Ներքին 3 տարի առաջ - 10:00 01-07-2023

Ընկերուհիներով «լռվում են». Ժաննա Անդրեասյանի կադրային քաղաքականությունը

ԿԳՄՍՆ-ում նախարար Ժաննա Անդրեասյանի գործունեությունից դժգոհ են։ Մասնավորապես, նախարարության՝ Oragir.News-ի աղբյուրը պատմեց, որ Անդրեասյանը բոլոր կարեւոր պաշտոնները վստահել է իր ընկերուհիներին, որոնք ընդհանրապես չեն հասկանում կրթական համակարգից եւ հեռու են կառավարումից։ Այդ ընկերուհիներին էլ պաշտոնների են նշանակել իրենց ընկերուհիներին եւ այդպես ղեկավարում են կրթական համակարգը։

Մասնավորապես, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանն էլ իր ընկերուհուն՝ Թամարա Սարգսյանին նշանակել է ամենաբարդ, պատասխանատու ստորաբաժանման՝ Հանրակրթության վարչության պետ։

Տարածքային տարբեր կառույցներում եւս ղեկավար պաշտոնների են նշանակվում Անդրեասյանի կամ նրա ընկերուհիների ընկերուհիները։

Հիմա ընկերուհին ընկերուհի, բայց ավանդույթների սովոր այդ հիմնարկում ապշում են նորօրյա պաշտոնյաների պահելաձեւից։ Բանն այն է, որ կրթության ոլորտում «հեղափոխական» փոփոխություններ են արվում, այս առթիվ պաշտոնյաները ամենօրյա ռեժիմով հանդիպումների մեջ են, խորհրդակցությունների են մեկնում մարզեր։

Լավատեղյակ աղբյուրը պատմում է, որ այս տիկնայք չեն պատկերացնում՝ որտեղ են հայտնվել, հավաքում են կրթության ոլորտում ճանապարհ անցած մարդկանց, անվանի պրոֆեսորների, գիտնականների, ռեկտորների եւ կարող են հանդիպումից ուշանալ մոտ մեկ ժամ։ Կամ այդ հանդիպումներին գնում են գերանպատրաստ, մի քանի րոպեով ներկայացնում այն, ինչ ցանկանում են, բովանդակալից չեն պատասխանում հարցերին, ավելին՝ դեռ մերթընդմերթ հեգնում, սանձարձակ եւ անհարգալից խոսում մարդկանց հետ։

ԿԳՄՍՆ-ի հին գվարդիայի համբերության բաժակն այնպես է լցվել, որ արդեն չեն էլ թաքցնում իրենց վերաբերմունքը նորօրյա պաշտոնյաների մասով, որոնք ամեն ինչով են տարբերվում հներից՝ գիտելիքով, փորձով, շփման կուլտուրայով, անգամ՝ հագուստով։

«Այսքան ժամանակ ով էր տեսել ջինսի տաբատով, նալիկով աշխատանքի եկող հանրակրթության վարչության պետ, նոր սերնդի պաշտոնյաները այսպես են լինում»,-ասում է մեր աղբյուրը։

Ամենից շատ դիտված