Արդեն մեկ շաբաթ է անցել, ինչ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում փաստաբանը և իր վստահորդը բռնության էին ենթարկվել։
Փաստաբանի նկատմամբ այս դեպքում վարույթ էր հարուցվել, իսկ ոստիկանները դեռ շարունակում են աշխատել ոստիկանական համակարգում։ Հիշեցնենք, որ այս առթիվ փաստաբանները հեռուստացույց էին նվիրել Աննա Վարդապետյանին, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու տեղի ունեցող իրադարձություններին։
Նշենք, որ
Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը ասել էր, որ փաստաբանական ինստիտուտը քաղաքականացված է և փաստաբանների պալատը բարեփոխման անհրաժեշտություն ունի։
Այս մասին մեզ հետ զրույցում փաստաբան Վարազդատ Հարությունյանը ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Սաքունցի ասածները, որովհետև դա ընդհանրապես մեկնաբանելու բան չէ։
«Նախ, եթե դու իրավապաշտպան ես, դու պաշտպանում ես իրավունքը, ոչ թե մարդուն։ Հիմա հարց իրավապաշտպանին, փաստաբան են ծեծել, խոշտանգել, եղբայր։ Չգիտեմ, ես նույնսիկ այդ տղայի՝ Կարեն Ալավերդյանի քաղաքական հայացքներին ծանոթ չեմ, որովհետև որպես իրավաբան, իրավապաշտպան, չի հետաքրքրում այդ մարդու քաղաքական նախասիրությունները։ Չեմ էլ հետաքրքրվել, որ կանգնել եմ այդ փաստաբանի կողքին։ Հիմա՝ իրավապաշտպան Սաքունց, մարդ է, փաստաբան է, որին ծեծել, խոշտանգել են իր մասնագիտական գործունեության հետ կապված։ Դու իրավո՞ւնքն ես պաշտպանում, թե՞ իր քաղաքական նախասիրությունները, եթե այդպիսիք ունի իհարկե։ Այդ մեկնաբանությունները արդեն մարազմի են հասնում»,- ասաց Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցը Արա Զոհրաբյանի մասին ասել էր, որ նրա կողքին չի կանգնի, քանի որ նա հոմոֆոբ է և քաղաքական կուսակցություն ունի և իր բողոքը ստանում է քաղաքական ենթատեքստ։
Այս մասին մեր զրուցակիցը ասաց, որ Արա Զոհրաբյանը թող ինքը մեկնաբանի Սաքունցի բառերը։ Արա Զոհրաբյանը ընդամենը այդ բողոքի ակցիաների, երթերի, պրոցեսի մասնակիցներից մեկն է, Արա Զոհրաբյանը այս ամենի առաջնորդը չէ։
«Սա փաստաբանական պալատը չի անում, սա անում են փաստաբանական ակումբի մասնակիցները, այսինքն այն փաստաբանները, ովքեր հանդիսանում են պալատի անդամ, սա ինքնակազմակերպվող պրոցես է։ Սա պալատը չի, այսինքն այստեղ պալատ-փաստաբան-վարչահրամայական բաները չեն գործում։ Վերագրել կոնկրետ ինչ-որ մի փաստաբանի քաղաքական, կուսակցական պատկանելիությունը ու դրանով փորձել ասել, տալ սրան կուսակցական աստառ ու ասել՝ «այ սրա համար չեմ կանգնում»՝ դա ամենապրիմիտիվ արդարացումն է։ Դու իրավապաշտպան ես ու իրավունք չես պաշտպանում, դրանով ամեն ինչ ասված է։ Մնացած լոլոները, թող գնա պատմի եվրոպացիներին, որոնք շատ են պատմում լոլոներ։ Ընդ որում, եթե ԵՄ-ից ոչինչ չի պահանջել։ Երթը գնացել, ԵՄ-ին ասել է, որ քո տված փողերով ձեռք են բերվում հատուկ միջոցներ, որոնք գործադրվում են փաստաբանների նկատմամբ, հետևեք ձեր փողերի վերջնարդյունքին, եթե կուզեք»,-նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ
Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան, ՔՊ-ական նախկին պարտգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ասել էր, որ տեղյակ չէ այս ակցիայից և չգիտի, թե ինչու պետք է միանա։
«Նիկոլայ Բաղդասարյանը, նախկին քպ-ական պատգամավոր էր, տեղյակ չի՞, չի՞ ասել, որ ժողովրդական բաստիոնում հնարավոր չէ փաստաբան ծեծել։ Եթե տեղյակ չի, թող տեղյակ լինի»,- ասաց Վարազդատ Հարությունյանը։
Նշենք, որ փաստաբանները որոշել են մեկօրյա գործադուլ անել 2023 թվականի հունիսի 26-ին՝ այդ օրը հրաժարվելով ՀՀ որևէ պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ այս գործադուլը չի կարող քաղաքացիներին որևէ վնաս հասցնել, հակառակը՝ դա քաղաքացիների շահերից է բխում, որովհետև քաղաքացիներին պետք է արդյունավետ դատական պաշտպանություն։ Արդյունավետ դատական պաշտպանության կարևորագույն բաղադրատարրը որակյալ իրավաբանական ծառայություններն են, սեփական ցանկությամբ պաշտպան ունենալու իրավունքն է։
«Պաշտպանի աշխատանքի արդյունավետությունը երաշխիքներն են, օրինակ՝ իրենց նկատմամբ բռնություն չեն գործադրի, չեն խոչընդոտի իրենց մասնագիտական գործունեությանը։ Եթե կան այդպիսի դեպքեր, ապա այդպիսի դեպքերը պետք է վերացվեն, որպեսզի այդ քաղաքացիները չզրկվեն արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքից։ Ո՞ւմ է պետք ճնշված, բռնության ենթարկված և պարբերաբան բռնության ենթարկվող փաստաբան, ո՞ր քաղաքացու շահերից է դա բխում»,- ասաց Հարությունյանը։
Վարազդատ Հարությունյանը հավելեց, որ փաստաբանների առաջ քաշած պահանջները չբավարարվելու դեպքում, միգուցե գործադուլի տրամաբանությունը ավելի խորացվի, իսկ գործադուլի արդյունավետության մասին ասաց, որ կարծում են՝ այս գործադուլը կարող է ինչ-որ կերպ օգուտ տալ։ Վարազդատ Հարությունյանը խոսակցության վերջում ասաց, որ վերջին վերջին 10-15 տարվա ընթացքում, երբ փաստաբանները համատարած գործադուլ են արել, օրվա իշխանությունները գնացել են փաստաբաններին ընդառաջ և վերանայել են իրենց կոնկրետ մոտեցումները։