Վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չունենք արձանագրված: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Անդրադառնալով նրան, որ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիներն առաջ են եկել, և հարցին, թե արդյոք այնտեղ սահմանագծման աշխատանքներ են իրականացվում, Ռոբերտ Ղուկասյանն ասաց. «Քանի որ այդ հատվածը քաղաքացիական անձինք չեն կարող գնալ, ապա այդ հարցի հասցեատերը պետք է լինեն համապատասխան կառույցներ, այսինքն ԱԱԾ-ն, ՊՆ-ն»:
Նա ընդծեց, որ երկու կողմից էլ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ իրականացվում են:
Լրագրողների հարցին, թե ինչ պետք է անեն Տեղ գյուղի այն բնակիչները, որոնք կորցրել են իրենց վարելահողերը՝ նա պատասխանեց․ «Այն տարածքները, որտեղ այսօր գյուղացին չի կարող մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանա աջակցություն։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից որ առաջ է եկել»։
Նա ասաց, որ որոշ տեղերում ադրբեջանցիները հետ են գնացել. «Բայց չեմ կարող ասել, թե կոնկրետ որ տեղերից և քանի մետր»։
Ըստ մարզպետի՝ եթե անհրաժեշտ լինի, բնակիչները կզինվեն: Հարցին, թե կա՞ն բոլոր պայմանները զինվելու համար, մարզպետը պատսխանեց. «Դա ՊՆ-ին պետք է հարցնել, թե արդյոք ամեն ինչ կա: Ես, բնականաբար, չեմ կարող տիրապետել այդ ամբողջ տեղեկատվությանը»:
Մարզպետն ասաց՝ հիմա այն փուլն է, որ եթե ինչ-որ մեկը կարող է երկրին ինչ-որ տեղում օգտակար լինել, պետք է լինի՝ անկախ ամեն ինչից:
«Ես Սյունիքի մարզում եմ ու եթե մեկ վայրկյան ես մտածեմ, որ Սյունիքի մարզում բնակչությունը գտնում է, որ ես չեմ կարող իրենց օգնել, կամ ՕԳԳ-ս չի բավականացնում իրենց, մեկ վայրկյան չեմ մնա այդ պաշտոնում։
Վստահ եմ, որ Սյունիքի մարզում թե՛ համայնքների ղեկավարները, թե՛ բնակիչներն իմ աշխատանքը դրական են գնահատում։ Եթե ես տեսնեմ՝ չկա այդ վստահությունը, բնականաբար, մեկ վայրկյան չեմ մնա», - ասաց մարզպետը։
Ըստ Ղուկասյանի՝ Սյունիքի մարզից արտագաղթ չկա։ «Բոլորն ապրում են իրենց տներում, բոլորը պետք է ապրեն իրենց տներում և ես շնորհակալ եմ Սյունիքի բնակչությանը, որ այդ ամբողջը շատ լավ գիտակցում են, որ դա իրենց տունն է, իրենց հայրենիքն է, իրենք պետք է մնան, ծաղկեցնեն ու զարգացնեն»,-ասաց նա:
Մարզպետը նկատեց, որ Սյունիքը շատ ծանր փուլ է անցել, և շատ կարևոր էր բնակչության և բարոյահոգեբանական վիճակը, և ձեռք ձեռքի բռնելը. «Այս իմաստով Սյունիքը շատ լավ օրինակ ցույց տվեց: Անկախ ամեն ինչից կա նաև վերքաղաքական բան՝ լինել միասնական, ամուր և թույլ չտալ, որ մենք մեր թշնամիներին առիթ տանք ևս մեկ անգամ մեզ թիրախավորելու և իրենց նպատակին հասնելու»,- ընդգծեց Ռոբերտ Ղուկասյանը:
Անդրադառնալով Սյունիքի մարզում Իրանի հյուպատոսություն բացվելուն՝ ասաց․
«Ես մեծ հույս ունեմ, որ սա վերջին հյուպատոսարանը չի լինելու, որ բացվում է Սյունիքում»:
Դիտարկմանը, որ կա լավրովյան երկրորդ պլան և դրա համար են այնտեղ ռուսական հյուպատոսություն բացում, որ Մոսկվան աչք ունի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» վրա, ուզում է այն վերահսկել, Ռոբերտ Ղուկասյանը նշեց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց Սյունիքը եղել է, կա և կլինի հայկական: Դա մեր հայրենիքի անբաժանելի մասն է: Այսպես պետք է մտածի ցանկացած հայ և սա քննարկման ենթակա չէ:
Թե ով ինչ պլաններ ունի Սյունիքում, դա իրենց խնդիրն է, համենայնդեպս, մինչև այս պահը այդ պլանները չեն աշխատել և շատ լավ է, որ չեն աշխատել: Վստահ եմ, որ դեռ երկար ժամանակ չեն աշխատելու»: