Արա Խզմալյանը Մատենադարանում աշխատել է, երբ տնօրենը Հրաչյա Թամրազյանն էր, բայց չգիտեմ, թե Արա Խզմալյանն ինչպես է ղեկավարելու Մատենադարանի նման կառույցը, որը համաշխարհային մակարդակում եզակի է։ Խզմայլանը կատարողից վերև չի եղել, և նրա կատարողի տեսակը երևաց նաև այս անփառունակ իշխանությունների տարիներին, երբ ամեն ինչի հետ համաձայն է։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում բանասեր և գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ խոսելով Մատենադարանի նորընտրի տնօրեն Արա Խզմալյանից։
Նա նշեց, որ Խզմալյանը 5 տարի եղել է ԿԳՄՍ նախարարության մշակույթի գծով պատասխանատու, սակայն, թե ինչ կարևոր իրադարձություններ է կազմակերպել կամ ղեկավարել անգամ հիշել չի կարող։
«Մատենադարանը ղեկավարել են միջնադարագետ, ակադեմիկոս Հրաչյա Թամրազյանը, ակադեմիկոս Սեն Արևշատյանը։ ՔՊ-ն հիմա շատ մեծ ախորժակով ամեն ինչի արժեքը իջեցնում է շրիշակից ներքև։ Մատենադարանը սարքում են մանկապարտեզ կամ գոմ, որի բացումներին սիրում են մասնակցել։ Մատենադարանը մեր դիմագիծն է, որով մենք ներկայանում ենք աշխարհին։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Մատենադարանը ըստ էության վտանգի տակ է, այն ոչնչացնում են, և ես կարծում եմ այդպիսի հանձնարարական պիտի ստացած լինեն այս կատարողները իրենց դրսի տերերից, թե ովքեր են նրանք, ես չեմ կարող վստահ ասել, բայց որ խանդ կա մեր միակ հարավոր ներկայանալի իրողությունների նկատմամբ, ինչպիսին Մատենադարանն է, մեր կրթական համակարգը, և այս ամենը ոչնչացնում են, որպեսզի մեզ տանեն, հասցնեն իրենց քոչվոր տերերի մակարդակին»։
Սրապիոնյանը հիշեցրեց, որ Մատենադարնում է գտնվում Ճառընտիրը, որը վերածվել է լեգենդի, թե ինչպես են հայ կանայք այն բերել, հասցրել այտեղ և դա հանգրվանել է Մատենադարանում․ «Ի՞նչ է հասկանում Արա Խզմալյանը Ճառընտիրից, ի՞նչ գիտի նա միջնադարի մեր գրավոր, հոգևոր և նյութական արժեքներից։ Ղեկավարելու է՝ ի՞նչ ծրագիր է ներկայացրել։ Նրա մրցակիցները երկու պատկառելի գիտնականներ էին՝ Ռուբեն Մաթևոսյանն ու Արծրունի Իսահակյանը։ Մաթևոսյանը ամբողջ կյանքում աշխատել է Մատենադարանում, ուղնուծուծով գիտի ամեն ինչ, հրաշալի միջնադարագետ է, իսկ Իսահակյանը բանիմաց և խելացի մարդ է, և ինձ հասած տվյալներով ինքնաբացարկ է հայտնել, տեսել է՝ ինչ է կատարվելու»։
Գրականագետի խոսքով՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհուդը հեռավոր կապ անգամ չունի հայոց մշակույթի հետ, սկսած՝ տխրահռչակ նախագահից, վերջացրած՝ մյուս անդամներով․ «Արա Խզմալյանին բերեցին, դրեցին և չակերտավոր մի կտոր հացի տեր դարձրեցին։ Քանի որ նա որպես փոխնախարար ոչնչով աչքի չի ընկել, իսկ աշխատելով Մատենադարանում առանձնապես ինքնուրույն որևէ գործողություն չի ծավալել, և հիմա էլ կսպասի իր տերերի հրահանգներին։ Չեմ զարմանա, որ Մատենադարանից սկսեն հերթով անհետանալ անգնահատելի համարվող իրողություններ, հուշաձաններ ու հուշամատյաններ։ Մինդեռ Հրաչյա Թամրազյանի գործունեությունից ես քաջատեղյակ եմ, հնարավոր բոլոր միջոցներով գտնում էր բարերաների, պետությունից էր խնդրում, հարստացնում էր Մատենադարանի ամբողջ ֆոնդը։ Միայն Սիրիայից 2014-2015 թվականներին 7 տարաբնույթ հուշարձաններ նվեր ստացավ։ Հիմա ո՞վ է ճանաչում Խզմալյանին, որ նրան վստահի և բերի սերնդեսերունդ իրեն ավանդված այս կամ այն գրավոր հուշարձանները և ձեռագիր մատյանները։ Սա, իհարկե, ՔՊ-ի ազգակործան քաղաքականության հաջորդ քայլն է, սկսեցին՝ հայոց լեզվի դեմ արշավանքից, եկեղեցու և հայոց պատմության, հայ գրականության դեմ պայքարից։ Ավերակելով եկան, և ավերակեցին դպրոցները, գրեթե նույն կերպ տնօրեններ փոխելով, բուհերում նշանակեցին իրենց կամակատար ռեկտորներին։ Չգիտեմ, թե որն է հաջորդ թիրախը, բայց Մատենադարանին սպասվում է իր իսկ հիմնադրման օրերից ամենատխուր ժամանակաշրջանը, ես դրանում համզված եմ»,-եզրափակեց նա։
Անի Ներկարարյան