1938 թվականի նոյեմբերի 10-ին մահացավ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, ով իր կյանքի վերջին տարիներին երկրում ավտորիտար համակարգ էր հաստատել՝ ողջ իշխանությունը կենտրոնացնելով իր և իր կողմից դեռևս 1924 թվականին հիմնադրված Հանրապետական-ժողովրդական կուսակցության ձեռքում։
Չնայած Աթաթուրքի մահվանից հետո երկրի ղեկավարի պաշտոնում շրջանառվում էին մի շարք թեկնածուների անվանումներ, այնուամենայնիվ հիմնական մրցակցությունը կայանում էր Աթաթուրքի մերձավոր զինակիցներ Իսմեթ Ինոնյուի և Ջելալ Բայարի միջև։ Չնայած 1930-ական թվականներին Աթաթուրքի և Ինոնյուի միջև որոշակի տարաձայնությունների առկայությանը, որի հետևանքով նա 1937 թվականին թողել էր վարչապետի պաշտոնը, և գրեթե խզել էր իր հարաբերություններն Աթաթուրքի հետ, այնուամենայնիվ նա երկրի քաղաքական վերնախավի շրջանում պահպանել էր իր հեղինակությունը և մեծամասնության կողմից ընկալվում էր որպես Աթաթուրքի իրավահաջորդ։
Մուսթաֆա Քեմալը չնայած իր կտակում իրավահաջորդի մասին որևէ բան չէր նշել, սակայն նա առանձնահատուկ կերպով նշել էր Ինոնյուի անունը, ինչից շատերը ենթադրեցին, որ իրավահաջորդի դերում Աթաթուրքը տեսել է հենց Ինոնյուին։ Ինոնյուին աջակցեց նաև Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Ֆևզի Չափմաքը, ով նույնպես նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուներից մեկն էր, և այս աջակցությունը փաստացի նշանակում էր, որ բանակը նույնպես աջակցում է Ինոնյուի ընտրությանը, ինչի արդյունքում մյուս թեկնածուն՝ Ջելալ Բայարը հրաժարվեց մրցակցությունից։
Այսպիսով Աթաթուրքի մահվան հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցավ նախագահի ընտրությունը, որում հանրապետության երկրորդ նախագահ ընտրվեց Իսմեթ Ինոնյուն, ով ստացավ 348 ձայն։ Ինոնյուի նախագահությամբ Թուրքիայում մեկնարկեց մի շրջան, որն ընդունված է անվանել «Ազգային շեֆի» ժամանակաշրջան, և այս շրջանը լի էր ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներով, ազգայնամոլության աճով, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների մեծացմամբ։ Ինոնյուի նախագահության շրջանը (1938-1950) համընկավ նաև Երկրորդ համաշխարահային պատերազմի տարիների հետ, որը երկրի իշխանություններից պահանջում էր չափազանց ճշգրիտ քաղաքականություն վարել։
Իսմեթ Ինոնյուն իր նոր կառավարությունում ընդգրկել է բազմաթիվ գործիչների, ովքեր Աթաթուրքի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով հեռացել էին պետական կառավարմանհ համակարգից, սակայն մեծ ավանդ էին ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման գործում։ Այդպիսի գործիչներից էր հատկապես Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ մղած, և Արևելքի (իրականում Հայաստանի) նվաճող կոչմանն արժանացած Քյազըմ Քարաբեքիրը, ով տևական ժամանակ մեկուսացած էր քաղաքական գործընթացներից, սակայն 1939 թվականին Ստամբուլից ընտրվեց պատգամավոր, 1943 թվականին վերընտրվեց, իսկ 1946 թվականին դարձավ Թուրքիայի մեջլիսի նախագահ։
Ինոնյուի կառավարման շրջանում նույնպես Թուրքիայում խորացավ անձի պաշտանմունքը. մի երևույթ, որն առավելապես բնորոշ էր Մուսթաֆա Քեմալի կառավարման տարիներին։ 1940-ականներին տպագրում էին Ինոնյուի նկարով դրոշմանիշներ, թղթադրամներ, նրա անունով սահմանվել էր պետական մրցանակ, անվանակոչվել մարզադաշտ և այլն։
Ինչպես արդեն նշեցին, Ինոնյուի նախագահության սկզբնական շրջանը համընկավ երկրորդ համաշխարհայն պատերազմի տարիներին։ Թուրքիան այդ շրջանում հետապնդում էր ագրեսիվ և ռասիստական նպատակներ և դրանցից ելնելով սկսեց ավելացնել իր ռազմական ծախսերը, ինչպես նաև մեծացնել բանակի թիվը։ Եթե 1938-39 թվականներին ռազմական ծախսերը կազմել են երկրի բյուջեի ծախսային մասի 30%-ը, ապա 1943-44 թվականներին այս ցուցանիշը կազմել է 58.2%։
Բացի այդ Թուրքիայի բանակի զինծառայողների թիվն այդ տարիներին հասել էր մինչև 1 միլիոնի։ 1940 թվականի վերջին երկրի խորհրդարանում ընդունվեց մի օրենք, որով զինվորական ծառայության ենթակա չէին միայն 15 տարին չլրացած երեխաները և 65 տարեկանը լրացած տղամարդիկ։ Օրենքում նշվում էր, որ ծառայությունից ազատվում էին նաև հղի կանայք, ինչը ենթադրությունների տեղիք է տվել, որ իշխանությունները մտադիր էին նաև կանանց բանակ զորակոչել։ Բացի այդ պատերազմի տարիներին Թուրքիայում ակտիվորեն իրականացվել է ճանպարհաշինության, ինչպես նաև օդանավակայանների կառուցման և արդիականացման գործընթաց։
Պատերազմի տարիներին Թուրքիայի ռազմականացումը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի. առաջինը, երբ Խորհրդային միության և Ֆինլանդիայի հետ պատերազմի ժամանակ Թուրքիան ծրագրում էր Անգլիայի և Ֆրանսիայի հետ միասին մասնակցել ԽՍՀՄ-ի դեմ պատերազմին, երկրորդ՝ Գերմանիայի կողմից ԽՍՀՄ-ի վրա հարձակումից հետո Թուրքիան ակտիվ նախապատրաստական աշխատանքներ էր իրականացում ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի մեջ մտնելու և երկրորդ ճակատ բացելու համար, իսկ երրորդ փուլը սկսվում է Թեհրանի կոնֆերանսից հետո, երբ Թուրքիան պատրաստվում էր պատերազմի մեջ մտնել Գերմանիայի դեմ։ Այսպիսով կարող ենք փաստել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի ռազմականացումն ուներ առավելապես հակախորհրդային բնույթ։
Թուրքիայի ռազմականացումը երկրում առաջացրեց բավականին լուրջ տնտեսական խնդիրներ, որոնց ուղղությամբ իշխանությունները ստիպված եղան մի շարք քայլեր ձեռնարկել։ Միևնույն ժամանակ պատերազմի տարիներին Թուրքիայի առևտուրը գտնվում էր բավականին շահեկան իրավիճակում, և երկիրը շարունակում էր առևտրային հարաբերություններ պահպանել ինչպես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի այնպես էլ պատերազմին չմասնակցող չեզոք պետությունների հետ։ Սակայն միայն առևտրի միջոցով չէր հաջողվում ամբողջովին լուծել երկրում առկա տնտեսական խնդիրները։
Նկատենք, որ պատերազմի տարիներին Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացված քաղաքականությունը նպաստեց հասարակության շրջանում դժգոհությունների մեծացմանը։ Միևնույն ժամանակ դժգոհությունները ոչ միայն հասարակության շրջանում էին, այլ նաև իշխող վերնախավի ներսում։ Մասնավորապես 1944 թվականի մարտին Թուրքիայի վարչապետը խորհրդարանի քվեարկությանն էր ներկայացրել իր կառավարության վսահության հարցը։ Վարչապետ Սարաջօղլուն թեև ստացավ պատգամավորների մեծամասնության աջակցությունը, սակայն 57 պատգամավոր վերջինիս անվստահություն հայտնեց, ինչը իշխող կուսակցության դեպքում եզակի նկատվող երևույթ էր։
1945 թվականին իշխող խմբակցության պատգամավոր, ապագա վարչապետ Ադնան Մենդերեսը հայտարարեց, որ երկրում առկա իրավիճակն էլ ավելի է վատանալու, քանի դեռ պահպանվում է միակուսակցական համակարգը։ Նրա համոզմամբ՝ երկրում չի կարող լինել միայն մեկ կուսակցություն։ Սրանք հենց այն նախանշաններն էին, որոնք մի քանի տարի անց հանգեցնելու էին միակուսակցական համակարգի վերացմանը և ընտրությունների միջոցով իշխանափոխության կայացմանը։