Կարծում եմ՝ օրենքը կընդունվի, կփորձեն այս տարբերակով դատարանները բեռնաթափել, բայց մենք սրանով սահմանադրականության խնդիր ենք ունենալու, որովհետև քաղաքացիներից գույք բռնագանձելու լիազորություն ունի միայն դատարանը։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն՝ անդրադառնալով կառավարության կողմից հավանության արժանացած օրենսդրական փաթեթին, որով Արդարադատության նախարարությունը հույս ունի բեռնաթափել դատարանները։
Թվով 7 օրենքներում փոփոխություններ կատարելու նախարարությունն առաջարկում է փոքր բռնագանձման գործերով վեճերի լուծման իրավասությունը փոխանցել նոտարներին։ Վարդազարյանն ընդգծեց, որ եթե վիճարկվեց նոտարի որոշումը, միևնույն է, այդ գործերը նորից գալու են դատարան։
«Իսկ վերաքննելու անհրաժեշտություն անպայման կառաջանա։ Միգուցե, օրենքով արգելք դրվի, օրինակ, սահմանվի, որ մինչև 50 000 դրամի վերաբերյալ որոշումները բողոքարկման ենթակա չեն, բայց, միևնույն է, սահմանադրականության խնդիրը մնում է օրակարգում։ Ոչ ոք իրավունք չունի քաղաքացուց դրամական միջոց կամ գույք բռնագանձել բացի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտից։ Էլ չեմ խոսում տույժերի ու տուգանների մասին, որոնք ամբողջությամբ պետության լիազորությունների մեջ են, իսկ պետությունը այդ դեպքում էլի դատարանն է, ոչ թե նոտարը»։
Վարդազարյանն ընդգծեց, որ սրա արդյունքում ավելի խառնաշփոթ իրավիճակ է լինելու։ «Իրականում, պարզ գործողություն կա դատարանները բեռնաթափելու, դա դատավորների թվաքանակն ավելացնելն է, և վերջ, ուրիշ մեխանիզմ աշխարհն ուղղակի չի հորինել։
Ես որքան հիշում եմ՝ 1996 թ․-ից սկսած նման նախագծեր եղել են, ամեն տարի ինչ-որ մեկը նման նախաձեռնությամբ հանդես է եկել և չի ստացվել, քանի որ անորոշությունները այնքան շատ են, որ օրենսդիրը միշտ վախեցել է նման ռադիկալ որոշումներից։
Բայց կարծում եմ՝ այս Ազգային ժողովն, առանց հասկանալու նախագծի ռիսկերն ու հետևանքները, կողմ է քվեարկելու։ Եթե լուրջ պրոֆեսիոնալներ հարցը քննարկեն, ապա վստահ եմ՝ չի անցնի։ Այսինքն՝ պետք է լուրջ պրոֆեսիոնալներ նման օրենսդրական նախաձեռնությունը իրականություն դարձնեն, իսկ ինչպես տեսնում ենք, այս Ազգային Ժողովը բացառապես SMS-ով է կառավարվում, SMS կստանան կողմ քվեարկելու՝ կքվեարկեն»։
Վարդազարյանն ասաց նաև, որ չի բացառում, որ որոշակի չափով և կթեթևանա, բայց այն գործերը, այն իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, ովքեր կպայքարեն դրա դեմ, ի վերջո հաղթելու են, որովհետև չկա այլ մարմին, բացի դատարանից, որ կարող է լիազորություն ունենալ քաղաքացուց գույք բռնագանձելու։
«Եթե քաղաքացին չի առարկում, կարող է գնա ու այդ գումարը վճարի, բայց եթե հանկարծ քաղաքացին վիճարկի, այդ գործերը, միևնույն է, գնալու են դատարան ու կրկին դատարանը ծանրաբեռնվելու է, բայց արդեն ծանրաբեռնվելու է հայցերով, լինելու է պատասխանող կողմ, լինելու է իրավական դիրքորոշում ու դատարանը էլ ավելի է ծանրաբեռնվելու։
Այսինքն, եթե ոչ մեկ չի առարկում, կարող է գնալ ու վիճարկել, իսկ եթե առարկում է, էլի գործը դատարան է գնալու և արդեն ծանրաբեռնվելու են թե դատավորները և թե նոտարները։
Այստեղ մի հարց էլ կա․ իսկ նոտարները համապատասխան մասնագիտացում ստացե՞լ են, գիտելիքներ ունե՞ն։ Այս որոշման դեմ նաև նոտարներն են պայքարելու, քանի որ նոտարիստին ոչ բնորոշ գործառույթ են ստանալու ու սա լուրջ խնդիրների է բերելու»։