Հայկական հարցը Փարիզի և Սան Ռեմոյի խաղաղության խորհրդաժողովներում․ Սևրի պայմանագիրը
copy image url

Հայկական հարցը Փարիզի և Սան Ռեմոյի խաղաղության խորհրդաժողովներում․ Սևրի պայմանագիրը

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 21:00 17-06-2023
1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո, որով Օսմանյան կայսրությունն ընդունեց իր պարտությունը և դուրս եկավ պատերազմից, և կողմերի միջև պետք է բանակցություններ ընթանային՝ առաջիկա խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Օսմանյան կայսրության սուլթանական իշխանությունը, որը փաստացի գտնվում էր հոգեվարքի մեջ, այնուամենայնիվ փորձում էր ամեն գնով հնարավորինս շատ տարածքներ պահպանել թուրքական պետության կազմում։

1919 թվականի հունվարի 18-ին բացվեց Փարիզի Խաղաղության վեհաժողովը, որի աշխատանքները շարունակվեցին մեկ տարի։ Վեհաժողովում քննարկվող առաջնային հարցերից էր դարեր շարունակ օսմանյան տիրապետության տակ գտնված ժողովուրդներին անկախ պետություն ստեղծելու հնավորության ընձեռնումը։ Ի վերջո 1919 թվականի հունվարի վերջին Անտանտի գերագույն խորհուրդը սկզբունքային որոշում ընդունեց Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը, Արաբիան և Միջագետքն Օսմանյան կայսրությունից անջատելու վերաբերյալ։

Օսմանյան կայսրության պատվիրակությանը, որպես պարտված երկրի ներկայացուցիչ, թույլատրվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին միայն այն բանից հետո, երբ դաշնակիցները քննարկումներ անցկացրեցին կայսրության հետագա ճակատագրի վերաբերյալ։ Թուրքական կողմը բանակցություններում ներկայացնում էր Դամադ Ֆերիդ Փաշան, ով առաջարկում էր պահպանել կայսրության ամբողջականությանը, սակայն Անտանտի երկրները կտրուկ մերժեցին այս մոտեցումը։ ԱՄՆ նախագահ Վոդրո Վիլսոնն այս համատեքստում հայտարարեց, որ թուրքերը կարծում են, որ համաժողովը լիովին անտեղյակ է պատմությանը և պատրաստ է կուլ տալ աներևակայելի սուտը։ Այս ամենի արդյունքում թուրքական պատվիրակությունը ստորացված վերադարձավ Փարիզ, քանի որ վերջիններիս հայտնեցին, որ համաժողովը դեռևս մտադիր չէ քննարկել օսմանյան կայսրության ժառանգության հարցը։

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հրավիրված չէր կոնֆերանսին, թեև հայ ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավելի շատ զոհ էր տվել, քան պատերազմող ամենախոշոր պետություններից շատերը։ Այդուհանդերձ, 1919 թվականի փետրվարին Փարիզում գտնվող հայկական երկու պատվիրակությունները (Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ) ներկայացան դաշնակիցներին՝ խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց հուշագիր պատրաստել։

1919 թվականի փետրվարի 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հիշատակագիր» հետևյալ բովանդակությամբ․ Հայկական անկախ պետության ճանաչում՝ հայկական 7 նահանգների, Կիլիկիայի և Կովկասի Հայկական Հանրապետության հողամասերի միացումով։ Նորակազմ պետությունը դրվելու էր դաշնակից տերություններից մեկի կամ Ազգերի լիգայի երաշխավորության ներքո, ապահովվելու էր նրա տարածքի ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Դաշնակից տերություններից մեկին պետք է լիազորություն տրվեր ստանձնել հայկական այդ պետության մանդատը՝ 20 տարի ժամկետով։ Հաշտության կոնֆերանսը պետք է դրամական հատուցում տար հայերին՝ նրանց կրած վնասների դիմաց, ջարդերի համար պատասխանատուները պետք է պատժվեին, իսկ պատերազմի տարիներին բռնի կերպով տեղահանված ու աքսորված հայերը պետք է վերադարձվեին իրենց բնակատեղիները։

Այդ փաստաթուղթը դրական ընթացք չստացավ։ Դաշնակից տերությունները զբաղված էին պարտված Գերմանիայի նկատմամբ կիրառվելիք միջոցների մշակմամբ և ամենևին չէին շտապում քննարկելու թուրքական հարցը, որի լուծման հետ սերտորեն առնչվում էր Հայկական հարցը և հայկական պետության ստեղծումը։ Սա Թուրքիայում թափ հավաքող քեմալական ազգայնական շարժմանը հնարավորություն տվեց ավելի ամրապնդել իր դիրքերը, և հետագա իրադարձությունների արդյունքում հասնել Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը։

Փարիզի խաղաղության կոնֆերանսը 1920 թվականի հունվարի 19-ին դե ֆակտո ճանաչեց Հայաստանը, սակայն առանց որևէ իրական օգնության չտրամադրեց հայ ժողովրդին, թեև Հայկական հարցը հետագա քննարկման առարկա դարձավ 1920 թվականի Սան Ռեմոյի կոնֆերանսին և արտահայտվեց Սևրի պայմանագրում։

