Նախօրեին «Մոնտե Քրիստո» անվամբ կեղծ օգտատերը հերթական աղմկահարույց
հրապարակումն էր արել՝ պատմելով, թե ինչով է պայմանավորված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերմունքը դատական համակարի նկատմամբ։
Նա նշել էր, որ 1999 թվականի հունիսի 15-ից օգոստոսի 2-ը՝ շուրջ մեկուկես ամիս Անդրեասյանը եղել է Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի այդ ժամանակվա նախագահ Ռուդոլֆ Մովսիսյանի օգնականը:
«Իսկ ինչու՞ է Անդրեասյանն այդ պաշտոնում մնացել այդքան կարճ: Բանն այն է, որ ամառային մի գեղեցիկ օր նրա ղեկավար Ռուդոլֆ Մովսիսյանը դատարանի զուգարաններից մեկում պատահաբար հայտնաբերել է Անդրեասյանին՝ սեռական հարաբերություն ունենալիս: Տեսանյութ այս անգամ չունեմ:
Ցավոք, Ռուդոլֆ Մովսիսյանն արդեն մահացել է, բայց ասածներիս հավաստիությունը կարող եք ճշտել այդ դատարանի հին աշխատողներից: Այդ մասին պետք է, որ իմանա նաև Ռուդոլֆ Մովսիսյանի մտերիմ ընկեր, նախկինում դատավոր, իսկ այժմ փաստաբան Սլավա Սարգսյանը»։
Oragir.News-ը կապ հաստատեց Սարգսյանի հետ, փորձեցինք ճշտել, թե ինչ հարաբերություններ է ունեցել Մովսիսյանի հետ, արդյոք հիշում է, թե ինչու է Կարեն Անդրեասյանին հեռացրել աշխատանքից։ «Ես ընդհանրապես տեղեկություն չունեմ դրա մասին, մեր հարաբերությունները եղել են շատ սովորական, զուտ մասնագիտական առումով հանդիպել ենք խորհրդակցությունների ժողովների ժամանակ, ես նրա կատարած գործողությունների հետ բացարձակ տեղեկություն չունեմ»։
Հարցրինք, թե արդյոք հիշում է Կարեն Անդրեասյանին, երբ նրա Մովսիսյանի օգնականն էր, Սարգսյանն ասաց, որ ոչ։ «Բացարձակ տեղեկություններ չունեմ իրենց հարաբերությունների մասին։ Մովսիսյանի հետ մեր հարաբերությունները սովորական են եղել, երբ ընդհանուր ժողովների հավաքների ժամանակ ենք հանդիպել»։
Խնդրեցինք նաև գնահատական տալ ԲԴԽ-ի և Կարեն Անդրեասյանի գործունեությանը։ «Չեմ կարող գնահատել, քանի որ նրա ժամանակ չեմ աշխատել։ Ինչպես կարող եմ գնահատել, երբ շփում չունեմ։ Չեմ կարող որևէ կարծիք հայտնել։ Ինչ վերաբերում է դատական համակարգի անկախությանը՝ միշտ էլ անկախ է եղել, անկախությունը շատ հարբերական է։ Եթե ես շփում չունեմ, չեմ աշխատում, ոնց կարող եմ գնահատական տալ։ Թոշակառու մարդ եմ, ինչու պետք է այդ ամենն ինձ հետաքրքրի»։
Նշենք, որ «Մոնտե Քրիստո» ֆեյսբուքյան կեղծ օգտատերը համեմատաբար վերջերս է սկսել հանդես գալ։ Նրա հրապարակումները համընկան դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությանը։ Առաջին հրապարակումը վերաբերում էր Կարեն Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի սրճարանային հանդիպմանը, որտեղ նա նշել էր, որ դիտավորյալ է քողարկված հանդես գալիս, քանի որ տեղյակ է Հայաստանում արդարադատության համար պայքարողների հանդեպ բռնաճնշումների մասին, ընդհուպ՝ մինչև փաստաբաններին ծեծի ենթարկելը: «Նյութերը, որոնք հրապարակում եմ, ինձ տրամադրել է մի մարդ, ով նշված պատճառներով որոշել է գաղտնի մնալ»:

