածություններ։ Պայթյունի պատճառով զոհվել էր տասնյոթ մարդ, այդ թվում հղի կին և փոքրիկ երեխա, իսկ մեկ մարդ էլ մինչև օրս համարվում է անհետ կորած։

Պայթյունի հետևանքով զոհված անձանց հիշատակի համար օգոստոսի 17-ը և 18-ը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված էր որպես սգո օր։

Հիշեցնենք նաև, որ հրդեհի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն 5 անձ՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը, ինչպես նաև երեք տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել էր պայթյունը։