Օսմանյան կայսրության տարածքների բաժանման հարցը մանրամասն քննարկվեց նաև 1920 թվականի ապրիլի 19-26-ը կայացած Սան-Ռեմոյի խորհրդաժողովում։ Սան Ռեմոյի կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին Հայաստանի մանդատը ստանձնելու և հանդես գալու որպես միջնորդ՝ երկրի սահմանների վերջնական ճշգրտման հարցում։ Վեհաժողովը որոշեց արձանագրել, որ Թուրքիան, Հայաստանը և մյուս պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել ԱՄՆ-ի նախագահի միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի սահմանների (Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում) հարցով և ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաև՝ որևէ պայման, որ նա կառաջարկի Հայաստանի դեպի ծով ելք ունենալու մասին։ Այն դեպքում, եթե ԱՄՆ-ն չընդուներ Հայաստանին մանդատը ստանձնելու առաջարկը, ապա նրանք խնդրեցին ԱՄՆ նախագահի միջնորդությունը` Հայաստան-Թուրքիա սահմանատման և Հայաստանի դեպի ծով ելք ապահովելու հարցում։

Սան Ռեմոյի կոնֆերանսը հաստատեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվեց Սևրի պայմանագրի հիմքում։ Համաժողովը վերահաստատեց Հայաստանի անկախությունը, դիմելով ԱՄՆ-ին Հայաստանի խնամակալությունը ստանձնելու հարցով։ Կոնֆերանսը հաստատելով Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը՝ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնին խնդրեց նաև իրավարար վճիռ արձակել Հայաստան-Թուրքիա վերջնական սահմանատման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության, Վրաստանի ու Ադրբեջանի հետ սահմանների կապակցությամբ Համաժողովը պահպանեց այն սկզբունքը, թե Դաշնակիցները կորոշեն նշված սահմանները՝ եթե այդ երեք պետությունների միջև ինքնակամ համաձայնություն ձեռք չբերվի։

Օսմանյան կայսրության և Անտանտի պետությունների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ Փարիզի Սևր արվարձանում՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին։ Հայաստանի անունից պայամանագիրը ստորագրեց ՀՀ խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանն, ով այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ գիշերը։

Սևրի պայմանագիր 88-93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին․

Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն:

Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ:

Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ: Հայաստանի սուվերենությանը հանձնվող տարածքի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը և դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն: Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմանագրով եւ որոնք կարող են սնունդ առնել հիշյալ տարածքի փոխանցման կապակցությամբ:

Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տարածքի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա սահմանագծման հանձնաժողովը, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:

Հոդված 92. Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգիռ պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի, և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգիռ պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:

Հոդված 93. Հայաստանն ընդունում է` համաձայնվելով դրանք մտցնել գլխավոր տերությունների հետ պայմանագրերի մեջ այն որոշումները, որոնց այդ դրությունները անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի և կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից: Հայաստանը նմանապես համաձայնվում է գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերությունները անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը և այլ ազգերի առևտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:

1920 թվականի նոյեմբերի 22-ին հրապարակվեց ԱՄՆ նախագահ Վոդրո Վիլսոնի իրավարար վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ։ Համաձայն այդ որոշման՝ Հայաստանին էին անցնում Կարինի վիլայեթը գրեթե ամբողջությամբ, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, ինչպես նաև Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը՝ դեպի Սև ծով ելքով։ Ընդհանուր առմամբ Թուրքիան հօգուտ Հայաստանի Հանրապետության կորցնում էր մոտ 90 հազար քառուկուսի կիլոմետր տարածք։ Սակայն այս որոշումը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանը փաստացի պարտվել էր թուրք-հայկական պատերազմում, իսկ օրեր անց խորհրդայնացվելու էր, և ցավոք որոշումը մնալու էր թղթի վրա։

Նկատենք նաև, որ Սևրի հաշտության պայմանագրի ոչ բոլոր դրույթներն էին հայանպաստ։ Մասնավորապես Օսմանյան կայսրության կազմում գտնվող հայկական 3 վիլայեթները դուրս էին մնում ՀՀ սահմաններից․ դրանց մի մասը մնաց Թուրքիայի, իսկ Եփրատ գետից դեպի հարավ արևելք ընկած տարածները ճանաչվեցին որպես նորաստեղծ Քուրդիստանի մաս։ Միևնույն ժամանակ հայանպաստ դրույթների իրականացումը չափազանց անիրատեսական էր, քանի որ Հայաստանին պայմանագրով տրված տարածքները գտնվում էին թուրքական ուժերի վերահսկողության տակ, և համաձայնագիրը չէր սահմանում այն ուղիները, թե ինչպես են հայերը ստանալու թղթի վրա իրենց տրված տարածքները։

Ցավոք հետագա իրադարձություններն այնպես ծավալվեցին, որ Սևրի պայամանագիրը չվավերացվեց և չկիրառվեց, իսկ այն ստորագրող կողմերը դրանից 3 տարի անց Թուրքիայի հետ նոր պայամանագիր ստորագրեցին, որով ճանաչեցին այդ երկրի գոյությունը՝ իր ներկայիս սահմաններում։ Սակայն անգամ մինչև այսօր Թուրքիայում հասարակական ընկալումների մակարդակով առկա է այն վախը, որ որոշակի պայմաններում դաշնագիրը կարող է կյանքի կոչվել։ Այդ վախն ընդունված է անվանել Սևրի սինդրոմ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի