Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:50 20-06-2023

Ազատագրված տարածքների մեծ մասում մոլախոտ էր աճում, իսկ տեղ-տեղ որոշ գեներալներ հացահատիկ էին աճեցնում՝ ձրի աշխատուժ օգտագործելով

Կարևոր է անդրադառնալ բանակցային պատմության՝ «Ընդհանուր պետություն» փաթեթին: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի՞նչ է այստեղ հետաքրքիր, որ ՀՀ-ն ու ԼՂ-ն համաձայնել էին այդ փաթեթն ընդունել որպես բանակցային հիմք՝ չնայած Լեռնային Ղարաբաղը պիտի լիներ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում, այսինքն Ադրբեջանի կազմում և ԼՂ բնակիչներն էլ պիտի կրեին ադրբեջանական անձնագրեր՝ «Լեռնային Ղարաբաղ» նշումով:

Իսկ Ադրբեջանը չհամաձայնեց այդ փաթեթն ընդունել որպես բանակցությունների հիմք, որովհետև ԼՂ՝ բարձր ինքնավարության կարգավիճակը, որն առաջարկվում էր այդ փաթեթով, շատ բարձր էր թվացել Ադրբեջանին:

Այստեղ առանցքային նրբությունն այն է, որ 1998 թվականին ԼՂ շուրջ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները պարտվողական համարելու ֆոնին իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը հենց պաշտոնավարման մեկնարկից փակ դռների հետևում սկսեց քննարկել ու ընդունելի համարել այնպիսի տարբերակներ, որոնք Լեռնային Ղարաբաղն աներկբա ճանաչում էին որպես Ադրբեջանի մաս»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետական քարոզչության մակարդակում հակառակի մասին էր խոսվում, և հենց այս ընթացքում հեռուստաընկերությունները և Հանրային հեռուստաընկերությունը «Եղանակի տեսության» ժամանակ սկսել էին օգտագործել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների միասնական քարտեզը, ինչպես նաև՝ ԼՂ հարակից շրջանների անվանափոխությունը՝ Ֆիզուլին Վարանդա, Աղդամը՝ Ակնա, Ջաբրայիլը՝ Մեխակավան, Քելբաջարը՝ Քարվաճառ և այսպես շարունակ. «Ահա այսպես, «գրավված»` այս ձևակերպումը Լևոն Տեր-Պետրոսյանինն է, կամ՝ «օկուպացված»՝ ձևակերպումը Վարդան Օսկանյանին է, տարածքները դարձան ազատագրված, ազատագրված տարածքները դարձան հայրենիք, բայց այսպես էր միայն հեռուստացույցի էկրաններին, բանակցությունների սեղանի շուրջ Վարանդան շարունակում էր մնալ Ֆիզուլի, Մեխակավանը՝ Ջաբրայիլ, Ակնան՝ Աղդամ, իսկ հողի վրա ազատագրված կամ օկուպացված տարածքներում հիմնականում մոլախոտ էր աճում, իսկ տեղ-տեղ որոշ գեներալներ էին հացահատիկ աճեցնում, ժամկետային զինծառայողների ձրի աշխատուժն ու բանակի ձրի տեխնիկան ու վառելիքն օգտագործելով։ Իսկ ԼՂ-ն, որը բանակցություններում ճանաչվում էր Ադրբեջանի մաս, Հայաստանի պաշտոնյաների խոսույթում երբեք չէր եղել և չէր լինի Ադրբեջանի կազմում, որովհետև, ըստ այդ ընկալման, ինչպես Ադրբեջաբնն էր անկախացել ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂԻՄ-ը։

Այս պայմաններում էր, որ Քիվեսթից հետո խմորվեցին-խմորվեցին և 2007 թվականին պաշտոնապես սեղանին դրվեցին Մադրիդյան սկզբունքները, որոնք ասում էին, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշովի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով։

Այս բարեհունչ ձևակերպմամբ վերջին քարը դրվեց ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում չլինելու դամբարանին, քանի որ այն պահին, երբ ՀՀ ու Ադրբեջանը համաձայնվեցին Մադրիդյան սկզբունքներն ընդունել որպես ԼՂ հարցի կարգավորման բանակցային հիմք, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներն առնվազն դիվանագիտական առումով և քաղաքականապես զրոյացվեցին այն պարզ պատճառով որ եթե կարգավիճակը որոշվելու էր ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, ուրեմն անցյալում տեղի ունեցած հանրաքվեով կարգավիճակ չի որոշվել։

Այսինքն, հանրաքվեի միակ իմաստն ու նպատակը, որ ԼՂ կարգավիճակի որոշումն էր, անկախության ամրագրումը, որպես բանակցային գործոն այդ պահից զրոյացավ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան