50 000 դրամի տուգանք՝ ծխելու համար․ քաղաքացին պնդում է՝ չի ծխում, Մարտունիում չի եղել
copy image url

50 000 դրամի տուգանք՝ ծխելու համար․ քաղաքացին պնդում է՝ չի ծխում, Մարտունիում չի եղել

Ներքին 1 տարի առաջ - 17:30 11-08-2023
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Մկրտչյանն ահազանգել է, որ ստացել է 50 000 դրամի տուգանք՝ Մարտունու անձնագրայինի մուտքի դռան դիմաց ծխելու համար, մինչդեռ ինքը Մարտունիում եղել է միայն 10 տարի առաջ։

«Սխալ Արմեն Մկրտչյանների հերթական պատմությունը, որը երևի թե գերազանցեց նախորդներին ու չգիտեմ ինչի էլի պատահեց ինձ հետ:

Մարտունու ոստիկանությունից նամակ եմ ստացել, որ Մարտունու անձնագրայինի մուտքի դռան դիմաց ծխելու համար տուգանվում եմ 50.000 դրամ: Բայց ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ նույնպես կա երկու պարզ փաստարկ՝

1. Ես Մարտունիում վերջին անգամ եղել եմ 10 տարի առաջ ու ընդհանրապես կապ չունեմ Մարտունու հետ։

2. Ես չեմ ծխում:

Հիմա բլից հարց ՀՀ Ներքին Գործերի նախարարությանը կամ այն ոստիկանին, ով կազմել ա տվյալ ակտը ու իր հրամանով ինձնից պահանջում ա ոստիկանության հաշվեհամարին փոխանցեմ 50.000 դրամ: Խախտում անող մարդուն ոնց եք իդենտիֆիկացրել: Ընդամենը անուն ազգանուն ա ասել, դուք էլ պատահական Արմեն Մկրտչյանից պահանջում եք 50.000 դրամ, թե կա անբացատրելի իդենտիֆիկացնելու տարբերակ, երբ Երևանում ու իր աշխատավայրում գտնվող չծխող մարդուն դուք նկատում եք նաև Մարտունու անձնագրայինի դեմը ծխելուց:

Արդյունքում հիմա պիտի փաստաբան վարձեմ, գումար ու ժամանակ ծախսեմ, որպեսզի ապացուցեմ, որ ես տվյալ պահին Մարտունիում կարող էի ծխել միայն վիրտուալ իրականությունում»,- գրել էր օգտատերը:

Oragir.News-ի հետ զրույցում՝ ՆԳՆ Ոստիկանության լրատվության բաժնից արձանագրության հետ կապված մեզ հայտնեցին, որ Արմեն Մկրտչյան անուն ազգանունով քաղաքացու վերաբերյալ արձանագրություն կազմվել է Մարտունու ոստիկանների կողմից 2023 թվականի հուլիսի 17-ին՝ Մարտունու ավտոդպրոցի մոտ, արձանագրությունն էլ կազմվել է պատշաճ։

Մինչդեռ մեզ հետ զրույցում Արմեն Մկրտչյանն ասաց, որ կազմված ակտում նշված է միայն իր անուն, ազգանուն, հայրանունը, գրանցման հասցեն, իսկ անձնագրային տվյալներ չկան։

Մկրտչյանը նաև նշեց, որ մտադիր է բողոքարկել տուգանքը։ «Մտածում էի դատարանով, բայց սկզբի համար փորձեմ ոստիկանությանը նամակ գրել։ Մարտունու ոստիկանություն արդեն զանգել եմ, ասացին, որ «ՀայՓոստով» նամակ պիտի գրեմ, կամ հասնեմ այնտեղ: Բայց ես փորձում եմ e-request կայքով Ոստիկանությանը նամակ գրել, կարծում եմ՝ կհասցեագրեն Մարտունու բաժին»,- վրդովված նշեց քաղաքացին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված