copy image url
Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 23:30 30-05-2023

Արցախը Հայաստա՞ն է, թե՞ Ադրբեջան. ինչու՞ է Փաշինյանը հակասում ինքն իրեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, որն ընդգրկում է նաև Լեռնային Ղարաբաղը և նախկին անկլավները։ Փաշինյանի այս հայտարարությունը դեռևս շարունակվում է ակտիվորեն քննարկվել և հասարակության զգալի մասին դժգոհությունն առաջացնել, քանի որ մարդիկ հիշում են դեռևս նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե բանակցությունների արդյունքում որևէ տարբերակ կլինի, որին ինքը հավանություն կտա, ապա միայն որևէ տարբերակով ժողովրդի հետ քննարկելուց հետո որոշում կկայացնի։ Առավել լավ հիշողություն ունեցողները հիշում են նաև 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Փաշինյանի հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որից հետո մեկնարկեց 44-օրյա պատերազմի հետհաշվարկը, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական ագրեսիան լեգիտիմացնում էր հիմնականում հենց այս հայտարարությամբ։

Փաստացի Հայաստանի վարչապետի կողմից նման հայտարարության հնչեցումը անարգանք է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ զոհվում կամ դաժան խոշտանգումների էին ենթարկվում, քանի որ հրաժարվում էին արտաբերել «Արցախն Ադրբեջան է» հայտնի արտահայտությունը։ Իսկ եթե վերջին պատերազմից երեք տարի չանցած Հայաստանի վարչապետը պետք է նույնաբովանդակ արտահայտություն հնչեցնի, ինչո՞ւ ժամանակին չէր հայտնում այդ մասին, երբ դեռ հանձնված չէր Արցախի 75%-ը, երբ դեռ հազարավոր զոհեր և հաշմանդամ դարձած զինծառայողներ չունեինք, և ինչպես Նիկոլ Փաշինյան էր ասում, այդ դեպքում կունենայինք նույն իրավիճակը՝ պարզապես առանց զոհերի։ Այս հարցի պատասխանը Հայաստանի վարչապետը մինչև օրս չի տվել, սակայն տարբեր փորձագետների և վերլուծաբանների համոզմամբ՝ դրա պատճառը մեկն է․ եթե Փաշինյանը նման բան հայտարարեր նախքան 44-օրյա պատերազմը կամ 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, ապա առաջին պարագայում կզրկվեր իշխանությունից, իսկ երկրորդի դեպքում՝ հաստատապես չէր վերընտրվի, քանի որ անգամ իրեն կուրորեն հավատացող քաղաքացիների մեծամասնության համար Արցախի ընդգրկումն Ադրբեջանի կազմում անընդունելի է։ Հիշեցնենք, որ Փաշինյանի քաղաքական ուժը իշխանության է եկել Շուշին և Հադրութը դեօկուպացնելու ծրագրով, սակայն ինչպես հետագայում խոստովանել է Փաշինյանը, իրեն ձայն տված շուրջ 680 քաղաքացիների մեծամասնությունը չի ընթերցել իր նախընտրական ծրագիրը։

Պատերազմում պարտություններ, տարածքային կորուստներ կրել են բազմաթիվ պետություններ և իշխանություններ, սակայն մեզ չհաջողվեց գտնել գեթ մեկ դեպք, երբ որևէ պետության ղեկավար պատերազմում կրած պարտությունից հետո նախկին հայտարարություններին ամբողջովին հակասող հայտարարություններ հնչեցրած կլինի։ Հայաստանի ներկայիս վարչապետին շատ հաճախ համեմատում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կամ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հետ, ում Փաշինյանը պարտությունից հետո կոչ էր անում լքել երկրի ղեկավարի պաշտոնը՝ վրաց հասարակությանը խայտառակությունից ազատելու համար, սակայն ինքը չի հետևում անգամ սեփական խորհրդին։ Սակայն հարկ ենք համարում նշել, որ անգամ հիշյալ գործիչները նման հայտարարություններով հանդես չեն եկել. Սաակաշվիլին պատերազմից հետո մշտապես հայտարարել է, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան Վրաստանի անբաժան մասն են կազմում և ցանկացած գնով պետք է հասնել դրանց դեօկուպացմանը, իսկ ինչ վերաբերում է Զելենսկուն, ապա Ուկրաինայում չնայած պատերազմը դեռևս շարունակվում է, սակայն վերջինս հրաժարվում է որևէ տարբերակով այն դադարեցնելու հնարավորությունից և նշում, որ պատերազմը կվերջանա բացառապես այն դեպքում, երբ ուկրաինական ուժերին հաջողվի ազատագրել երկրի ամբողջ տարածքը, այդ թվում՝ նաև Ղրիմը, որն Ուկրաինան կորցրել է նախքան իր պաշտոնավարումը և Փաշինյանի տրամաբանությամբ՝ «նախկիններն են հանձնել»։

Փաստացի շատ դեպքերում պարտություն կրած ղեկավարները եթե նույնիսկ չեն վերահաստատել նախկինում իրենց հնչեցրած հայտարարությունները, ապա գոնե լռել են և չեն հակասել սեփական տեսակետներին։ Միևնույն ժամանակ նկատենք, որ Փաշինյանի վերջին հայտարարությունը փաստում է, որ նա իսկապես դավաճանություն է գործել, քանի որ ամբողջովին հակասում է ինքն իրեն, երբ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, կամ Արցախի հարցում ցանկացած որոում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, սակայն ներկա իրավիճակում այն ընդունելի է բացառապես Ադրբեջանի ժողովրդի համար։

Հատկանշական է, որ եթե Փաշինյանը գոնե լռեր, նման հայտարարություն չհնչեցներ, վերջինիս հնարավոր չէր լինի ապացուցել, որ նա դավաճանություն է գործել։ Այդ պարագայում գոնե հնարավոր կլիներ իրավիճակը մեկնաբանել, որ նախապատերազմական իրավիճակում Հայաստանի վարչապետը չի կարողացել բոլոր իրողությունների մասին պատկերացում կազմել և նման հայտարարություն է հնչեցրել։ Արդյունքում բազմաթիվ քաղաքացիների շրջանում հարցեր են առաջանում՝ ի վերջո Արցախը Հայաստա՞ն է, թե՞ Ադրբեջան, ինչո՞ւ է Փաշինյանը հակասում ինքն իրեն, երբ էր Հայաստանի վարչապետը ստում՝ նախքա՞ն պատերազմը, պատերազմի՞ց հետո, թե՞ հիմա։ Մինչև այժմ որևէ մեկին չի հաջողվում բնակչությանն այս հարցերի վերաբերյալ հոդաբաշխ պատասխաններ ներկայացնել, որի հետևանքով էլ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է շարունակել իր պաշտոնավարումը և երկիրը կանգնեցնել նորանոր աղետների առաջ։