Ներքին 3 տարի առաջ - 12:56 25-07-2023

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Լոռու մարզ՝ վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով:

Աշխատակիցներն առաջինն այցելել են Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի կայարան: Կայարանի շենքը և դրան կից դեպոն (կայանը) առաջիններից է Հայաստանում. կառուցումը սկսվել է 19-րդ դարի վերջում և ավարտվել 1920-ական թվականներին:

Ժամանակին ունեցել է կարևորագույն նշանակություն՝ որպես Կարսի հետ կապող միակ երկաթուղային գիծ: Շինությունն այդ ժամանակաշրջանի տիպային կառույց է, իսկ դեպոն ունի հետաքրքիր ինժեներական լուծում: Քննարկվել է կայարանի հաշվառման փաստաթղթերի կազման և փորձագիտական հանձնաժողովում որպես նորահայտ հուշարձան արժևորելու հնարավորությունը:
Հաջորդ այցելած հուշարձանախումբը 13-րդ դարով թվագրված Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում գտնվող Սեդվու Սբ Նշան վանական համալիրն ու Սեդվու ամրոցն էր: Ծածկի բացակայությամբ պայմանավորված՝ մթնոլորտային տեղումների ազդեցության հետևանքով մշտական քայքայման, ինչպես նաև պատերի և ծածկի որոշ հատվածներում խարխլված լինելու պատճառով վանական համալիրը փլուզման վտանգի եզրին է: Ծայրահեղ վատ վիճակում էր գտնվում նաև Սեդվու ամրոցը: Չնայած վերջերս տեղի ունեցած փլուզումանը՝ եռահարկ աշտարակաձև կառույցի երկրորդ հարկի թաղի մնացորդների վրա և խորանում տեսանելի էին որմնանկարների հետքեր: Քննարկվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրի ու Սեդվու ամրոցի հրատապ միասնական վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման անհրաժեշտությունը, ինչպես նաև բարերարների կողմից ժամանակավոր ծածկի իրականացման առաջարկը:

Այնուհետև աշխատանքային խումբն ուղևորվել է ՀՀ Լոռու մարզի Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող Բգավոր եկեղեցի, որը ենթադրաբար թվագրվում է 13-րդ դարով: Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում՝ ծածկը չի պահպանվել, պատերը կիսաքանդ են: Պատկանում է եռանավ թաղածածկ դահլիճների տիպին։ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները տեղում ծանոթացել են 2015 թվականին պետական բյուջեի հաշվին իրականացված աշխատանքներին, որոնք ակնհայտ անավարտ էին: Արձանագրվել են խնդիրները և կոնստրուկտորական միջամտության անհրաժեշտությունը:

Աշխատանքային խումբն այցելել է նաև Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք: Եկեղեցու հարևանությամբ գտնվող վաղ միջնադարյան (5-6-րդ դդ.) պատկերազարդ նիստերով հուշակոթողը մթնոլորտային տեղումների և մարդկային գործոնի մշտական ազդեցության պատճառով քայքայվում և կորցնում է իր բացառիկ արժեքը: Անհրաժեշտություն է համարվել հարցը քննարկել գիտամեթոդական խորհրդի հաջորդ նիստին՝ խնդրի լուծման տարբերակները դիտարկելու համար:

Այցելած վերջին հուշարձանը՝ միջնադարյան անառիկ ամրոց Լոռի բերդն էր: Տեղում քննարկվել է վերջերս գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանացած արքայական բաղնիքի վերականգնման նախագիծը և կատարվել են ճշգրտումներ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի