Ցավոք Հայաստանի 1922 թ-ի բնակավայրերի ցանկում բացակայում են այսպես կոչված անկլավների անվանումները։ Այս մասին
Oragir․News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը։
«Այսինքն, 1922 թ-ին այդ գյուղերը պատկանել են Ադրբեջանին, քանի որ հայկական պաշտոնապես հրապարակված բնակավայրերի ցուցակում այդ բնակավայրերը չկան»։

Նա ընդգծեց, որ մինչ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը Քյարքին կամ Տիգրանաշենրը Հայաստանի տարածքում են եղել։
«Քյարքին մտնում էր Սարդարակի գյուղական համայնքի մեջ՝ Ասնի գյուղի հետ միասին, 1922 թ-ի Մոսկվայի պայմանագրով Քյարքին Սադարակի հետ միասին անցել է Ադրբեջանին։ Ինչպես հիմա, այնպես 20-ական թթ-ին ՀՀ ղեկավարները ավելորդ գլխացավանք չունենալու համար համաձայնել են այդ կարգավիճակին և Քյարնքին թողել Ադրբեջանի կազմի մեջ»։

Նա նաև ընդգծեց, որ 1920-ական թվականներին պարբերաբար սահմանների փոփոխություններ են եղել, 1920-ական թթ-ի վերջին 16 փոքր գյուղեր հանձնվել են Ադրբեջանին։
«1929թ-ին Նյուղաբին հանձնվեց Մեղրիին, դրանից հետո 16 գյուղեր, որոնք Կապանից արևելք էին՝ հանձնվեցին Ադրբեջանին։ Հետո Գյոլ լիճը հանձնվեց՝ Նոր Բայազեդի՝ Վարդենիսի տարաշարջանից։ Մինչև 1920 թ-ը 2 երկրների միջև չի եղել քարտեզ, սահմանները գծվել են 1921 թ-ին, այդ փաստաթուղթը ստորագրել է Մյասնիկյանը՝ Հայաստանից, Ադրբեջանի կողմից՝ Նարիմանովը։ Բայց այդ սահմանները 1920-30-ականն թթ-ին անընդհատ փոփոխվել են։ Հենց այդ տարիներին էր, որ Լեռնային Ղարաբաղը տրվեց Ադրբեջանին, նաև Գորիսից գյուղեր փոխանցվեցին»։

Նա ընդգծեց, որ այդ անկլավները հայկական կողմին անցան 1988-89 թթ-ին, նույն ժամանակահատվածում էր «Կալցո» օպերացիայի շրջանակներում Ադրբեջանին անցավ Արծվաշենը, որն այն ժամանակ շուրջ 3000 բնակիչ ուներ։
«Ոչ մի պաշտոնական փոխանցում չի եղել, բայց անցած 20-30 տարիների բանակցություններում ես երբեք տեղյակ չեմ եղել, որ այդ հարցը բարձրացվեր։ Միգուցե ներքին պայմանավորվածություն է եղել, որ Արծվաշենը անցել է Ադրբեջանին, իսկ Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը Հայաստանինն են այլևս։ Ես չգիտեմ որևէ փաստ, որ անկլավների մասին ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ թեմա առհասարակ եղել է»։
Հարցին, թե ինչու են ընտրվել 1975 թ-ի քարտեզները՝ նա պատասխանեց, որ այդ քարտեզները ժամանակին առաջինը հենց ինքն է բերել ՌԴ-ից։
«Դրանք ամենամանրամասն՝ մասշտաբով 1-ը 100 000-ի քարտեզներ են, այսինքն քատեզի վրա 1 սանտիմետրում ընդգրկված է 1 կմ տարածք։ Կարծում եմ, սա է պատճառը, որ ընտրվել է այդ քարտեզը։ Մինչ այդ չի եղել ավելի մանրամասն քարտեզ»։

Դիտարկմանը, թե եթե այդ քարտեզով սահմանագծում իրականացվի՝ կարելի է երաշխավորված ասել, որ Հայաստանը կունենա 29 800 քառակուսի կիլոմետրը, նա պատասխանեց, որ կասկածում է, որ Ադրբեջանն իր գրաված բարձունքներից կհեռանա։
«Բայց դրա համար պետք է նաև Արծվաշենը վերադարձվի, իսկ ես կասկածում եմ նաև, որ այնտեղ հայ երբևէ բնակվի, կասկածում եմ նաև, որ ադրբեջանցիները կգան բնակվելու այստեղ, բայց զորքեր կբերեն կտեղադրեն ու սահմանկետեր կդնեն»։